IMG-LOGO

«Վիրավոր և հաշմանդամ զինվորների, կամավորականների, ինչպես նաև Արցախից բռնի տեղահանվածների համար տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման դասընթացներ» ծրագրի տարեկան ամփոփում

10-06-2025
IMG

Բեռլինի Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա հ/կ-ը, համագործակցելով Երևանի ՀԱՅԿՈՆԳ ՍՊ ընկերության հետ, 2024թ․-ի հունիսի 1-ին վերստին մեկնարկեց «Վիրավոր և հաշմանդամ զինվորների, կամավորականների, ինչպես նաև Արցախից բռնի տեղահանվածների համար տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման դասընթացներ» ծրագիրը։ Ծրագիրը տևեց 1 տարի՝ մինչև 2025թ․-ի հունիսի 30-ը։

Հարկային նպատակահարմարությունից ելնելով՝ 2025թ․-ի հունվարի 1-ից «Հայ և Եվրոպացի մասնագետների կրթության և մշակույթի ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը փոխարինեց մեր գործընկեր «ՀԱՅԿՈՆԳ» ՍՊ ընկերությանը և ստանձնեց ծրագրի ղեկավարումը Հայաստանում։

 

Ծրագիրը հովանավորվում էր Գերմանիայի Արտաքին Գործերի Նախարարության կողմից, աջակցվում՝ ՀՀ Սփյուռքի Գործերի հանձնակատարի գրասենյակի, «Զինապահ» զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի և Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի կողմից։

 

Ծրագրի նպատակը

 

Հաշվի առնելով 44-օրյա պատերազմի և Արցախի մեր հայրենակիցների բռնի տեղահանման հետևանքով առաջացած ծանր սոցիալական կացությունը, որն այսօր էլ խնդիրներ է հարուցում կրթական, ընդհանուր զարգացման և նաև պատերազմի հետևանքների վերացման աշխատանքներում, որոշեցինք երկրում ստեղծված դժվարին մարտահրավերներին դիմակայելու նպատակով վերագործարկել վերոնշյալ ծրագիրը։ Վիրավորում կամ հաշմանդամություն ստացած զինվորների և Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կրթական մակարդակը բարձրացնելու և վերջիններիս աջակցելու բարձր վճարովի աշխատատեղեր գտնելու համար անցկացվեցին հետևյալ կրթական միջոցառումները․

 

Ծրագրի նկարագրությունը

 

Վերոնշյալ ծրագրով անցկացվեցին

 

- մաթեմատիկայի և բարձրագույն մաթեմատիկայի,

- պիտոն (Python) լեզվով ծրագրավորման,

- արհեստական բանականության (Artificial Intelligence) և մեքենայական ուսուցման (Machine Learning) հիմունքների,

- WEB ծրագրավորման,

- որակի ապահովման (QA ),

- վիճակագրության և անալիզի հիմունքների,

- համակարգչային օպերացիաների զարգացման գիտության (DEVOPS),

- տեխնիկական անգլերեն լեզվի դասընթացներ։

 

Նախնական գիտելիքներ ՏՏ բնագավառում ծրագրի դիմորդների համար պարտադիր պայման չէին հանդիսանում, քանզի դժվարից դեպի հեշտ ուսումնական մեթոդով հնարավորություն էր ստեղծված, որ եռամսյա քննությունների արդյունքների հիման վրա մասնակիցներն իրենք ընտրեն ՏՏ ոլորտի սեփական ուժերին և գիտելիքներին հարիր ավելի մատչելի մասնագիտացում, այսպես օրինակ՝ առաջին եռամսյա քննություններից հետո ծրագրին մասնակից-անդամները տարանջատվեցին երեք խմբերի՝ արհեստական բանականության ուսումնասիրման ուղղորդմամբ Python ծրագիրը ուսումնասիրող, WEB ծրագրավորում սովորող և DEVOPS օպերացիոն համակարգն ուսումնասիրող հոսքերի։ 3-րդ եռամսյակի քննության արդյունքներում ձևավորվում է որակի ապահովման(QA) դասընթացներն ուսումնասիրող մեկ այլ 4-րդ խումբ։ Ծրագիրը 4-րդ եռամսյակի վերջին եզրափակվում է ընթացքում կատարած պրակտիկ նախագծային աշխատանքների ներկայացմամբ։

 

Վերոնշյալ բոլոր առարկաների դասերն անցկացվեցին Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի շենքում առկա և Գերմանիայից առցանց եղանակներով, իսկ  ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցներին տրվում են ՀԵՄԱ հ/կ կողմից որակավորման վկայականներ։

 

Ծրագրին մասնակցությունն անվճար էր։ Ծրագիրը մեկնարկեցինք 28 մասնակիցներով։ Ծրագրի մեկնարկին մեր ուսանողներին բաժանեցինք դյուրակիր համակարգիչներ, որոնց ձեռքբերման մեջ նյութապես մեզ աջակցել էր Գերմանիայի ԱԳՆ-ը։ Առաջին եռամսյակի միջանկյալ քննություններից հետո ծրագիրը լքեցին 9 ուսանողներ՝ ծանր սոցիալական, ընտանեկան և առողջական խնդիրների պատճառով։ Ծրագիրն ավարտեցին 16 ուսանող/ուսանողուհիներ, որոնցից

- 5-ը վեբ ծրագրավորման,

- 5-ը արհեստական բանականության/մեքենայական ուսուցման,

- 2-ը ԴԵՎՈՊՍ օպերացիոն համակարգերի ուսումնասիրման,

- 4 նորեկները, ովքեր ուսման 3-րդ եռամսյակում միացան ծրագրին և վերը նշված բնագավառներից 5 ուսանողներ որակի ապահովման (QA) ոլորտներում՝ ձեռք բերելով միաժամանակ կրկնակի մասնագիտացում։

 

Դասընթացները ծավալուն կերպով տեսական և պրակտիկ մեթոդներով առկա և հեռավար եղանակով վարվում և վերահսկվում էին մեր դասախոսական   անձնակազմի կողմից, իսկ ուսանող-ուսանողուհիների ձեռք բերված գիտելիքները ստուգվում էին պարբերաբար կայացվող եռամսյա քննությունների միջոցով։ 

 

Իսկ այժմ մենք ջանում ենք մեր սաների համար գտնել կրտսեր ծրագրավորողների գիտելիքներին համապատասխան աշխատատեղեր շուկայում և լիահույս ենք, որ նրանց այս մեկ տարվա ընթացքում ձեռք բերած գիտելիքները կլինեն ամուր գրավական աշխատանքի տեղավորվելու և ապագայում կարիերա անելու համար։

 

Կրկին և կրկին մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր մեր հովանավորներին և աջակիցներին՝ Գերմանիայի Արտաքին Գործերի Նախարարությանը, ՀՀ Սփյուռքի Գործերի հանձնակատարի գրասենյակին, «Զինապահ» զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամին և Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանին, ինչպես նաև այս ծրագրում ընդգրկված դասախոսական ողջ անձնակազմին և մեր գործընկեր կազմակերպության ղեկավարությանը։

 

Հարգանքներով՝

 

ՀԵՄԱ հ/կ վարչություն


Պատկերասրահ

Տեսադարան