IMG-LOGO

Ինքնության պահպանումն ինտեգրացիայի համար փակուղի չէ

14-09-2016
IMG

Անհատի էթնիկ ինքնությունը կարևոր դեր է խաղում վերջինիս անհատականության ձևավորման մեջ։ Նրա պահպանումն ու խթանումը օտարությունում հանգեցնում է որակական մի նոր սերտաճմանը։ Ահա այս տեսության հաստատմանն ականատես եղանք սեպտեմբերի 10-ին Եվրոպական Մշակույթների թանգարանի կողմից կազմակերպված Հայկական մշակույթային օրերին։ Օրը սկսվեց Բեռլինի Դահլեմ շրջանի Հիսուս Քրիոստոսի ավետարանական եկեղեցում Հսկման համատեղ արարողությամբ, որն ուղեկցվում էր Տեր Գնել քահանա Գաբրիելյանի և ավետարանական եկեղեցու պատվելի տիկին Կորնելիա Կուլավիկի կողմից սաղմոսագրքերից և ավետարանից համատեղ ընթերցմամբ։ Ավետարանական եկեղեցու հավատացյալ ներկաների համար այս արարողությունն այնքան էլ անծանոթ չէր, քանի որ վերջիններս անցած երկու տարիների ընթացքում արդեն մի քանի անգամ մասնակցել էին հայկական պատարագներին։ Հսկումից անմիջապես հետո ծանոթության կարգով տեղի ունեցավ կարծիքների աշխույժ փոխանակում գերմանացի և հայ համայնքայինների միջև։

 

Այնուհետև միջոցառումների դաշտը տեղափոխվեց Եվրոպական Մշակույթների թանգարան, որտեղ հայկական սուրճի և ուտեստների տաղավարն արդեն պատրաստ սպասում էր հյուրերին։ Թանգարանի մուտքի սրահում Գերմանիայում Հայ երիտասարդների միությունը պատրաստել էր հայերեն գրերի ուսուցման և ընթերցման մի հետաքրքիր մեթոդ՝ վերջիններս լատինատառ արտածման (տրանսկրիպցիայի) օգնությամբ և հայկական տպագիր կնիքների ու գունապատկերների միջոցով պրագմատիկ կիրառում առաջարկելով գերմանացի հետքրքրասեր-կրթասերներին։ Գերմանացի ուսումնատենչներին առաջին քայլերը կատարելու մեջ օրվա ամբողջ ընթացքում օգնում էին երիտասարդ գեղեցկատես հայուհիները։ Թանգարանի վերնահարկի սրահներից մեկում միևնույն ժամանակ ընթանում էր «Երազային վայրեր» խորագիրը կրող հայկական լուսանկարների ցուցահանդեսը, ուր թանգարանի կուրատոր դիկին դր․Ռեդլինը կազմակերպեց էքսկուրս՝ ներկայացնելով Հայաստանում և սփյուռքում ապրող տարբեր հայերի աչքերով նկարահանված բնության և քաղաքային բազմապիսի տեսարժան վայրերը՝ վերջիններս բացատրելով իրերի և երեևույթների ընկալման տարբեր ասպեկտներից ելնելով։ Տկին դր․ Ռեդլինը ներկայացրեց այս լուսանկարների ստեղծման պատմությունն ու նրանց խորքում ընկած փիլիսոփայական մոտեցումները՝ շոշափելով Հայաստանի նկատմամբ կարոտի և հայ էթնիկ զգայական տարրի կապը միմյանց միջև օտարության մեջ հաստատվելու համատեքստում։  

 

Հայ լուսանկարչության մշակույթի տեսական ընկալումից անցում կատարվեց մշակույթին ակտիվ մասնակցելու գործընթացին․ ներկաները կրկին տեղափոխվեցին թանգարանի մուտքի լայն սրահ, որտեղ ՀԵՄԱ հ/կ դպրոցի երգեցողության ուսուցիչ պարոն Արտակ Կիրակոսյանն առաջարկում էր գերմանացի մասնակիցներին սովորել Էրեբունի-Երևան երգը։ Զարմանալիորեն կարճ ժամանակահատվածում ոչ հայալեզու մասնակիցները յուրացրեցին երգի տեքստն ու մեղեդին։ Դրան հաջորդեցին ՀԵՄԱ հ/կ դպրոցի պարուսուցիչ Արշակ Ղալումյանի կողմից առաջարկվող հայկական Քոչարի և Շալախո պարերի ուսուցման արհեստանոցը։ Թեև առաջին պարի նմանօրինակման ժամանակ խնդիրները հաղթահարելի էին գերմանացի մասնակիցների համար, սակայն Շալախոյի դեպքում ժամանակը չբավեց տիրապետելու այս խորեոգրաֆիայի շարժումների համակցություններին։  

 

Մշակույթային հախուռն ապրումներից հետո կլոր սեղանի շուրջ կազմակերպվեց հետաքրքիր երկխոսության հարթակ, որտեղ թեմատիկ կիզակետը կազմում էր հայ անհատի ինքնության զարգացման միտումները Գերմանիայում և վերջինիս գերմանական հանրությանը ինտեգրացման կարգավիճակը։ Բանախոսության նյութը բացվեց հայկական երեք կազմակերպությունների գործունեությունների ու նպատակների ներկայացմամբ․ Գերմանիայում Հայ երիտասարդների միությունը ներկայացնող Էդգար Խաչատրյանը բացատրեց ավելի քան 30 մասնակիցների ներկայությամբ նորաստեղծ այս կազմակերպության դերն ու նշանակությունը բեռլինահայ երիտասարդների ու ուսանողների հավաքագրման ու վերջիններիս ակտիվորեն միջոցառումներին ներգրավման գործում։ Ապա խոսքը փոխանցեց Բեռլինի Եկեղեցական և Մշակույթային Հայ Համայնքի ատենապետ տիկին Սոնա Այպպերին, ով անդրադարձավ բեռլինահայ համայնքի ստեղծման օրվանից մինչև ներկա գործունեության խնդիրներին։ Ցեղասպանված ժողովրդի սերունդների մոտ առավել քան հրատապ է ինքնության պահպանման տենչը, քանզի այն կարելի է անվանել միջոց և «զենք» պատմական արդարության՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման ճանապարհին, ինչի համար արդեն 5 սերունդ ի վեր կոչված են պայքարելու սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները, այդ թվում նաև գերմանահայերը։ Սակայն ինչպես տիկին Այպպերը նշեց, այս տարվա հունիսի 2-ին գերմանական Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից հետո համայնքի ներսում նկատվում է որոշակի հոգնածություն և ընկճվածություն։ Դա գալիս է համայնքի ծերացման հետ միասին, այսպես ասաց տիկին Այպպերը։ ՀԵՄԱ հ/կ Առաջին Նախագահ Միքայել Մինասյանի խոսքով՝ հնարավոր է այս հոգնածությունը հաղթահարել՝ հայանպաստ միջոցառումների և ծրագրերի կատարման գործը թողնելով միայն արհեստավարժ մասնագետներին։ Այս պարագայում անխափան կգործեն թե հայկական կիրակնօրյա դպրոցի դասաժամերը, թե գիտա-կրթական և մշակույթային տարաբնույթ միջոցառումնրը՝ ապահովելով հայի ինքնության զարգացմանը նոր որակներով։ Այս կերպ կազմակերպվեցին Բեռլինում ՀԵՄԱ հ/կ կողմից նախաձեռնված և անցկացված Բեռլինի 2015-16թ․թ․-ին Գերմանա-Հայկական Մշակույթային Օրերի միջոցառումները, որոնք՝ ի թիվս մնացյալի, իրենց փոքրիկ ավանդն ունեցան Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման գործոմ։ Հարց ու պատասխանի ժամանակ հարցադրումների թիրախ էր դարձել այն հանգամանքը, թե արդյո՞ք էթնիկ ինքնության պահպանումը չի խանգարում գերմանական հանրության մեջ հայ անհատի ինտեգրման գործին։ Հայ երիտասարդների պատասխանները միանշանակ ցույց էին տալիս, որ անհատն ի զօրու է իր մեջ ներփակել երկու և ավելի տարբեր մշակութակիր մտածելակերպեր ու վերցնելով յուրաքանչյուրից իր առավել ուժեղ կողմը, ձևավորել բազմակողմանի զարգացած և նորարար անհատականություն․ այսպես օրինակ՝ գերմանական բանականությունը ուղեկցել հայի սրտագին զգացմունքներով։ Սա տալիս է անհատի ձևավորման գործընթացին մեկ նոր, ավելի նախընտրելի որակ։ Այսպես կարելի է ինքնության պահպանումը գնահատել անհատի գերմանական հանրությանը ինտեգրացման ճանապարհին որպես ոչ փակուղային, այլ ընդհակառակը՝ այն գալիս է վերջինիս լրացնելու և ստեղծելու բարենպաստ և խթանիչ մտածելակերպ։  

 

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ.

https://www.youtube.com/watch?v=IcXFN3UyECQ  (Երգ <<Էրեբունի-Երևան>>, երգի ուսուցիչ Արտակ Կիրակոսյան)

https://www.youtube.com/watch?v=NX4mL4Cn18g  (Պարային համադրում <<Քոչարի>>, պարի ուսուցիչ Արշակ Ղալումյան)

https://www.youtube.com/watch?v=Hyq8PFdLBAE  (Էդգար Խաչատրյան, Գերմանիայում երիտասարդ հայերի միություն հ/կ)

https://www.youtube.com/watch?v=c3C_DO2Vzjk (Սոնա Այպպեր, Բեռլինի Եկեղեցակամ և Մշակութային Հայ Համայնքի ատենապետուհի)

https://www.youtube.com/watch?v=HaqiGg6S3O8  (Միքայել Միքայել, ՀԵՄԱ հ/կ Առաջին Նախագահ) 

Տեսադարան