IMG-LOGO

Գերմանիայի Հայոց Առաջնորդարանը դատապարտում է բռնութեան սաստկացումը Լեռնային Ղարաբաղի շուրջ

07-04-2016
IMG

Խորը մտահոգութեամբ տեղեկանում ենք, որ 2016 թ. Ապրլիլ 1-ից սկսած տագնապալի ու պայթիւնավտանգ իրադրութիւն է տիրում Լեռնային Ղարաբաղին շուրջ: Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին դարձեալ ծանր մարտեր են ընթանում, որոնք խլել են մի քանի տասնեակ հայ եւ ադրբեջանցի զինուորների կեանք: Զինուորների որդեկորոյս մայրերը սգում են իրենց երիտասարդ զաւակների կորուստը:

Ադրբեջանական զինուժի ռմբակոծութիւնների պատճառով զոհուել են նաեւ խաղաղ բնակիչներ, որոնց մէջ նաեւ 12-ամեայ երեխայ: Ուրիշ երկու երեխաներ հրետանային ծանր վնասուածքներով տեղափոխուել են հիւանդանոց: 

Լարուած այս իրավիճակը բնականաբար խորը մտահոգութիւն է պատճառում Գերմանահայ մեր համայնքին: Գերմանիայի Հայոց Առաջնորդարանը դատապարտում է ադրբեջանական իշխանութիւնների նախայարձակողական քայլերն ու գործողութիւնները եւ խաղաղութեան կոչ է անում երկու կողմերի որոշում կայացնողներին: Դժբախտաբար ադրբեջանական իշխանութիւնները յուսալով իրենց ռազմական գերակայութեան փորձում են են հարցը լուծել ռազմական ճանապարհով, որը ժամանակ առ ժամանակ պատճառ է դառնում տասնեակաւոր անիմաստ զոհերու եւ բազմահազար մարդկանց տառապանքի: Պատերազմը չի կարող եւ իրաւունք չունի հիմնախնդիրը լուծելու ճանապարհ լինել: Թեմիս Առաջնորդ Գարեգին Արքեպս. Պեքճեանը նամակ է յղել Գերմանիայի Միջ-Եկեղեցական Կենտրոնական Խորհրդին, Գերմանիայի Աւետարանական եւ Կաթողիկէ, ինչպէս նաեւ Գերմանիայում գործող այլ քոյր եկեղեցիների առաջնորդներին` խնդրելով նրանց զօրակցութիւնը եւ որպէսզի նրանք յայտարարութեամբ դատապարտեն ադրբեջանական յարձակումների սաստկացումը: Առաջնորդ Սրբազանը եկեղեցու ղեկավարներին խնդրել է նաեւ իրենց աղօթքներում յիշել այն մարդկանց, ովքեր տառապում են պատերազմական գործողութիւնների վերսկսումից:  

 

Դիւան Առաջնորդարանի