IMG-LOGO

Դարեր ի վեր...

15-08-2016
IMG

Բեռլինի Գերմանա-Հայկական Մշակույթային օրերի վերջին օրը՝ 03.07.2016թ.-ն, ուներ երկու կիզակետեր. <<Կյանքի չորս ուղիներ: Հայկական ավանդույթի արվեստագետ երկու զույգեր>> խորագրով գեղարվեստի ցուցահանդեսը և <<Նաղաշ>> համույթի համերգը: Այս երկու միջոցառումներն էլ հովանավորվելով Բեռլինի Լիխտենբերգ շրջանի պետական ծառայության, Կարլսհորստ շրջանի մշակույթի տան, ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության մշակույթի բաժնի,  Արցախի ներկայացուցչության, Բեռլինի Վեդդինգ շրջանում գործող InteriorDAsein պատկերասրահի և ռեստորան Երևանի կոմից՝ կազմակերպել էր Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա Հ/Կ-ն (ՀԵՄԱ) Բեռլինի Կարլսհորստ շրջանի մշակույթի տանը: Միջոցառման գլխավոր հովանավորներն էին Գերմանական Բունդեսթագի պատգամավոր դր. Մարտին Պետցոլդը և Բեռլինի Լիխտենբերգ շրջանի մշակույթի պատասխանատու տիկին Կերսին Բոյերիխը: Այս միջոցառումների շուրջ իր խոհերն է մեզ հետ կիսում բեռլինաբնակ հայ արվեստին քաջածանոթ տիկին Պիա Պոլակը:

 

 ------------------

Մարիամ Ասլամազյան, Նիկոլայ Նիկողոսյան, Հարություն Կալենց և Արմինե Կալենց արվեստագետների, ովքեր ծնվել են 1907 և 1920 թվականների միջանկյալ ժամանակահատվածում, կյանքի ուղիները իրենց դրոշմը դրեցին 20-րդ դարի հայ կերպարվեստի վրա: Իսկ Մկրտիչ Նաղաշը, որի անունն էլ կրում է վերոհիշյալ համույթը, 15-րդ դարի բանաստեղծ և մանրանկարիչ է, ով ապրել և ստեղծագործել է Օսմանյան կայսրությունում:  

Ոչ միայն պատկերասրահի և համերգասրահի տարածքների միմյանց մոտ գտնվելն էր, որ այս երկու միջոցառումները կապում էր միմյանց հետ, այլև թեմատիկ այն շրջադարձն էր, որը հաղթահարեց ոչ միայն արվեստի ճյուղերի և միմյանցից դարերի հեռավորության տարբերությունները, այլև իր մեջ ներառեց հայկական արվեստի նոր տարածքներ: Երկու դեպքում էլ թեմատիկ բովանդակության առանցքում էր ընկած <<ղարիբ>>՝ օտարական հասկացությունը: Հակառակ ավանդական և իմաստային ավելի մոտ տեսակետի՝ օտարականին չպետք է անմիջապես կամ մշտապես հավամեմատել և հավասարեցնել օտար <<երկրի>> հետ:

<<Հայրենիքը>> կարող է, ինչպես դա Նաղաշի մոտ է երևում, ով վաղաժամ կորցրել էր իր կնոջը, նաև նշանակել ընտանիք, օջախ, իսկ իր՝ որպես քրիստոնեայի համար, նաև անդրաշխարհ: Ըստ նրա՝ նա օտարական է այս աշխարհում, ինչպես և բոլոր մյուս մարդիկ:  

Այս չորս արվեստագետների գեղանկարները և Ֆիլադելֆիայում ծնված ու Նյու Յորքում մեծացած ամերիկահայ կոմպոզիտոր Ջոն Հոդիանի մեղեդային ստեղծագործությունները ցույց են տալիս, թե օտարությունն ինչպես կարող է լինել  արվեստագիտորեն այլակերպ, ինչի նկատմամբ կարելի է դրսևորել այս կամ այն վերաբերմունքը: Նաղաշի տեքստերի հիմքի վրա Հոդիանի երաժշտական մեկնությունները լսելը և արվեստագետ երկու այս զույգերի գունագեղային առկայությամբ ստեղծագործած ֆորմալիզմը դիտելը  ցույց են տալիս, թե ինչպես պետք է օտարության հետ վարվել. այն մերժել կամ ընդունել կամ կերպարանափոխել:  

Հարկավ, մեր ժամանակի մարդկանց մեծամասնության համար ետմիջնադարյան, թերևս նաև նոր ժամանակաշրջանից առաջ գրված տեքստերը, ինչպիսիք են Նաղաշինը, խորթ են, իսկ այդ տեքստերի համար առաջին հայացքից հավասարահունչ ընտրված տոնայնությունը երգերին շնորհում է համապատասխան երաժշտական մի լեզու, որն այլ կերպ է հնչում քան ժամանակակիցը:  

Իսկ դրան զուգահեռ մաքուր առարկայական կերպարվեստի ջատագովներին վերոհիշյալ արվեստագետների ցուցադրած գործերը թվում են խորթ և օտարոտի: Եվ հենց այս լայն ըմբռնումով է, որ <<օտարը>> և <<օտարությունը>> հանդիսանում են թարմության և նորի ակունք, որի դեպքում նույնիսկ ծանոթ բանը թվում է որպես օտարոտի:  

Մարիամ Ասլամազյանի, Նիկոլայ Նիկողոսյանի, Հարություն Կալենցի և Արմինե Կալենցի կենսուղիներն ու գործերը, ինչպես նաև  Ջոն Հոդիանի ստեղծագործած երաժշտությունը կարծեցյալ ծանոթն ու հարազատը <<օտարի>> հետ են համակցել և այդպիսով նորովի լուսավորել արվեստի հայկական տարածքները: 2016թ.-ի Բեռլինի Գերմանա-Հայկական Մշակույթային օրերն այս առումով իրենց ավանդը բերեցին հայ արվեստին և հանրությանը:    

 

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ.

 

https://www.youtube.com/watch?v=sOerXJMk_Ys (Ողջույնի խոսք՝ Միքայել Մինասյան)

https://www.youtube.com/watch?v=TIZFLViIvu0 (Բացման խոսք. դր. Մարտին Պետցոլդ, գերմ. Բունդեսթագի պատգամավոր)

https://www.youtube.com/watch?v=tnC5JOTiHFw (Ողջույնի խոսք. դր.՝ Կատրին Գոկշ, Բեռլինի Լիխտենբերգ շրջանի մշակույթի վարչության պետ)

https://www.youtube.com/watch?v=9CxqOe2HSd8 (Երգ. «Այս աշխարհը իրականում հավատք չունի»)

https://www.youtube.com/watch?v=ewxKWoZJzDo (Գեղ. ղեկավար Ջոհն Հոդիանը ներկայացնում է Նաղաշ համույթը)

https://www.youtube.com/watch?v=4MjQ5o13M3k (Փակման երգ. «Ուրախություն»)  

Տեսադարան