Մայիսի 9-ին Բեռլինի Կառսհոռստ շրջանի մշակույթի տան դահլիճում կայացավ Հայաստանից ժամանած <<Նաղաշ>> երգչախմբային համույթի անկրկնելի համերգը։ Համերգին ներկա էին ավելի քան 150 հանդիսատեսներ, այդ թվում Գերմանիայի խորհրդարանի պատգամավոր պարոն դր. Մարտին Պետցոլդը, Բեռլինի Լիխտենբերգ շրջանի պատգամավոր տիկին Ալինա Մարտիրոսյան-Պետցոլդը, Բեռլինի Լիխտենբերգ շրջանի մշակույթի վարչության ղեկավար տիկին դր. Կատրին Գոկշը և Գերմանիայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչ պարոն Դավիթ Գրիգորյանը։
ՀԵՄԱ հ/կ առաջին նախագահ պարոն Միքայել Մինասյանը, ողջունելով հյուրերին, ազդարարեց համերգի բացումը։ Այնուհետեև հյուրերին ողջույնի խոսք հղեց պարոն Դավիթ Գրիգորյանը, իսկ ներածական խոսքով հանդես եկավ Նաղաշ համույթի գեղարվեստական ղեկավար, ամերիկահայ կոմպոզիտոր Ջոն Հոդիանը։ Համույթը, որը կրում է միջնադարյան հայ բանաստեղծ և հոգևորական Մկրտիչ Նաղաշի անունը (15-րդ դար Քր. հետո), տիեզերական մեղեդիների և երգերի կատարումներով կարծես թե <<հոգևոր կապ>> էր հաստատում աստծո և ունկնդիրների միջև։ <<Միջնադարյան հայ հնչերգություն՝ նոր ստեղծված 21-րդ դարի համար>>, ահա այսպես է բնութագրում այս երգերը անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։
<<Նաղաշ>> անսամբլը կատարում է Ջոն Հոդիանի նորովի երաժշտական մշակումները, որոնք հենվում են Մկրտիչ Նաղաշի բանաստեղծությունների վրա։ Յուրաքանչյուր երգի կատարումից առաջ տիկին Բեթ Վիլիամսը գերմաներենի թարգմանությամբ ընթերցում էր տվյալ երգի բանաստեղծությունը, ապա վերջինիս հետևում էր դաշնամուրի, դհոլի, դուդուկի և ուդի նվագակցությամբ եռյակի՝ Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի, Տաթևիկ Մովսեսյանի և Արփի Պետրոսյանի, աստվածային ձայներանգներով երգի կատարումը։ Իսկ թե ինչպես այս ամենը սկսվեց, մեզ իրազեկում է Ջոն Հոդիանն անձամբ.
<<Նաղաշ>> անսամբլը ստեղծելու մտահաղացումն ունեցա այն ժամանակ, երբ Գառնու տաճարում ունկնդրում էի ԼՈԻՅՍ վոկալային հնգյակի կատարումները։ Նրանք երգում էին միջնադարյան հայ հոգևոր երգեր, իսկ նրանց գեղեցիկ ձայները, ձուլվելով Գառնու տաճարի զարմանահրաշ ակուստիկայի հետ, ինձ վրա գործեցին խորը ազդեցություն, որի տակ էի գտնվում օրեր շարունակ։ Ես որոշեցի գրել մի բան, ինչն այս հնչերգությունը կկարողանար նորովի օգտագործել։
Տևեց տարիներ, մինչև գտա համապատասխան տեքստը։ Ամիսներ շարունակ այն փնտրում էի Երևանի, Նյու Յորքի և Բեռլինի գրադարաններում։ Երբ վերջապես ուշ միջնադարյան բանաստեղծ Մկրտիչ Նաղաշի ստեղծագործություններից մի պատառիկ հայտնաբերեցի, նրա բառերը ուղիղ ներթափանցեցին հոգուս մեջ և ես արդեն գիտեի, որ գտա այն, ինչ փնտրում էի։ Քանի որ այդ ժամանակ գտնվում էի Երևանում, ապա կարողացա մնացած 17 բանաստեղծություններն էլ հայտնաբերել։ Երկար մտածելուց հետո, թե որ բանաստեղծություններն օգտագործեմ երաժշտությանս համար, որոշեցի բոլո 17-ն էլ մեղեդայնացնել։ չնայած բառերը փիլիսոփայական էին, սակայն դրանք Նաղաշի ժամանակներում ուղղված են եղել հասարակ մարդկանց, իսկ ես այսօր էլ դեռ դրանք համարում եմ այնքան կարևոր, որքան 15-րդ դարում էին։
Առանց որոշակի համույթ (բացի կանացի ձայնից) գլխումս ունենալու, թողեցի տեքստերը որոշեն, թե ինչպիսի երաժշտություն պետք է գրվեր նրանց համար։Գործիքներն ընտրվել են ինտուիտիվ կերպով։ Հետագայում սակայն պարզվեց, որ դրանք համապատասխանում են բառերին, քանի որ դրանք մի կողմից պարունակում են ձևական տարրեր (լարային քառյակ և դաշնամուր) , սակայն մյուս կողմից էլ հավասարակշռվում են հայկական ժողովրդական գործիքների՝ դհոլի, դուդուկի և ուդի, ներդաշնակ հնչեղությամբ։
2010թ-ին հիմնադրվեց Նաղաշ համույթը, որը պետք է կատարեր այս նորովի ստեղծագործված երաժշտությունը։Հայաստանի մի քանի լավագույն երգիչների և գործիքային կատարողների մասնակցությամբ 2012թ.-ի հոկտեմբերի 14.-ին անսամբլը իր դեբյուտն ունեցավ Երևանի Կոմիտասի անվան Կամերային համերգասրահում։ Չնայած այս համույթը նախանականում պետք է կատարեր միայն 4 վոկալային համարներ, որոնք ձայներիզված են սկավառակի վրա, սակայն մինչև ձայնագրությունները պատրաստվում էին, պլանավորեցի մնացած 14 կտորներն էլ մեղեդայնացնել։ Ահա այսպես դարձավ <<Նաղաշ>> համույթը տևական մի ձեռնարկ։
Որպես ամերիկահայ կոմպոզիտոր հետաքրքրված եմ կատարել այն աշխատանքները, որոնց արմատները ընկած են հայկական մշակույթի հիմքում, սակայն դրանից մի նոր բան արարել։ Ես հոռետես եմ կարծրատիպերի նկատմամբ և տրամաբանական չեմ համարում այն, որ երաժշտությունը կամ <<Նաղաշ>> համույթը կարելի է կատեգորիզացնել. ժողովրդական թե՞ դասական, ազգային թե՞ կոսմոպոլիտական, հին թե՞ նոր։ Ինձ համար, ով տանը հայկական երաժշտությամբ է մեծացել, դպրոցում սովորել է եվրոպական դասական երաժշտություն և ամենուր շրջապատված է ժամանակակից երաժշտության բոլոր ձևերով, այն թվում է մարդու կողմից արարված բնական մի ստեղծագործություն>>։
-Ջոն Հոդիան-
ՏԵՍԱԴԱՐԱՆ
https://www.youtube.com/watch?v=9Rr5H4VAA0s (Ջոն Հոդիանը և <<Նաղաշ>> համույթը)
https://www.youtube.com/watch?v=J-cCeqpnsqM (Երգ "Նաղաշի ասացեալ է վասն ղարիպացն")
https://www.youtube.com/watch?v=zwVg-PiHT_Q (Դր. Մարտին Պետցոլդ)