Պաուլ Գերհարդի անվան ավետարանական եկեղեցու կողմից կազմակերպված այս տարվա ամառային տոնախմբությունն առանձնահատուկ էր ՀԵՄԱ հ/կ անդամների և հյուրերի համար: Բեռլինի Լիխտենբերգ շրջանի «Փրկչի» եկեղեցում հանդիսավոր կերպով Գերմանիայի Հայ Առաքելական եկեղեցու թեմի Առաջնորդ, Նորին Սրբազնություն Արքեպիսկոպոս Գարեգին Բեկչյանին և Գերմանական Բունդեսթագի պատգամավոր պարոն դր. Մարտին Պետցոլդին շնորհվեց «Հայ և Եվրոպացի Մասնագետների Ասոցիացիա» հանրային կազմակերպության Պատվավոր անդամակցությունը: Պատվո գովեստի խոսքով հանդես եկավ ՀԵՄԱ հ/կ Առաջին Նախագահ պարոն Միքայել Մինասյանը: Հանդիսավոր արարողությունը շրջանակվեց «Հիսուսի հրաշագործությունները» վերնագրով թատերական բեմականացմամբ, որը կատարեցին ՀԵՄԱ հ/կ կիրակնօրյա դպրոցի աշակերտ-աշակերտուհիները: ՀԵՄԱ հ/կ վարչությունը «Փրկչի» եկեղեցու պուրակում կազմակերպել էր նաև շախմատի մրցույթ բոլոր հյուրերի համար: Հայկական տաղավարի մոտ միության մեր անդամների կողմից հյուրերին առաջարկվեցին հայկական ուտեստներ, Հայաստանի մասին տեղեկատվական թերթիկներ և մեր կիրակնօրյա դպրոցի երեխաների կողմից պատրաստված ձեռագործ աշխատանքներ:
Անդամակցության շնորհման հանդիսավոր արարողությանը ներկա էին Գերմանիայում ՀՀ դեսպանության խորհրդական տիկին Հասմիկ Սահակյանը, Գերմանիայում Արցախի ներկայացուցիչ պարոն Հարություն Գրիգորյանը, Գերաշնորհ Հայր Տեր-Գնել Գաբրիելյանը, Պաուլ Գերհարդի անվան ավետարանական համայնքի գերապատվելի և գործերի տնօրեն պարոն Յոախիմ Չիրպկան, Պաուլ Գերհարդի անվան ավետարանական համայնքի պատվելի տիկին Սապնա Յոշին, ինչպես նաև հայկական և Բեռլինի Լիխտենբերգ շրջանի ավետարանական համայնքներից բազմաթիվ հյուր-մասնակիցներ:
Ստորև ներկայացնում ենք ՀԵՄԱ հ/կ առաջին Նախագահ Միքայել Մինասյանի կողմից ընթերցված պատվո խոսքն ամբողջությամբ.
Բեռլինի Լիխտենբերգ շրջանի <<Փրկչի>> եկեղեցի, 15.07.2017թ.
Պաուլ Գերհարդի անվան ավետարանական համայնքի պատվելի տիկին Սապնա Յոշի,
Պաուլ Գերհարդի անվան ավետարանական համայնքի գերապատվելի և գործերի տնօրեն պարոն Յոախիմ Չիրպկա,
Գերմանիայում ՀՀ դեսպանության խորհրդական տիկին Հասմիկ Սահակյան,
Սիրելի պարոն դոկտոր (իսկ այժմ նաև պրոֆեսոր),
գերմանական Բունդեսթագի պատգամավոր Մարտին Պետցոլդ,
Բեռլինի և արևելյան Գերմանիայի հայկական համայնքների հոգևոր հովիվ սիրելի Տեր Գնել Գաբրիելյան,
Սիրելի քույրեր և եղբայրներ,
Հարգարժան տիկնայք և պարոնայք,
Հաճախ մենք շնորհում ենք մրցանակներ և մարդկանց տալիս պատվավոր անդամակցության կոչումներ ոչ նրա համար, որ վերջիններս զարդարվեն մեր այս մրցանակներով ու պատվավոր անդամակցությամբ, այլ հակառակը, որպեսզի մենք կարողանանք նրանց լուսափայլի ներքո ինքներս ճառագել: Խոստովանում եմ. սա առավելագույնս վերաբերվում է Հայ Առաքելական եկեղեցու Գերմանահայ թեմի Առաջնորդ Նորին Սրբազնություն Գարեգին Արքեպիսկոպոս Բեկչյանին: Առանց նրա Գերմանիայում հայ եկեղեցին և հայ հանրությունն այսօր չէին լինի այն տեղում, որտեղ կանգնած են: 1992թ.-ից մինչև 2017թ.-ը նա գերմանահայերի համայնքային կյանքի վրա թողել է իր անջնջելի դրոշմը: Քյոլն քաղաքում հիմնելով թեմը ՝ էական ազդակ հանդիսացավ դաշնային տարածքով մեկ 14 եկեղեցական համայնքների բացմանը, վարչական մեխանիզմների մշակմանը, որոնք հայ եկեղեցու առաքելությունը երկարատև ապահովում են Գերմանիայում:
Ստորև ՝ հակիրճ տեղեկություններ իր կենսագրությունից. Արքեպիսկոպոս Գարեգին Բեկչյանը ծնվել է 1942թ.-ին Ստանբուլում: Հաճախել է Մխիթարյանների դպրոց: Մխիթարը 18-րդ դարի դարասկզբին Վենետիկում հայ Մխիթարյան Միաբանության հիմնադիրն է: 1959թ.-ին Արքեպիսկոպոս Բեկչյանը ստանում է իր քահանայած կրթությունը և 1962թ.-ից սկսում է Ստանբուլի համալսարանում ուսանել դասական լեզուներ, սոցիոլոգիա և պատմություն: 1965թ.-ին քահանա ձեռնադրվելուց հետո շարունակում է իր կրթությունը գերմանական Բոնն և Բոխում քաղաքների համալսարաններում: 1976թ.-ից մինչև 1991թ.-ը եղել է Մարսելի հայ եկեղեցական տաճարի քահանա: 1992թ-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ն հանձնարարում է նրան հմնադրել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում թեմ: Ահա այսպես նա Մարսելից տեղափոխվում է Քյոլն քաղաք և նույն տարում էլ ձեռնադրվում է եպիսկոպոս, իսկ 1998թ-ին՝ արքեպիսկոպոս:
Իր առաջնորդության ժամանակահատվածում կայացավ մեծապետ քահանա Կաթողիկոս Գարեգին Ա-ի այցելությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդների վերջին այցելությունը եղել է 1960-ական թվականներին: Ավելի քան 30 տարի անց այս այցելությունը մեծ իրադարձություն էր բոլորիս համար: Պաշտոնական այցելություններ կատարելով այն ժամանակվա Դաշնային Նախագահ Յոհանես Ռաույի և Դաշնային Կանցլեր Հելմուտ Կոհլի մոտ՝ Կաթողիկոսին այնուհետև ընդունեցին բազմաթիվ համայնքների հայեր և հնարավորություն ունեցան նրա հետ զրուցելու ու վերջինիս օրհնությունը ստանալու: Այսպիսով նա տվեց թեմին նոր ավյուն, իսկ Արքեպիսկոպոսին էլ հաստատուն ամրապնդեց առաքելական իր գործունեությունում: Գարեգին Սրբազանը նաև մեր միությանը ոգևորեց Բեռլինի Լիխտենբերգ շրջանի ավետարանական Պաուլ Գերհարդի անվան համայնքի հետ համագործակցելու մեջ: Բոլորս երախտապարտ ենք նրան այս գործի համար, իսկ այսօր քաղում ենք այս համագործակցության պտուղները: Եթե իր Սրբազնությանը երեք նախադասությամբ բնութագրենք, ապա պետք է ասել. նա քաջ էր, նա համառ էր և ամբողջությամբ իրեն նվիրել էր եկեղեցական ծառայությանն ու եկեղեցու հավատացյալներին: Կարճ ասած՝ նա իսկական հովիվ էր:
Այս տարի նա մի նոր ու շատ կարևոր առաջադրանք է ստացել և այս իսկ պատճառով մեծ ափսոսանքով նա պետք է մեզ լքի: Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը նրան նշանակել է Կոնստանտինոպոլսի Հայոց հինավուրց Պատրիարքարանում Պատրիարքի տեղապահ, այսպես կոչված Locum Tenens: Ցավոք մենք այսօր չենք կարող պատվո անդամության պատվոգիրը և մրցանակը նրան անձամբ շնորհել: Սակայն ուրախ եմ, որ գերաշնորհ քահանա Տեր Գնել Գաբրիելյանը եկել է Զաալեյի Հալլե քաղաքից այստեղ՝ նրա փոխարեն պատվոգիրն ընդունելու: Սիրելի Տեր Գնել, հաղորդե'ք իր Սրբազնությանը ջերմագին մեր բարեողջույնները և ամենալավ ցանկությունները ու հանձնեք նրան այս պատվոգիրն ու մրցանակը:
Հարգելի տիկնայք և պարոնայք,
գերմանական ժողովրդական բանահյուսությունում կա մի ասացվածք. «Յուրաքանչյուր մարդ իր կյանքի դարբինն է»: Իսկ հայ անվանի բանաստեղծ Պարույր Սևակն էլ այս մասին ասում է. «Մարդ կա, ելել է շալակն աշխարհի, մարդ էլ կա, աշխարհն է շալակած տանում...»: Սիրելի Մարտին, կարծում եմ Դու պատկանում ես վերջինների թվին: Իսկ թե դա Քեզ միշտ առավելություն կբերի թե՞ ոչ, ես դա չգիտեմ: Այլոց համար՝ միանշանակ այո: Որպես Գերմանական Բունդեսթագի պատգամավոր դու չափազանց բազմազբաղ ես և ինչպես Դու կասեիր «իմ գեղեցկագույն Լիխտենբերգ շրջանի համար» անում ես կրթության, մշակույթի, քաղաքաշինության և ընդհանրապես՝ տնտեսության ոլորտներում բազմաթիվ գործեր: Ցանկանում ես թվով ավելի շատ մարդկանց ապահովել հացով և պատշաճ աշխատավարձով, խթանել մրցակցությունը, քաղաքականության և մարդկանց միջև անջրպետը վերացնել ու Բեռլինի Լիխտենբերգ շրջանի բոլոր մարդկանց համար դառնալ հասանելի: Գերմանական Բունդեսթագում Դու դրսևորեցիր կամք և արիություն՝ պահանջելով ճանաչել Հայոց Ցեղասպանությունը ու վերացնել նրա թողած հետևանքները, օրինակ՝ պատմության այս գորշ գլուխը թեմատիզացնելով դպրոցական դասագրքերում: Ուսերի վրա բեռ կրելը երբեմն կարող է ծանր լինել, սակայն այն ամրապնդում է մարդուն և նրան ավելի ուժեղացնում:
Մարտին Պետցոլդը ծնվել է 1984թ.-ի սեպտեմբերի 6-ին Մոսկվայում՝ գերմանացի ֆիզիկոսի և լրագրողի ու հայ բանասերի ընտանիքում: Մեծացել է Բեռլինում, իսկ մանկությունն ու պատանեկությունը մասամբ անցկացրել է Երևանում և Մոսկվայում: Ուսանել է միջազգային մենեջմենտ և տնտեսության իրավունք, իսկ 2011թ.-ին 29 տարեկան հասակում Բեռլինի Հումբոլդի Համալսարանում արժանացել է գիտությունների դոկտորի տիտղոսին: 2011թ.-ից ի վեր Լիխտենբերգ շրջանի ՔԺՄ կուսակցության նախագահն է: Այդ թվում նաև «Մրցակցային քաղաքականություն» առարկայից Միտտվայդա ԲՈԻՀ-ի, իսկ «Տարածաշրջանային տնտեսական զարգացում» առարկայից՝ Բեռլինի Տեխնիկական և Էկոնոմիկայի ԲՈԻՀ-ի կրթական գծով հանձնակատարն է: 2013թ.-ից նա որպես Բեռլինի ամենաերիտասարդ պատգամավոր նստած է Գերմանական Բուդեսթագում:
Սիրելի' Մարտին, տարիներ շարունակ ստանձնել ես Բեռլինում անցկացվող Գերմանա-Հայկական Մշակութային Օրերի հովանավորությունը, որոնք արդեն երեք տարի շարունակ, ի թիվս մնացյալի, նաև քո ջանքերի շնորհիվ անընդմեջ տեղի են ունենում: Սուրբ պատարագները, համերգները, դասախոսությունները, գեղարվեստի ցուցահանդեսները և երեխաների ու պատանիների համար պատրաստված ծրագրերը նույնքան հարստացրել են Բեռլին քաղաքի մեր գեղեցկագույն շրջանը՝ Լիխտենբերգը:
Սիրելի' Մարտին, մենք երախտապարտ ենք Քեզ Բեռլինում հայ հանրության համար քո ներդրած սրտագին ջանքերի և այն առաքելության համար, որը Դու նախաձեռնել ես գերմանա-հայկական հարաբերությունների խորացման նպատակով, և սույնով շնորհում ենք Քեզ «Հայ և Եվրոպացի Մասնագետների Ասոցիացիա» հանրային կազմակերպության պատվավոր անդամակցությունը: Սիրելի' Մարտին, ավարտին թույլ տու'ր մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել իմ և մեր միության մյուս անդամների անունից Զեելգրոս առևտրի կենտրոնում միջնորդելու համար, որը մեր միությանը նվիրաբերեց 10 խաղատուփ շախմատ՝ վերջիններս Պաուլ Գերհարդի անվան ավետարանական համայնքի հետ համատեղ օգտագործելու նպատակով: Վերջում նաև թույլ տու'ր Քեզ և կնոջդ՝ Իվոնին, շնորհավորել Ձեր մեկամյա ամուսնության հոբելյանի կապակցությամբ, որն այսօր է: Այժմ խնդրում եմ մոտենալ և վերցնել ՀԵՄԱ հ/կ անդամակցությանդ պատվոգիրը և պատվո մրցանակը: Շնորհակալություն: Երախտագիտությամբ և բարի ցանկություններով՝ Ձեր Միքայել Մինասյան
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ.