IMG-LOGO

Արցախի բնակչության պաշտպանությանն ուղղված խաղաղության մեծ ցույց

29-09-2020
IMG

Սեպտեմբերի 30-ին Բեռլինի Դաշնային կանցլերամտի շենքի դիմաց տեղի ունեցավ բողոքի մեծ ցույց, որը կազմակերպվել էր Գերմանիայում Հայ Առաքելական Եկեղեցու Թեմի և Գերմանահայոց կենտրոնական խորհրդի (ԳՀԿԽ) և հովանավորվել  Հայ և Եվրոպացի Մասնագետների Ասոցիացիայի (ՀԵՄԱ) և Բեռլինի Հայ Եկեղեցու կողմից։

Ավելի քան 700 մասնակիցներ, ովքեր ավտոբուսով Բեռլին էին ժամանել Գերմանիայի բոլոր դաշնային նահանգներից, իրենց մտահոգությունն էին հայտնում Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների վերսկսմամբ:

Ցույցը մեկնարկեց Գերմանիայի հինգ համայնքներ ներկայացնող քահանաների համընդհանուր աղոթքով և հոգևոր երգեցողությամբ։ Ներածական խոսքով հանդես եկավ Վարդապետ Հայր Եղիշե Ավետիսյանը։

Գերմանիայում Հայ Առաքելական Եկեղեցու Թեմը և Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը պատրաստել էին համատեղ պահանջագիր, որն ուղարկվեց Դաշնային կանցլեր դոկտ. Անգելա Մերկելին։ Այս փաստաթուղթը և ՀԵՄԱ հ/կ պատվավոր անդամ  պրոֆ. Մարտին Պետցոլդի (2013-2017թթ. Բունդեսթագի անդամ)  կողմից պատրաստված մեկ այլ նամակ բարձրաձայն ընթերցվեցին ներկաների համար և փակ ծրարով հանձնվեցին անվտանգության մարմիններին, որոնք դրանք պետք է փոխանցեին Դաշնային կանցլերին։

ՀԵՄԱ հ/կ նախագահ պրն. Միքայել Մինասյանը բարձրաձայն ընթերցեց նաև Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետության ներկայացուցիչ պարոն Հարություն Գրիգորյանի՝ ցուցարարներին ուղղված խոսքը: Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամն իր ողջույնի խոսքը և համերաշխությունը հայտնեց ցուցարարներին: Այնուհետև ելույթով հանդես եկան հայկական տարբեր համայնքների և կազմակերպությունների  ներկայացուցիչներ և ներկայացրեցին իրենց դիրքորոշումը Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին բռնկված պատերազմի վերաբերյալ:

Հայերին իրենց աջակցությունը հայտնելու էին եկել նաև Սիրիայի քրդական համայնքի և եզդի համայնքի ներկայացուցիչները։ Ցույցին ներկա էին նաև հույներ, սերբեր և ռուսներ: Ցույցի երաժշտական մասն ապահովում էին օպերային երգչուհի Ստեֆանիա Կուրտիկյանը և երգիչ Արտակ Կիրակոսյանը: Հակամարտության իրավական կողմերը լուսաբանեց Հայ-գերմանական իրավաբանների ասոցիացիայի խորհրդի անդամ պրն. Խաչատուր Հարությունյանը։

Ինքնաբուխ ելույթով ներկա ցուցարարներին և Արցախին իր  համերաշխությունը հայտնեց Բունդեսթագի պատգամավոր Գիզելա Մանդերլան (CDU)։ Հայաստանում և Արցախում իրենց հարազատներին հղված բանաստեղծություններ և նամակներ ընթերցերցին նաև ցույցի այլ մասնակիցներ։ Ցուցարարներն անընդհատ վանկարկում էին.«Խաղաղություն Արցախին» «Անկախություն Արցախին», «Ալիև, Էրդողան, հեռու պահեք ձեր ձեռքերը Արցախից»:

Ստորև բերված է ՀԵՄԱ հ/կ պատվավոր անդամ  պրոֆ. Մարտին Պետցոլդի նամակի ամբողջական տեքստը։

 

 

Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա հ/կ - ՀԵՄԱ

Linienstraße 126

10115 Berlin

 

 

Դաշնային կանցլեր տիկին

դր․ Անգելա Մերկել

Bundeskanzleramt

Willy-Brandt-Straße 1

10557 Berlin

 

                                                                30 սեպտեմբեր 2020

 

Պատերազմ Հարավային Կովկասում։ Դաշնային կառավարության գործողությունների անհրաժեշտություն

 

Հարգարժան կանցլեր,

 

 Լեռնային Ղարաբաղից ստացված նկարները մտահոգիչ են։ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի կանխարգելի պատերազմը Կովկասում: Արդեն իսկ մահանում են խաղաղ քաղաքացիներ, քաղաքները ռմբակոծվում են, տանկերը առաջ են շարժվում: Այժմ պետք է հստակ ձայն բարձրացնել և հասկանալի դարձնել, որ տարածաշրջանում չպետք է լինի միջնորդավորված պատերազմ: Պատերազմի յուրաքանչյուր օրը կհանգեցնի խաղաղ բնակիչների մահվան: Դա կանխել է պետք:

Որպես հայկական արմատներ ունեցող Բունդեսթագի նախկին պատգամավոր ՝ խնդրում եմ ձեզ ձեր ողջ ուժերն ուղղել տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն: Իմ կարծիքով, դրա համար անհրաժեշտ են հետևյալ գործողությունները՝

 

Տարածաշրջանում բոլոր պատերազմական գործողությունների անհապաղ դադարեցում: Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը Եվրոպական միության հետ միասին պետք է հստակեցնի, որ բոլոր խախտումները ենթակա են պատժամիջոցների:

 

Մասնակից երկրների վերադարձը Եվրոմիության կողմից վարվող բանակցային սեղան։

 

Հարգանքներով՝

 

 Պրոֆ. Մարտին Պետցոլդ

 

- ՀԵՄԱ հ/կ պատվավոր անդամ:

 

 

 

Ստորև բերված է Գերմանիայում Հայ Առաքելական Եկեղեցու Թեմի և Գերմանահայոց կենտրոնական խորհրդի (ԳԿԽ) համատեղ նամակի մեկ այլ ամբողջական տեքստ:

 

 

Գերմանահայ Կենտրոնական Խորհուրդ հ/կ

Postfach 703040

60567 Berlin

 

 

Frau Bundeskanzlerin

Dr. Angela Merkel 

Bundeskanzleramt

Willy-Brandt-Straße 1

 

10557 Berlin

 

                                                                 29. սեպտեմբեր 2020

 

Պատերազմ Հարավային Կովկասում

 

Հարգարժան կանցլեր,

 

Ադրբեջանական բանակը կիրակի առավոտվանից օդային ու ցամաքային եղանակով գրոհում է Արցախի (Լեռնային Ղարաբաղ) և Հայաստանի Հանրապետության քաղաքները:

 

 Արդեն սպանվել են բազմաթիվ խաղաղ բնակիչներ և զինվորներ, ավերվել են գյուղեր: Ռազմական գործողությունները անընդհատ շարունակվում են:

 

Իրավիճակը վատթարանում է նաև Թուրքիայի կողմից ցուցաբերվող անմիջական աջակցությամբ: Թուրքիայի կառավարությունը ռազմական և նյութատեխնիկական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանի զինված ուժերին: Չի կարելի բացառել, որ անմիջական մասնակցություն ունեն նաև Սիրիայից և Լիբիայից ժամանած թուրք զինվորներ ու ահաբեկիչական ուժեր:

 

Արդեն երկար ժամանակ Ադրբեջանը դրսևորում է մոտալուտ պատերազմի նշաններ։

 

- Այս տարվա օգոստոսին թուրք-ադրբեջանական ռազմական ուժերը լայնամասշտաբ զորավարժություններ անցկացրեցին հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով:

 

  - Արդեն երկար ժամանակ է, ինչ Թուրքիայի նախագահը իրավիճակը թեժացնում է հստակ ադրբեջանամետ դիրքորոշմամբ և Ադրբեջանին անսահմանափակ օգնության ապահովմամբ:

- Հոկտեմբերի 1-ին ԵԱՀԿ դիտորդները պետք է երկու կողմից դիտեին սահմանը, բայց Ադրբեջանի կառավարությունը մերժեց ԵԱՀԿ դիտորդների այցը:

 

- Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի նախագահը բացահայտ խոսեց պատերազմի մասին:

 

 Ադրբեջանը ակնհայտորեն կողմ է ռազմական էսկալացիային և մերժում է ցանկացած բանակցային լուծում:.

 

Այս պատերազմի սաստիկ բռնկումները ապակայունացնում են այս առանց այդ էլ փխրուն տարածաշրջանը և սպառնում հարյուր հազարավոր խաղաղ բնակիչների կյանքին:

 

Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի կրկնվող ագրեսիան կասկած չի հարուցում, որ Ադրբեջանի կողմից պատերազմի միջոցով հակամարտությունը բազմիցս լուծելու փորձերին միջազգային հանրության ամենաարդյունավետ արձագանքը պետք է լինի միջազգային օրենսդրությամբ Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) ճանաչումը:

Մենք կոչ ենք անում դաշնային կառավարությանը.

 

Հստակ դատապարտել ադրբեջանական հարձակումը և դատապարտել խաղաղ բնակչության նկատմամբ մարդու իրավունքների շարունակական ոտնահարումները:

 

Չափավոր հակազդել Թուրքիայի կառավարությանը և, անհրաժեշտության դեպքում, պատժամիջոցներ կիրառել Անկարայի նկատմամբ:

 

Կոչ անել ադրբեջանական կողմին հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար վերադառնալ բանակցությունների սեղան ՝ ի շահ ժողովրդի և տարածաշրջանի շահերի:

 

Հարգանքներով՝

 

Ս․ Ե․ եպիսկոպոս Սերովբե Իսախանյան

Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ 

 

Դոկտ. Շավարշ Հովասափյան

Գերմանահայոց կենտրոնական խորհրդի նախագահ

 

 


Տեսադարան