IMG-LOGO

<<Հայերի երկրի միջով>> խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսով 2019թ.-ի Բեռլինի Գերմանա-Հայկական Մշակութային Օրերի հանդիսավոր բացում

19-05-2019
IMG

Ուղիղ հինգ տարի հրաշալի ավանդույթ դարձած,

Հայ և Եվրոպացի Մասնագետերի Ասոցիացիա (ՀԵՄԱ) հ/կ-ի կողմից կազմակերպվող 2019թ.-ի Բեռլինի Գերմանա-Հայկական Մշակութային Օրերի հանդիսավոր բացման մեկնարկը տրվեց մայիսի 18-ին՝ ՀԵՄԱ հ/կ-ի առաջին նախագահ պարոն Միքայել Մինասյանի բացման խոսքով՝ <<Հայերի երկրի միջով>> խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսի բացման արարողութան ժամանակ: Ինչպես միշտ ցուցահանդեսը ներկայացված էր Բեռլինի Կարլսհորստ շրջանի մշակույթի տան ցուցասրահում: Բացմանը ներկա էին Բեռլինի Լիխտենբերգ շրջանի քաղաքապետի ներկայացուցիչ տիկին Կատրին Ֆրամկեն, Գերմանական Բուդեսթագի նախկին պատգամավոր, պրոֆ. դր. Մարտին Պետցոլդը, Գերմանիայում ՀՀ դեսպան պարոն Աշոտ Սմբատյանը, Արցախի ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը, Բեռլինի հոգևոր հովիվ Եղիշե վարդապետ Ավետիսյանը, Բեռլինի եկեղեցական և մշակույթային հայ համայնքի ատենապետուհի տիկին Սոնա Այպպերը և այլոք: Բեռլինի Գերմանա-Հայկական Մշակույթային Օրերը տեղի են ունենում Բեռլինի Լիխտենբերգ շրջանի բյուրգերմայստեր պարոն Միխաիլ Գրունստի և Գերմանական Բունդեսթագի նախկին պատգամավոր (2012-17թթ.) պարոն պրոֆ. դր. Մարտին Պետցոլդի հովանավորությամբ, միջոցառմանը գունավոր լուսանկարների տրամադրումով աջակցել է ՀՀ Սփյուռքի Նախարարությունը՝ համագործակցելով ՀՀ էկոնոմիկայի Նախարարության զբոսաշրջության վարչության հետ: Ցուցահանդեսի աջակիցների թվին է պատկանում նաև Բեռլինի Կարլսհորստ շրջանի մշակույթի տունը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ տիկին Կատրին Ֆրամկեն, ով նշեց, որ ինքը Հայաստանը ասոցացնում է վաղամեռիկ տիկին Ալինա Պետցոլդ-Մարտիրոսյանի հետ, քանի որ վերջինս իր ակտիվությամբ անհամեմատ հարստացրել է Բեռլինի Լիխտենբերգ շրջանի մշակութային կյանքը և իր հայկական հետքն է թողել նրա վրա: Ապա բարձրախոսը հանձնվեց պարոն պրոֆ. դր. Մարտին Պետցոլդին, ով ողջունելով հյուրերին՝ հատուկ շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին, առանձնապես ՀԵՄԱ հ/կ Առաջին Նախագահ պարոն Միքայել Մինասյանին իր հնգամյա անխոնջ աշխատանքի, կազմակերպչական ջիղի համար, որը ավելի ու ավելի է մոտեցրել գերմանական հանրությանը հայերին և նրանց կենսակերպին՝ կապելով մի յուրատեսակ բարեկամական կամուրջ երկու ժողովուրդների միջև: Պարոն Պետցոլդը առանձնահատուկ կերպով նշեց հայերի սրտաբուխ լինելու առանձնահատկությունը և նրանց հյուրասիրությունը, և քանի որ գերմանական հանրությունում շատերը դեռևս չեն այցելել հայերի երկիրը, ապա Միքայել Մինասյանի օգնությամբ կազմակերպվել է լուսանկարների այս յուրօրինակ ցուցահանդեսը, որպեսզի փոքրիշատե այդ բացը լրացվի՝ Հայաստանը <<բերելով>> Գերմանիա: Ապա պարոն Պետցոլդը մեծ ոգևորությամբ ողջունեց Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական դրական տեղաշարժերը և երկրում ընթացող դրական փոփոխությունները: Պարոն Պետցոլդը հաջողություններ մաղթելով գալիք միջոցառումներին՝ խորհուրդ տվեց ճաշակել Բեռլինի Լիխտենբերգի շրջանում գտնվող ռեստորան <<Երևանի>> խորտիկները: Ի դեպ՝ ռեստորան <<Երևանը >> հանդիսանում է վերոնշյալ մշակութային օրերի աջակիցներից մեկը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը՝ շնորհակալություն հայտնելով գերմանական կողմին 5 տարի շարունակ ՀԵՄԱ հ/կ-ին մշակութային օրերի կազմակերպման նպատակով նյութական աջակցություն ցուցաբերելու համար: Անցնելով բուն ցուցահանդեսի թեմային՝ Գերմանիայում Արցախի ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը համադրեց Հայաստանի 11 մարզերի և Արցախի ներկայացումը՝ նկարագրելով հայկական բնաշխարհը, բարքերն ու սովորույթները, երկրի աշխարհագրական դիրքը և այլն:

Հայկական սև-սպիտակ լուսանկրաչության արվեստին անդրադարձ կատարեց արվեստաբան, արվեստագիտության թեկնածու, լրագրող տիկին Գայանե Առաքելյանը՝ ներկայացնելով հայկական լուսանկարչության արվեստի հիմնադիր Անդրանիկ Քոչարի կենսագրությունն ու գործը: Տիկի Առաքելյանը հյուրերին ներկայացրեց իր հեղինակած գիրքը, որը կրում է <<Անդրանիկ Քոչարի լուսանկարչական արվեստը>> վերնագիրը: Գերմանացի հյուրերը համակ ուշադրությամբ ընկալեցին նրանց համար դեռևս անհայտ արվեստագետ Քոչարի մասին տեղեկությունները:

Ցուցահանդեսի բացման երեկոյի երաժշտական շրջանակումը ստանձնել էին դաշնակահարուհի Կարինե Գիլանյանը և ջութակահարուհի Լիլիթ Ռոստոմյանը: Երեկոն ավարտվեց հայկական գինու և հայկական աշխարհի լուսանկարչական հրաշալի պատկերներով համեմված մթնոլորտում:

Ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 23-ը և այդ ընթացքում բազմաթիվ գերմանացի տեղաբնակներ հնարավորոթյուն կունենան ծանոթանալու հայերի երկրին, գուցեև հետագայում այցելեն և սիրեն հնամենի մշակույթով արարված այս երկիրն ու մարդկանց:  

 

ՏԵՍԱԴԱՐԱՆ

 Գերմանա-Հայկական Մշակույթային Օրերի հանդիսավոր բացում

<<Հայերի երկրի միջով>> լուսանկարների ցուցահանդեսի համադրողներ Հարություն Գրիգորյանի և Գայանե Առաքելյանի տեղեկությունները

Պատկերասրահ

Տեսադարան