<<Հայերի իրական աշխարհը օջախի թոնրից ելնող ծուխն է, որի արգասիքն ու խորհուրդն են գաթան, թթխմորը և լավաշը>>, ահա այսպիսի փիլիսոփայությամբ է Սարկավագ Անդրանիկ Մանուկյանը հիմնադրել <<Գաթա Բենդ>> ազգագրական համույթը, որի մեջ տեղ են գտել ժամանակակից երաժշտության բազմաթիվ տարրեր: Գուցե՞ և դա է այս համույթի հաջողության գաղտնիքը: Ինչևէ...
<<Գաթա Բենդ և Անդրանիկ Սարկավագ Մանուկյան>> ազգագրական համույթը մայիսի 24-ին հյուրախաղերով այցելել էին Բեռլինի Հայ և Եվրոպացի Մասնագետների Ասոցիացիա (ՀԵՄԱ) հանրային կազմակերպություն՝ ելույթ ունենալով Բեռլինի Կարլսհորստ շրջանի մշակույթի տան համերգասրահում:
Համերգասրահը այնքան լի էր խանդավառ ունկնդիրների բազմությամբ, որ հանդիսատեսների մի մասը ստիպված էր ոտքի վրա ունկնդրել ազգային ավանդական երգերը, ինչպիսիք են <<Կռունկ>>, <<Ես կխնդամ, սիրտս կուլա>>, <<Դոնե յար>> և այլն:
Համերգի բացմանը հյուրերին երախտագիտորեն ողջունեց ՀԵՄԱ հ/կ Առաջին Նախագահ պարոն Միքայել Մինասյանը՝ շնորհակալություն հայտնելով Բեռլինի Լիխտենբերգ շրջանի պետական ծառայության մշակույթի բաժնին, որը նյութապես նպաստել էր այս համերգի կայացմանը, ՀՀ Սփյուռքի նախարարությանը, ով ապահովել էր երաժիշտների ճանապարհածախսերը, հովանավորներ Բեռլինի Լիխտենբերգ շրջանի բյուրգերմայստեր պարոն Միխաիլ Գրունստին, Գերմանական Բունդեսթագի նախկին պատգամավոր Մարտին Պետցոլդին, Կարլսհորստի մշակույթի տան տնօրինությանը և նույն շրջանում գտնվող <<Ռեստորան Երևանի>> տնօրինությանը աջակցելու և օգնելու համար: Հատկապես շնորհակալություն հայտնեց ՀԵՄԱ հ/կ վարչության անդամներ Սարգիս Բոլոեանին, Զոյա Մարկոսյանին, Սրբուհի Մարտիրոսյանին իրենց անձնվեր կազմակերպչական աշխատանքների համար: Ապա հիշելով Գերմանա-Հայկական Մշակութային Օրերի հիմնադրմանը ջատագով երջանկահիշատակ Ալինա Մարտրրոսյան-Պետցոլդին, պարոն Մինասյանը բարձրախոսը հանձնեց նրա որդուն՝ պրոֆ. դր. Մարտին Պետցոլդին: Վերջինս ողջունելով հյուրերին՝ հայտնեց իր գոհունակությունը, որ ոչ միայն ծագումով հայերն են հետաքրքրվում հայկական մշակույթով, այլև Լիխտենբերգ շրջանի ավելի ու ավելի շատ գերմանացիներ, ովքեր դեպի հայկական ազգագրական երգարվեստին տանող Կարլսհորստի մշակույթի տան ճանապարհն են բռնել այսօր: Ապա պարոն Պետցոլդը շնորհակալություն հայտնեց Միքայել Մինասյանին և ՀԵՄԱ հ/կ անդամներին երկու ժողովրդների միջև մշակույթային կամուրջ կառուցելու համար, որը նպաստում է երկու մշակույթների միջև ավելի դյուրին փոխըմբռնմանը:
Առաջին երգի՝ <<Կռունկ>>-ի, թախծոտ և կարոտածին մեղեդին ունկնդիրներին մտովի տեղափոխեց հայրենի ոստաններ, արթնացրեց նրանց մեջ կորուսյալ հայրենի օջախի մասին վշտոտ հուշերը, ապա երգեցիկ այս մեկնությունն ավարտելով՝ համույթի գեղարվեստական ղեկավար և մենակատար Անդրանիկ Մանուկյանը բոլորին աստծո օգնությամբ հաջողություն մաղթեց ու անցավ հայկական սիրային պարեղանակների:
Կատարումների ընթացքում հանդիսատեսի ավելի ու ավելի բարձր ծափահարությունները տեղիք տվեցին պարել ցանկացողների խմբերին, ովքեր տեղերից վեր թռչելով՝ դահլիճով մեկ սկսեցին պարել ավանդական հայկական պարերը:
Համույթի երաժիշտներ, Արթուր Բալջյանը, Գարեգին Առաքելյանը, Վահան Զաքարյանը, հնչունային ռեժիսոր Արման Ավետիսյանը և երգչուհի Լուսինե Ստեփանյանը բարձրագույն կատարողական արվեստով ու վարակիչ խանդավառությամբ երեկոն վերածեցին կատարյալ հայկական ուրախության վայրի:
Պարում էին ոչ միայն հայերը, այլև գերմանացի հյուրերը: Բեռլինից համույթին էր միացել տենոր Արտակ Կիրակոսյանը, ով երեք համարներում Անդրանիկ Մանուկյանի հետ զուգերգելով՝ մեկ անգամ ևս արժանացավ բեռլինահայերի և գերմանացի ունկնդիրների ծափահարություններին: Յուրաքանչյուր երգի սկզբում բարոյախրատական փոքրիկ ակնարկներով Անդրանիկ սարկավագը մատնացույց էր անում տվյալ երգի բովանդակային էության վրա, օրինակ՝ նա ազգային պարերգերը կատարելուց առաջ անդրադարձավ մարդկանց բնազդային ցանկությունների սանձահարման և մարդու հոգու մաքրության կարևորությանը, իսկ <<Աքլորը>> երգիծական երգի կատարումից առաջ նա հիշեցրեց ԽՍՀՄ-ի ժամանակ հակաաստվածային բարքերի մասին և քննադատեց բազմաթիվ մարդկանց մոտ ձևավորված <<սովխոզային>> տրամաբանությունը՝ ընչաքաղցությունը, չարախնդությունն ու չարակամությունը և այլն: Համերգը հանդիսատես մասնակիցների պարային ուղեկցությամբ շարունակվեց մինչև կեսգիշեր՝ նախատեսվածից շատ ավելի երկար: Հայկական կոլորիտը ամբողջականացնում էր լուսանկարների դիա-շոուն, որը ցուցադրվում էր էկրանի վրա՝ բեմի հետին պլանում: Ընդմիջմանը հյուրերը ճաշակեցին հայկական խորտիկներ, որոնք տրամադրել էր <<Ռեստորան Երևանը>> և գինիներ: Սա Բեռլինում եզակի հայկական համերգներից էր, որն արժանացավ հանդիսատեսի կողմից լայն գովասանքի ու մասնակցության:
ՏԵՍԱԴԱՐԱՆ