IMG-LOGO

Հանդիսավոր պարգևատրություն

25-03-2017
IMG

2017 թ. մարտի 12-ն առանձնահատուկ օր էր Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիայի համար:  Սուրբ Փրկչի եկեղեցում անցկացվեց մի տոնակատարություն՝ պատվո պարգևատրությամբ և թատերական ներկայացմամբ, որին որպես պատվավոր հյուր ներկա էր բռնցքամարտի նախկին աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը։  ՀԵՄԱ հ/կ-ն պարգևատրեց չորս նվիրյալների, ովքեր իրենց անմնացորդ ներդրմամբ ամրապնդել են հասարակության անվտանգությունն ու իրավունքները Հայաստանում և Արցախում և նրանց քաղաքացիներին հույս ու վստահություն  տվել: Նրանք են՝ պարոն Էդվարդ Սաֆարյանը, պարոն Գուրգեն Իսախանյանը, պարոն Էդգար Զոհրաբյանը և պարոն Սարո Խուդոյանը: Պատվավոր հյուրերին ողջունեց Գերմանիայում Արցախի մշտական ներկայացուցիչ պարոն Հարություն Գրիգորյանը։ Պարգևները հանձնեցին նվիրյալներին պարոնայք Արթուր Աբրահամը և Միքայել Մինասյանը։ Տոնական ելույթի խոսքով հանդես եկավ ՀԵՄԱ հ/կ Առաջին Նախագահ պարոն Միքայել Մինասյանը։ Ստորև ներկայացնում ենք նրա ելույթի տեքստն ամբողջությամբ։   

 

Սիրելի բարեկամներ,

հարգելի տիկնայք և պարոնայք,

սիրելի Արթուր Աբրահամ,

մեծարգո հյուրեր,  

 

Սրտանց բարի' գալուստ Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա հանրային կազմակերպություն: <<Մարդկային արժանապատվությունն անձեռնմխելի է>>, գրված է Գերմանիայի Դաշնային Հանրապետության սահմանադրության առաջին դրույթում: Այո, մարդու արժանապատվությունը անձեռնմխելի է ամեն ինչից և այն պետք է հարգվի ու պաշտպանվի ոչ միայն Գերմանիայում, այլև ամենուր:  

1990-1994 թվականներին Ադրբեջանում, հայ-ադրբեջանական սահմանին և Արցախում ոչ միայն վտանգված էին հազարավոր մարդկանց կյանքերն, այլև նրանց մշակույթն ու մարդկային իրավունքները:  

Մեզանից շատերը հիշում են այսօր Բաքվի, Սումգայիթի, Գանձակի հայ ազգաբնակչության նկտամամբ կազմակերպված ու համակարգված ջարդերն ու տեղահանությունները, դեռ չեն մոռացվել ԽՍՀՄ կենտրոնական իշխանության կողմից հրահանգված <<Կոլցո>> օպերացիայի թողած հետևանքները, երբ Գետաշեն, Մարտունաշեն գյուղերը ամենաարգահատելի կերպով հայաթափվեցին, ապա ավելի ուշ Ադրբեջանի կողմից ձեռնարկված լայնամասշտաբ ռազմական գործողությունների օգնությամբ հայաթափվեց նաև ողջ Շահումյանի շրջանը:  

Ահա այս օրհասական պահին գտնվեցին անձնազոհ նվիրյալներ, ովքեր պատրաստ էին դիմակայելու այս անօրինականություններին ու սեփական կյանքի ու առողջության գնով պաշտպանելու դրացուն, թույլին, տկարին, երեխաներին, ծերերին. կանանց, այսինքն՝ ողջ հանրությանը: Նրանք պատվով կատարեցին իրենց առջև դրված առաջադրանքներն ու շատերը զոհվելով անմահացան, իսկ ողջերն այսօր՝ մարմնավորում են այն կենդանի հերոսացումը, ինչին մենք միայն ծանոթ ենք պատմական գրականությունից: Նրանք պայքարեցին մարդկային արժանապատվությունը պաշտպանելու համար և հաղթեցին:  

 

Հարգելի տիկնայք և պարոնայք,  

այսպիսով եկեք հարգենք այսօր և  այստեղ մեր ողջ քաջարի նվիրյալներին, որպեսզի արժեվորենք մեր ազգային ինքնությունը, մեծարենք մեր արժանավորներին և նույն ինքնագիտակից ոգով դաստիարակենք մեր մատաղ սերնդին, որն էլ իր հերթին քաջ և վճռորոշ կերպով ապագայում կլծվի մարդու արժանապատվությունը և իրավունքները պաշտպանելու սուրբ գործին, որտեղ էլ նրանք վտանգված լինեն: Այսօր մենք մեծարում ենք այն քաղաքացիներին, ովքեր Հայաստանում և Արցախում հայ հանրությանը անխոնջ կերպով ծառայել են: Քաղաքացիական հանրությունն այսօր ավելի է ամրապնդվել, իսկ վստահությունն անվտանգ ապագայի նկատմամբ՝ ավելացել:  

Ցավոք Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին զինված ընդհարումները մինչև օրս չեն դադարել: Դրանք իրենց գագաթնակետին հասանվերջին տարվա ապրիլյան քառօրյա պատերազմում: Կրկին անգամ ամենքից պահանջվում էր բարձր ինքնագիտակցություն և աշխարհի հայերի կուռ համախմբում: Նաև մեր մեջ՝ Բեռլինում գտնվեցին արի անձիք, ովքեր անմիջապես արձագանքեցին Արցախում ստեղծված ծանր իրավիճակին և դրամական ու իրեղեն նվիրատվությամբ ակտիվորեն աջակցեցին կարիքի մեջ հայտված իրենց հայրենակիցներին, այսպիսով ցույց տալով, որ պատերազմում և թշվառության մեջ հայտված մարդկանց չի կարելի թողնել միայնակ բախտի քմահաճույքին:  

 

Սիրելի հյուրեր,   Բնականաբար հաջորդ առիթը գարնանամուտն ազդարարող կանանց տոնն է,  որը հատկապես խորհրդային տարիներն ապրած հայերի մշակույթային մասնիկը դարձած տոներից մեկն է: Այն միջոց է ևս մեկ անգամ մեծարելու մեր տիկնանց: Հայ տիկնայք անառարկելիորեն մեր ինքնության պահպանման գրավականն են:   Այս հրաշալի օրը կգունավորենք երաժշտական բեմականացման ցերեկույթով, որը համատեղ ջանքերով պատրաստել են մեր դպրոցի սաները:   Եկե'ք սկսենք տոնակատարությունը ՀԵՄԱ հկ-ի կողմից փոքրիկ պարգևների պատվոգրերի հանձնմամբ  մեր պատվարժան հյուրերին՝ պարոններ  Էդվարդ Սաֆարյանին, Գուրգեն Իսախանյանին, Սարո Խուդոյանին և Էդգար Զոհրաբյանին:  

Պարգևները հանձնելու համար կխնդրեինք մեր սիրելի Արթուր Աբրահամին, նվաստիս հետ միասին, վերջիններս փոխանցել մեր մեծապատիվ հյուրերին:  

 

Հարգանքներով՝  

 

Միքայել Մինասյան

ՀԵՄԱ հ/կ Առաջին Նախագահ

Պատկերասրահ