2015թ.-ի մայիսի 3-ին Գերմանա-Հայկական Մշակույթային Օրերի տոնական բացումով բեռլինահայերի մոտ հիմք դրվեց մի լավ ավանդույթի: Տոնակատարությանը ներկա էին քաղաքականությունից, տնտեսությունից, մշակույթից ու հանրությունից բարձր ներկայացուցիչներ եւ բազմաթիվ հյուրեր: Բացումը սկսվեց «Կոչ միասնության» երգի պրեմիերայի եռյակի՝ տ.-ն Սրբուհի Մարտիրոսյանի եւ պարոնայք Արտակ Կիրակոսյանի ու Ասատուր Բալջյանի կատարմամբ: Ապա հետեւեց երգեհոնահար Մաթիաս Էլգերի կատարումը:
Այնուհետեւ բանախոսություններով հանդես եկան Գերմանական Բունդեսթագի պատգամավոր պ.-ն դր. Մարտին Պետցոլդը, ՀԵՄԱ հ/կ Առաջին Նախագահ Միքայել Մինասյանը, ում ողջույնի խոսքը ստորեւ ներկայացնում ենք Ձեր ընթերցանությանը, եւ Պաուլ Գերհարդի անվան Ավետարանական Եկեղեցու գերապատվելի տիկին Սափնա Յոշին: Երաժշտական ձեւավորման շրջանակներում մենակատարումներով ելույթներ ունեցան օպերայի երգիչներ պարոն Արտակ Կիրակոսյանը, տիկնայք Անժելա Ամիրյանը եւ Արփինե Օհանյանը: Միջոցառման գագաթնակետը կազմեց Բեռլինի Հայ Առաքելական Եկեղեցու քահանա Տեր-Գնել Գաբրիելյանի եւ Ավետարանական Եկեղեցու Պատվելի տիկին Սափնա Յոշիի համատեղ էկումենիկ աղոթքը՝ նվիրված 1915թ.-ի Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Ապա միջոցառումը տեղափոխվեց բաց երկնքի տակ՝ «Ամենափրկիչ» եկեղեցուն կից պուրակ, որտեղ խորովածի սեղանի շուրջ բարձր տրամադրությամբ մինչեւ ուշ երեկո շարունակվեց տոնակատարության խնջույքը:
Հարգարժան պարոն դր. Մարտին Պետցոլդ,
Բեռլինի Լիխտենբերգ շրջանի Ավետարանական Եկեղեցու գերապատվելի տիկին Սափնա Յոշի,
Բեռլինի Հայ Համայնքի քահանա գերաշնորհ հայր Տեր Գնել Գաբրիելյան,
Բեռլինի Լիխտենբերգ շրջանի պատգամավոր հարգարժան տիկին Ալինա Պետցոլդ-Մարտիրոսյան,
հարգարժան տիկնայք եւ պարոնայք,
սիրելի հյուրեր,
Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակումը ամբողջ աշխարհում, իսկ մեր պարագայում այստեղ՝ Գերմանիայում գերմանացիների եւ հայերի համատեղ ջանքերով, չէր կարող չունենալ իր ազդեցությունը անկեղծ հողի վրա բարեկամության եւ փոխադարձ համակրանքի խորացման համար: Այլեւս գերմանա-հայկական կապերի ամրությունը հենվում է երկու ժողովուրդների արժեքների ընդհանրությունների վրա, արժեքներ, որոնք ունեն քրիստոնեական հավատքի ակունքներ, արժեքներ, որոնց բաղադրիչներն, ի թիվս այլ եվրոպական ժողովուրդների ներդրած ավանդների, հիմք են կազմում ամբողջ արեւմտյան քաղաքակրթության արժեհամակարգի:
Իսկ ի՞նչն է այդ արժեհամակարգում ժողովուրդների միջեւ այն կապող օղակը, որը նաեւ շարժիչ ուժ է հանդիսանում առօրյա փոխգործակցության համար: Իհարկե' մշակույթը: Մշակույթը ժողովուրդների ձեռք բերած համընդհանուր հարստություն է: Մշակույթի ոլորտում փորձի փոխանակումն ի հայտ է բերում ընդհանրություններ։ Այս իմաստով Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիան ողջունում է բոլորին Բեռլինի Գերմանա-Հայկական Մշակույթային Օրեր հանդիսավոր բացմանը ու ասում. <<Բարի' գալուստ ՀԵՄԱ, բարի' գալուստ գերմանական եւ հայկական մշակույթային աշխարհ>>։ ՈԻրախ ենք Ձեզ ողջունելու <<Ամենափրկչի>> եկեղեցում: Թույլ տվեք մի կարճ ակնարկով անդրադառնալ Բեռլինում Գերմանա-Հայկական Մշակույթային Օրեր կազմակերպելու մտահաղացմանը, նրա ծնունդի իրականացման դրդապատճառներին եւ այս օրերի շրջանակում նախատեսված ծրագրի միջոցառումներին:
Հայ եւ Եվրոպացի Մասնագետների Ասոցիացիան, կրճատ՝ ՀԵՄԱ-ն, ստեղծված էր Գերմանիայում, Եվրոպայում, ՀՀ-ում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մասնագիտական ներուժը համախմբելու եւ բարձր մակարդակով այն ներդնելու բազմաբնույթ ծրագրերի իրականացման համար: Այո', ՀԵՄԱ-ն երիտասարդ կառույց է, սակայն այն այս կարճ ժամանակահատվածում կարողացավ իր ծրագրերի շուրջ համախմբել բազմաթիվ գերմանահայ մասնագետների, ստեղծեց համագործակցության լավագույն հարթակ նաեւ հայկական եւ գերմանական այնպիսի կառույցների հետ, ինչպիսին են Հայ Առաքելական Եկեղեցու Գերմանիայի Թեմի Առաջնորդարանը՝ հանձինս թեմի առաջնորդ Սրբազան Հայր Գարեգին Բեկչյանի, Հալլե քաղաքի ՄԵՍՐՈՊ հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնը՝ հանձինս պրոֆ. դր. Արմենուհի Դրոստ Ապգարյանի, Ավետարանական Պաուլ Գերհարդի անվան եկեղեցական համայնքը՝ հանձինս տիկին Սափնա Յոշիի եւ Պիյարսկու անվան Էկոնոմիկայի եւ Լեզվի ինտեգրացիոն դպրոցը՝ հանձինս նրա տնօրեն պարոն դր. Հելմուտ Զուհրի: Մեր միությունը սերտ կապերի մեջ է գտնվում նաեւ Բեռլինի Եկեղեցական եւ Մշակույթային Հայ Համայնքի՝ հանձինս ատենապետուհի տիկին Սոնա Այպպերի եւ Բեռլինի Հայ Համայնքի՝ հանձինս նրա ատենապետ պարոն Վարդգես Ալյանակի հետ: Հատկապես Բեռլինի Եկեղեցական եւ Մշակույթային Հայ համայնքի հետ դպրոցաշինության եւ Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում կազմակերպվող միջոցառումների կապակցությամբ արդեն իսկ գտնվել են համագործակցության բազմաթիվ եւ բազմաբնույթ առիթներ: ՀԵՄԱ հանրային կազմակերպությունը իր գոյության արդեն 3-րդ տարում վերոնշյալ համագործակցության եւ սեփական անդամների ներդրած արհեստավարժ ջանքերի շնորհիվ վերաճեց եւ դարձավ մի համախմբված միասնություն, որն այսօր շատերը բնորոշում են որպես Արեւելյան Բեռլինահայերի համայնք: Թույլ տվեք երախտիքիս խոսքն հայտնել բոլոր նրանց, ովքեր սատարեցին մեզ մեր բռնած այս գործին:
Հարկավ, այս համատեղ ջանքերը չէին կարող պտուղներ չտալ: Ահա այս դինամիկ զարգացմամբ ծագեց մշակույթային համատեղ օրեր կազմակերպելու եւ մեր անցած այս կարճատեւ, բայց եւ ինտենսիվ ուղին ամփոփելով իմաստավորելու միտքը: Այսօր եւ այստեղ մենք քաղում ենք այդ պտուղները:
Այսօրվա տոնական բացումը կատարվում է Գերմանական Բունդեսթագի պատգամավոր դր. Մարտին Պետցոլդի (ՔԺՄ) և Բեռլինի Լիխտենբերգ շրջանի քաղաքի մշակույթի գծով խորհրդական տիկին Կերստին Բոյերիխի (ՍԺԿ) հովանու ներքո։ Խնդրում եմ ծափահարել մեր հովանավորներին:
Հանդիսավոր այս բացումը կմերկնարկվի տոնական բանախոսություններով, երգեհոնի նվագակցությամբ, օպերային երգի մենակատարումներով և էկումենիկ համատեղ աղոթքի ընթերցմամբ։
Ապա մշակույթային հանդիսավոր օրերը կշարունակվեն Բեռլինի Կառլսհոռստ շրջանի Մշակույթի Տան պատկերասրահում ժամանակակից հայ աբստրակտ գեղանկարչության գործերի նմուշային ցուցահանդեսի բացմամբ։ Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 26-ը։ Այցելության ժամերն են. երեքշաբթի-շաբաթ ժամը՝11-19-ը և կիրակի՝ ժամը՝ 14-18-ը։
Միջնադարյան հայ մեղեդիները 21-րդ դարի համար նորովի ստեղծագործված՝ շաբաթ երեկոյան ներկայացնում է <<Նաղաշ>> երգչախումբը, որը կկատարի ամերիկահայ մեր հայրենակից Ջոն Հոդյանի նորովի երաժշտական մշակումները, որոնք հենվում են հայ միջնադարյան քնարերգության կարկառուն ներկայացուցիչ, բանաստեղծ և հոգևորական Մկրտիչ Նաղաշի ստեղծագործությունների վրա։
Փոքրիկ հյուրերի համար կիրակի օրը առաջարկվում է մի ծրագիր, որին կարող են ակտիվորեն մասնակցել բոլոր հանդիսատեսները։ Երկուշաբթի օրը ծրագիրն ամբողջապես կեզրափակվի գեղանկարչության ցուցահանդեսի կազմակերպիչ բեռլինաբնակ հայ արվեստագետ Արչի Կալենցի <<Հայ աբստրակտ գեղարվեստի արդի զարգացումները>> թեմայով դասախոսությամբ։
Վերոհիշյալ միջոցառումներին զուգահեռ յուրաքանչյուր այցելու հնարավորություն կստանա գնելու և ըմբոշխնելու հայկական ճաշատեսակներ, որը կմատուցի Բեռլինի Գերմանա-հայկական Մշակույթային Օրերի պաշտոնական գործընկեր Ռեստորան Երեւանը՝ հանձինս նրա տնօրեն պարոն Աշոտ Մանուկյանի։ Ցանկանում եմ իմ սրտագին շնորհակալությունս հայտնել Բեռլինի Լիխտենբերգ շրջանի քաղաքապետուհի տիկին Բիրգիտ Մոնտայրոյի մշակույթային այս օրերին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար: Չենք մոռանում երախտիքի մեր խոսքն ասել նաեւ Բեռլինի Լիխտենբերգ շրջանի շրջանային պետական ծառայության մշակույթի բաժնի ղեկավար տիկին դր. Կատրին Գոկշին՝ գովեստի խոսքեր հղելով մշակույթային այս օրերի աջակցման անձնուրաց իր աշխատանքին:
Վերջում թույլ տվեք նաեւ շնորհակալան իմ խոսքն ուղղել մեր թիմակիցներին, արվեստագետներին եւ բոլոր նրանց, ովքեր սատարում են այսօր մեզ այս հանիսավոր մշակույթային օրերին:
Շնորհակալություն...
ՏԵՍԱՇԱՐ
https://www.youtube.com/watch?v=mf8zNOIj44M (Դր. Մարտին Պետցոլդ)
https://www.youtube.com/watch?v=UnekKxyItv4 (Սոպրան Արփինե Օգանյան)
https://www.youtube.com/watch?v=ciyExhQ3mlM (Պատվելի Սապնա Յոշի)
https://www.youtube.com/watch?v=xJZJG-YwiTw (Սոպրան Անժելա Ամիրյան)
https://www.youtube.com/watch?v=M80K_m86zUY (Տենոր Արտակ Կիրակոսյան)
https://www.youtube.com/watch?v=YGLkRDLqn8Y (Խոհանոցային վայելքներ)
https://www.youtube.com/watch?v=3tbr5RSavmI (Միջեկեղեցական աղոթք, մաս 1)
https://www.youtube.com/watch?v=XJqCznqVfoo (Միջեկեղեց. աղոթք, մ. 2)