IMG-LOGO

Երեկո Պարույր Սևակի հետ

03-05-2018
IMG

29. 04. 2018թ.-ին Բեռլինի Լիխտենբերգ շրջանում գտնվող ավետարանական Պաուլ Գերհարդի անվան համայնքի սրահում տեղի ունեցավ <<Երեկո Պարույր Սևակի հետ>> խորագրի ներքո պոեզիայի երաժշտական ընթերցանության երեկո, որի ընթացքում գերմաներեն եւ հայերեն լեզուներով ներկայացվեցին բանաստեղծի ստեղծագործություններից <<Եղիցիլույս>> շարքը (Տիգրան Մեծ հրատարակչություն, Երևան, Թարգմանիչ՝ համալսարանական դիպլոմ գերմանիստ՝ Միքայել Մինասյանը) և „Und sticht in meine Seele 24 und 4 Gedichte Armenisch-Deutsch, Ու ծակում հոգիս» լիրիկայի հատորյակը (Հանս Շիլլեր հրատարակչություն, Բեռլին) (Վաստակավոր բանաստեղծուհի և թարգմանչուհի՝ Ագապի Մկրտչյանը, ով հատուկ այս երեկոյին մասնակցելու նպատակով ժամանել էր Դյուսելդորֆ քաղաքից):

Երեկոյին <<Եղիցի լույս>> շարքի մոտիվներով սեփական գեղարվեստի նկարների շարքը պաստառի վրա ակրիլով ցուցադրեց գեղանկարիչ, երգահան և բժիշկ տիկին Սրբուհի Մարտիրոսյանը: Երաժշտական ձեւավորումը՝ Արտակ Կիրակոսյանի:  

Գերմաներեն լեզվով ընթերցեցին թարգմանիչներ Միքայել Մինասյանը և Ագապի Մկրտչյանը: Իսկ հայերեն լեզվով ասմունքեցին Երևանի Կամերային Երաժշտության թատրոնի դերասանուհի, բեռլինաբնակ Անուշ Համբարձումյան եւ Կենտրոնական Եւրոոպայի Հայրապետական Պատուիրակի Փոխանորդ ի Սկանդինաւիա Հայր Եղիշե վարդապետ Ավետիսյանը, ով հատուկ այս երեկոյին մասնակցելու նպատակով ժամանել էր Ստոկհոլմից ու իր խոհերը ստորեւ կիսում է մեզ հետ :  

<<Պարույր Սեւակի պոեզիային նվիրված գրական երեկոն Բեռլինի հայ համայնքում, որ տեղի ունեցավ ապրիլի 29 - ին, հիշողությունների գիրկը ինձ տարավ, երբ 2009 թ․-ին Բեռլինի եկեղեցական համայնքում հարգելի Միքայելի Մինասյանի նախաձեռնությամբ, ըստ արժանվույն գնահատվեց և վերարժևորվեց հայոց մեծագույն բանաստեղծի վիթխարի ժառանգությունը։ Ժառանգություն, որի տիեզերական շունչն ու հայրեանաշունչ ոգին գալիս է մագաղաթյա դարերից՝ նորովի վերաիմաստավորելով 20 -րդ դարի տառապյալ հայ մարդու դեգերումները եւ լույս սփռելով մեր բացառիկ առաքելության վրա։ Պարույր Սևակի ստեղծագործությունների մեջ առատածիր են աստվածաշնչյան ասույթները և իմաստնությունները, և դրանք այնքան դիպուկ են ընտրված եւ այնքան բազմախոս են, որ դառնում են հոգեճանաչողության և մտահայեցողության նորովի բացահայտումներ հայ ոչ միայն պոեզիայի, այլ նաև կենսափիլիսոփայության մեջ։ «Եղիցի լույս եւ եւղեւ լույս» - ահա արարման խորհուրդը, որ ցանկացած ասմունքողի բերանում դառնում է աղոթք եւ հորդոր՝ կյանքի իմաստը հասկանալու համար։ Գրական երեկոյի ժամանակ ասմունքողների հայերեն և գերմաներեն ներկայացումները փաստեցին, որ Սևակը ամենապահանջված բանաստեղծներից է հայոց սփյուռքում, քանի որ ազգային ինքնաճանաչողության յուրահատուկ բովանդակություն ունի բանաստեղծի ամեն մի տողը՝ համեմված հայրենասիրական, մարդասիրական ու հոգեքննական բովանդակությամբ, որոնք երբեմն բյուրեղանում ու կատարելության են հասնում իրենց արտահայտչականությամբ՝ դառնալով հայ մարդու համամարդկային արժեքային մի անբողջություն ու սեփականություն>>։

 

Կենտրոնական Եւրոոպայի Հայրապետական Պատուիրակի Փոխանորդ ի Սկանդինաւիա Հայր Եղիշե վարդապետ Ավետիսյան

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հատվածներ գրական երեկոյից

Պատկերասրահ