2016թ.-ի հունիսի 9-ին Բեռլինի Կառլսհոռստ շրջանի մշակույթի տան դահլիճում գերմանա-հայկական մշակութային օրերի շրջանակում ցուցադրվեց <<Թևանիկ>> գեղարվեստական ֆիլմը: Ֆիլմի բացումը կատարեց Գերմանիայում Արցախի ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը: Նա ողջունեց կինոդիտող հանդիսատեսին և հակիրճ ներկայացրեց ֆիլմի սյուժեն՝ բոլորին մաղթելով հաճելի կինոդիտում:
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի <<Թևանիկ>> գեղարվեստական ֆիլմն արցախյան պատերազմի հորձանուտում մեկ ամբողջ կործանված պատանեկության արտապատկերումն է՝ լի հուզական տեսարաններով և մարդկային տարաբնույթ բնավորությունների հակասական խճանկարով:
Իրադարձությունները ծավալվում են Արցախի գյուղերից մեկում, որը հարձակման թիրախ էր դարձել հակառակորդի զինվորական միավորումների կողմից: Պատանի երեք ընկերները՝ Թևանիկը, Աստղիկը և Արամը, յուրովի են ընկալում այս պատերազմը, միամիտ, նաև հայրենասիրական բովով խանդավառված, սակայն բոլորն էլ զերծ չեն մնում վերջինիս քայքայիչ, պառակտող, հոգեմաշ ու կործանիչ հետևանքներից: Ռեժիսորը դիտարկելով նույն իրադարձությունները երեք հերոսների տեսանկյուններից՝ ի հայտ է բերում նրանց անհատական ողբերգություններն ու անհույս ապագան, որոնց դրդմամբ պայմանավորված են նաև հերոսների գործողություններն ու դրսևորումները: Ֆիլմը իր դրամատիկ տեսարաններով ներկայացնում է հայ ժողովրդի միասնական մաքառող ու անկոտրուն ոգին, ինչպես նաև նրա ձգտումը դեպի ազատությունն ու խաղաղությունը:
Ֆիլմը ցուցադրվեց Գերմանական Բուդեսթագի պատգամավոր պարոն դր․ Մարտին Պետցոլդի և Բեռլինի Լիխտենբերգ շրջանի մշակույթի գծով պատասխանատու տիկին Կերստին Բոյերիխի պաշտոնական հովանու ներքո։
Մեր երախտագիտությունն ենք հայտնում հետևյալ հովանավորներին․ Bezirksamt Berlin-Lichtenberg, Kulturhaus Karlshorst, Botschaft der Republik Armenien, EUCfA e.V., Galerie InteriorDaSein, Restaurant Yerevan
ՏԵՍԱԴԱՐԱՆ
https://www.youtube.com/watch?v=J830Ne5lwsY ( <<Թևանիկ>> ֆիլմի պաշտոնական թրեյլերը)