IMG-LOGO

Վազգենը... Պատարագ, հոգեհանգստայն կարգ և Սպարապետի 60ամյակին նվիրված հիշատակի երեկո ՀԵՄԱ հ/կ-ում

04-06-2019
IMG

Արդեն տևական ժամանակ հունիսի 2-ին Բեռլինի Լիխտենբերգ շրջանի Փրկչի եկեղեցում կարևոր իրադարձություն էր ծրագրված. ավանդույթ դարձած և Եղիշե վարդապետ Ավետիսյանի ձեռամբ իրականացված Երկրորդ ծաղկազարդի օրվա պատարագի ընթացքում մատուցվեց նաև հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ ՀՀ պաշտպանության առաջին նախարար (1991-1992թ.թ., 1995-1999թ.թ.), վարչապետ (1999թ.) և մեծ հայրենասեր, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 60 ամյակի։

Միջոցառմանը մասնակցելու նպատակով Բեռլինում էին գտնվում նաև Սարգսյանների գերդաստանի ներկայացուցիչներ՝ 1999-2000 թթ. ՀՀ վարչապետ, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ Երեկոյին ներկա էր Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը:

 

Հայր Եղիշեն պատարագից զատ հետաքրքրաշարժ հատվածներ հիշեց «վերջին 30 տարիների հայոց պատմության մեծագույն այրերից մեկի»՝ Վազգեն Սարգսյանի՝ Գևորգյան ճեմարան և Սևանի դպրանոց կատարած այցերից, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ  նրա հաճախակի հանդիպումներից։

Ողջունելով հյուրերին՝ ՀԵՄԱ հ/կ Առաջին Նախագահ Միքայել Մինասյանը թռուցիկ անդրադարձ կատարեց Սպաարապետի կենսագրությանն ու քաղաքական, ռազմական և հանրային գործունեությանը: Նա նշեց վերջինիս բացառիկ դերը Հայկական երրորդ Հանրապետության ստեղծման և Արցախյան ազատամարտի հաղթական ելքի մեջ:

Վազգեն Սարգսյան մարդու, եղբոր, զավակի և ընկերոջ մասին պատմություններով միջոցառման գլխավոր բանախոս և նրա եղբայր Արամ Սարգյանը մերթ մեծ հպարտություն, մերթ խորը հուզմունք առաջացրեց ներկաների սրտերում. ի թիվս այլոց 1992թ.-ի վճռորոշ օրերին արված մարդակոչի՝ 500 հոգանոց «Մահապարտների զորագնդի» ստեղծման և դեպի գիտակցված մահ գնալու, արցախյան պատերազմի ու ազատամարտիկների համախմբման դեպքերի նկարագրությունները հնարավոր չէր լսել առանց հպարտության և հուզմունքի։

Բոլոր ներկաները, կարծես միաձուլվել, մեկ էին դարձել ...

Զարմանալի զուգադիպությամբ 98 տարի առաջ այդ նույն օրը ևս՝ 1921 թ. հունիսի 2-ին Բեռլինում գտնվող փոքրաթիվ հայերը կրկին միաձուլվել, մեկ էին դարձել. Բեռլինում սկսվել էր հայոց պատմության ամենահայտնի դատավարությունը ...

Զուգադիպությունն էլ ավելի թանձր գույներ է ստանում, երբ հիշում ենք, որ 2016թ.-ի նույն այս օրը Գերմանական Բունդեսթագը ընդունեց հայերի նկատմամբ իրագործված ցեղասպանության բանաձևն՝ այն իրապես կոչելով ցեղասպանություն և մարդկության հանդեպ գործած մեծ եղեռնագործություն...

Միջոցառումը շարունակվեց եկեղեցու բակում՝ հայկական ավանդական խորովածի շուրջ՝ համեմված անմիջական ու հետաքրքիր զրույցներով։

Արամ Սարգսյանի ձևակերպմամբ՝ Վազգեն Սարգսյանի 60 ամյակին նվիրված, արտերկում իրականացված առայժմ միակ միջոցառումն անցավ հրաշալի մթնոլորտում։ Թող մեծարման նման օրերն ու միջոցառումները մեր համայնքների ավելի հաճախակի ու անբաժանելի մասը դառնան։

 

ՏԵՍԱԴԱՐԱՆ

Եղիշե Վարդապետ Ավետիսյան, 2-րդ Ծաղկազարդի Սբ. Պատարագի քարոզ

Արամ Սարգսյանի բանախոսությունը Բեռլինում Սպարապետ Վազգեն Սարգսյանի 60ամյակին նվիրված հուշ-երեկոյում  

Տեսադարան