IMG-LOGO

Բանախոսության երեկո <<Փաստաթղթերի և ականատեսների վկայությունների հիման վրա 21-րդ դարում ցեղասպանության հանցագործությունների կանխարգելիչ միջոցառումներ>> թեմայով

12-11-2015
IMG

2015թ.-ի Բեռլինի Գերմանա-Հայկական Մշակութային Օրերի շրջանակում կազմակերպված միջոցառումներն ավարտվեցին Նոյեմբերի 2-ին «Փաստերի և ականատեսների վկայությունների հիման վրա 21-րդ դարում ցեղասպանական հանցանքների կանխարգելիչ միջոցառումներ» թեմայով բանախոսական երեկոյի անցկացմամբ, որը կազմակերպվել էր Բեռլինի Եկեղեցական և Մշակութային Հայ Համայնքի հետ համագործակցությամբ Շառլոտտենբուրգ-Վիլմերսդորֆ շրջանի խորհրդատան հանդիսավոր նիստերի դահլիճում։ Այս երեկոն արմատապես իմաստավորեց մշակութային օրերը Հայոց Ցեղասպանության 100 տարելիցի շրջանակում։ Երեկոյին հրավիրված հյուր-բանախոսներն էին ՀՀ Գիտությունների Ակադեմիայի Ակադեմիկոս, ՀՀ պատմության ինստիտուտի տնօրեն պարոն Աշոտ Մելքոնյանը, Արցախյան ազատամարտի ներկայացուցիչ, ՀՀ Զինված ՈԻժերի խաղաղապահ զորագնդի հրամանատար՝ գեներալ-մայոր պարոն Արթուր Սիմոնյանը և հաղորդավար տիկին դր. Անեմարի Բրաունը։ Երեկոն սկսվեց «Կոչ միասնության» երգի (խոսքը և երաժշտությունը՝ Սրբուհի Մարտիրոսյանի) տեսահոլովակի պրեմիերայով։ ՀԵՄԱ հ/կ Վարչությունը շնորհակալություն է հայտնում ԳԴՀ Արտաքին Գործերի Գերատեսչությանը՝ ի թիվս մնացյալի, «Կոչ միասնության» երգի տեսահոլովակի ձայնագրության և տեսագրման ծախսերը ստանձնելու համար: Տեսագրությունը կատարվել է ստուդիայում և Բեռլինի տարբեր վայրերում: Վերոնշյալ երգի բովանդակությունը ներկայացնում է հայ նորագույն պատմության ակնարկային ընթացքը և ավարտվում խոհական այն մտքով, որ միայն միասնությամբ և ուժերի համախմբմամբ է հնարավոր դժվար իրավիճակներից ելք գտնել: Այս տեսագրությունը հանդիսանաում է Գերմանա-Հայկական Մշակութային Օրերի ուղենիշը և վերջինիս պատկերացումային խորհրդանիշը:  

 

Երեկոն բացեց Գերմանիայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչ պարոն Դավիթ Գրիգորյանը՝ իր ողջույնի խոսքն ուղղելով մեծապատիվ հյուրերին և ներկաներին։ Երեկոյի երաժշտական ձևավորումը ստանձնել էր օպերայի մենակատար, տենոր Արտակ Կիրակոսյանը։ Երեկոյի գլխավոր բանախոս Ակադեմիկոս պարոն Աշոտ Մելքոնյանը մինչ բանախոսելը ներկայացրեց փաստագրական մի տեսանյութ, թե ինչպես են նա և իր խմբակիցները բարձրանում Արարատ լեռը, այնտեղ տեղադրում հայկական դրոշը և երգում հայրենասիրական երգեր։ Հանդիսատեսն այդ վավերագրական տեսանյութում ապրեց բազմաթիվ հուզիչ պահեր։  

Բանախոսությունը վարող տիկին Բրաունի ներածական խոսքից հետո Ակադեմիկոս Մելքոնյանը սկսեց դասախոսել «Փաստերի և ականատեսների վկայությունների հիման վրա 21-րդ դարում ցեղասպանական հանցանքների կանխարգելիչ միջոցառումներ» թեմայով, որի բովանդակությունը համառոտ անոտացիայով ներկայացնում ենք ստորև, իսկ նրա ամբողջական տեսանյութը՝ հղմամբ դեպի  YouTube, տեղադրել ենք ներքոնշյալ մեր տեսադարանում։  

<<...Շուրջ հարյուր տարի հայ ժողովուրդը ստիպված է եղել պայքար մղելու ինչպես թուրքական ժխտողականության, այնպես էլ հատուցման հասնելու համար։ Մինչև այժմ տպագրվել է ահռելի քանակությամբ գիտական, արխիվային, հուշագրային, փաստագրական գրականություն ինչպես հայ, այնպես էլ օտարազգի հեղինակների կողմից։ Այդ ամենի շնորհիվ վերջին տարիներին համաշխարհային հանրության ավելի ու ավելի լայն շրջանակներ իրազեկվել են Հայոց Ցեղասպանության մասին, հանգամանք, որը կարևոր կռվան է ճանաչման ու հատուցման հասնելու և այդօրինակ հանցագործւթյունները կանխարգելելու, երկիր մոլորակն ավելի անվտանգ դարձնելու հարցում։ Այդուհանդերձ, այսօր Հայոց Ցեղասպանության շուրջ դեռ մնում են բազմաթիվ չլուծված խնդիրներ։ Համաշխարհային հանրությունը դեռ չի դատապարտել 1988-1994 թ.թ.-ի ղարաբաղյան շարժման ու պատերազմի տարիներին ադրբեջանական իշխանությունների կողմից Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում, Գետաշենի ենթաշրջանում, Շահումյանի շրջանում, Լեռնային Ղարաբաղի բնակավայրերում իրականացրած ցեղասպանական գործողությունները, որոնք ապացուցվում են բազմաթիվ հայ ու օտարազգի ականատեսների վկայություններով։ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է մնալ շրջափակված Թուրքիայի և Ադրբեջանի կողմից. հայության ֆիզիկական բնաջնջման վտանգը դեռ չի վերացել։ Հատկապես օրեցօր սրվում է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ։ Ադրբեջանը ոչ միայն պատրաստ չի ճանաչելու Արցախի հայության ինքնորոշման իրավունքն, այլև ավելի ու ավելի է հակվում խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու իր ավանդական մեթոդներին։ Ուստի Արցախում և հայկական այլ տարածքներում առաջիկայում ցեղասպանական նոր քայլերը կանխելու համար կենսական անհրաժեշտություն է խնդրի շուրջ համաշխարհային հանրությանն իրազեկումը, միջազգային ջանքերի օգտագործումը և Արցախի հայության ազատ ապրելու իրավունքի հարգումը...>>։ ՀՀ Գիտությունների Ակադեմիայի Ակադեմիկոս Աշոտ Մելքոնյան Բանախոսություն  

 

Ընդմիջման ընթացքում ունկնդիրները հնարավորություն ունեցան ֆուրշետի շուրջ ծանոթանալու հյուր-բանախոսի հետ և թեթև մթնոլորտում վերջինիս հարցեր ուղղել այս թեմայի շուրջ։ Ընդմիջումից հետո ՀՀ ԶՈԻ խաղաղապահ զորքերի հրամանատար՝ գեներալ-մայոր պարոն Արթուր Սիմոնյանը զեկուցեց հայ խաղաղապահների տարբեր երկրներում ծավալած առաքելության մասին, հատկապես շեշտեց Աֆղանստանում գերմանական Բունդեսվեհրի հետ համագործակցության շրջանակներում հայ խաղաղապահների դերը։ Վերջիններիս առաջադրանքների մեջ են մտնում առաքելության երկրներում ինչպես ենթակառույցների հսկումն ու վերականգնումը, այնպես էլ կայունության երաշխավորումն ու տեղի ազգաբնակչության անվտանգության ապահովումը, ինչը պետք է հասկանալ ցեղասպանական կանխարգելիչ միջոցառումների համատեքստում, ներկայացրեց պարոն Գեներալը։ Նա նաև նշեց տվյալ երկրում տեղակայված տարբեր երկրների խաղաղպահների միջև մշակույթային փորձի փոխանակման կարևորությունը։ Մշակույթի օգնությամբ հնարավոր է ավելի հեշտ հասկանալ միմյանց, այսպես օրինակ՝ Կոսովոյում մեր խաղաղապահ զինվորների կատարմամբ Բերդ պարի ներկայացումից հետո այլ ազգության շատ զինընկերներ սկսել էին ավելի աշխույժ հետաքրքրություն ցուցաբերել Հայաստան երկրի և նրա ավանդույթների նկատմամբ։ Այս մասին ավելին կգտնեք մեր ներքոտեղադրյալ տեսադարանում։  

 

Այնուհետև երեկոն վարող տիկին Անեմարի Բրաունը՝ օգտվելով միջանկյալ ազատ ժամանակից, մասնակիցների հետ իր տպավորությունները կիսեց դեպի Հայաստան 7 անգամ և դրանցից դեպի Արցախ 5 անգամ կատարած իր ճանապարհորդությունների մասին։ Նա այնպես էր ճանապարհորդություններով տարվել, որ սեփական ոգևորությամբ <<վարակել>> էր իր Նյու Յորքում ուսանող երկու դուստրերին, իսկ վերջիններս էլ այդուհետ տևականորեն ցանկացել են իրենց արձակուրդներն անցկացնել Արցախում։

Տիկին Բրաունի ելույթից հետո ՀԵՄԱ հ/կ Առաջին Նախագահ պարոն Միքայել Մինասյանը ամփոփեց 2015թ.-ի  Բեռլինի Գերմանա-Հայկական Մշակութային Օրերի միջոցառումների արդյունքները և իր երախտագիտության խոսքն ասաց այդ միջոցառումների հովանավորներին, աջակիցներին, այցելուներին և հատկապես այդ օրվա միջոցառման գործընկերոջը՝ Բեռլինի Եկեղեցական և Մշակութային Հայ Համայնքին և Շառլոտտենբուրգ/Վիլմերսդորֆ շրջանի խորհրդատանը՝ հանդիսությունների դահլիճը բանախոսության երեկոյի անցկացման նպատակով տրամադրելու համար։ Ապա նա անակնկալ հուշանվերներ մատուցելով հյուրերին՝ հրաժեշտ տվեց բոլորին։    

 

ՏԵՍԱԴԱՐԱՆ  

https://www.youtube.com/watch?v=5PwxiwKHsj4 (Տենոր Արտակ Կիրակոսյան՝ <<Հայրենիքիս հետ>>)

https://www.youtube.com/watch?v=jUiz_rymV40 (1-ին մաս, պրոֆ. Աշոտ Մելքոնյանի բանախոսություն)

https://www.youtube.com/watch?v=D7tNCIjsYmo (2-րդ մաս, պրոֆ. Աշոտ Մելքոնյանի բանախոսություն )

https://www.youtube.com/watch?v=mh4RRKIUr1g (3-րդ մաս, պրոֆ. Աշոտ Մելքոնյանի բանախոսություն )

https://www.youtube.com/watch?v=y70EZIrX0FU (4-րդ մաս, պրոֆ. Աշոտ Մելքոնյանի բանախոսություն )

https://www.youtube.com/watch?v=AF421M6DdXM (Տենոր Արտակ Կիրակոսյան՝ <<Ինչպես արծիվ>>)

https://www.youtube.com/watch?v=FpwoTU4b6Rk (Գեներալ Արթուր Սիմոնյան, Հայ խաղաղապահների առաքելությունը)

https://www.youtube.com/watch?v=C1899j72siU (Երեկոյի հաղորդավար տիկին Անեմարի Բրաունի խոսքը)

 https://www.youtube.com/watch?v=fAhkX7uPfLY&feature=youtu.be (Մշակութային օրերի ամփոփում, Միքայել Մինասյան/ ՀԵՄԱ հ/կ)  


Տեսադարան