Այս դժվարին և քաոսային օրերին շատ քիչ բան կա դրական գնահատելու, առավել ևս ոգևորվելու համար։ Սակայն ինչպես հայկական ասացվածքն է ասում, «Չկա չարիք, առանց բարիք»․ այնպիսի ոգևորություն և այնպիսի ներուժ, ինչպիսին իր աննախադեպ համախմվածությամբ ի ցույց դրեցին գերմանահայությունը և նրանց բարեկամները Հայաստանին և Արցախին սատարելու գործում, դեռ երկար ժամանակ կմնա մեր բոլորիս հիշողությունում որպես միասնության օրինակ։
Այսօր՝ 2020թ․-ի հոկտեմբերի 16-ին, երկու բեռնատար ավտոմեքենաներ՝ ընդհանուրը 24 տոննա քաշից ավել բարձված մարդասիրական բեռով, Բաբենհաուզեն վայրի մեր կենտրոնական պահեստներից շարժվեցին դեպի Հայաստան։ Այս մարդասիրական օգնության մեջ արցախյան ճակատում բացականերիս ամենաչնչին տուրքն է դժվարին կացությունում հայտնված մեր հայրենիքին։
Այո´, օգնելը մեր բոլորիս պարտքն է, սակայն նաև մեր հոգու ցանկությունը։ Երբ պարտականությունը և ցանկությունը մեկտեղվում են, ապա ստացվում են հետևյալ արդյունքները, որոնք, ինչպես խոստացվել էր, կներկայացնենք գումարային և իրեղեն միջանկյալ այս հաշվետվությունում։
Գումարային մուտքեր դրամական նվիրատվություններից․
«Օգնիր Արցախին, փրկիր կյանքեր» դրամահավաքի նախաձեռնությունից ստացված գումարը կազմում է 25․255 եվրո
Շտապ օգնության ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով բարեգործական դրամահավաքից ստացված գումարը կազմում է 15․440 եվրո
Բեռլինի Հայկական Դպրոցի սաների և ուսուցիչների գեղանկարների առցանց աճուրդից ստացված և նվիրաբերված գումարի չափը կազմում է 595 եվրո
Հայաստանյան հիմնադրամներին և բարեգործական կազմակերպություններին նվիրաբերված/փոխանցված գումարների չափը․
«Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ 5․800 եվրո
«Նոր Հայաստան-Սփյուռք-Հայրենիք» հանրօգուտ կազմակերպությանը տեղահանվածներին պարենամթերքով և այլ իրերով օգնելու համար՝ 4․000 եվրո
1000 Զինվորների ապահովագրական հիմնադրամին՝ 1․000 եվրո
Գումարային ծախսեր անհրաժեշտ իրեր ձեռք բերելու և դեպի Հայաստան տեղափոխելու նպատակով․
Բաբենհաուզենում կենտրոնական պահեստի վարձակալման ծախսը՝ 800 եվրո
Առաջին անհրաժեշտության դեղամիջոցների ձեռքբերման ծախսը սեպտեմբերի 28-ին՝ 2․014 եվրո
Շտապ օգնության ավտոմեքենայի ձեռքբերման ծախսը՝ 12․500 եվրո
Հրատապ հատուկ նշանակության ապրանքների ձեռքբերում Շվեդիայի Կվիբերգ քաղաքից՝ 10․000 եվրո
650 հատ բահերի ձեռք բերման ծախսեր՝ 2245 եվրո
Սեպտեմբերի 30-ին Բեռլինի Կանցլերի նստավայրի դիմաց ցույցի կազմակերպման համար ծախսված գումարը՝ 227 եվրո
Նոյեմբերի 6-ին Բրանդենբուրգյան դարպասների մոտ կազմակերպված ցույցի համար տեխնիկան ձեռք բերելու նպատակով աջակցության գումարը՝ 300 եվրո
Ինքնաթիռով հրատապ դեղամիջոցների առնվազն 6 առաքումների ժամանակ հավելյալ բեռի համար ծախսված գումարի ընդհանուր չափը՝ 360 եվրո
Բաբենհաուզենից Երևան բեռների տեղափոխման համար 5․650 եվրո
Այսպիսով ընդհանուր մուտքերի թիվը գումարային արտահայտությամբ՝ 41․290 եվրո
Ընդհանուր ծախսերի թիվը գումարային արտահայտությամբ՝ 45․260 եվրո
Միջանկյալ մեր հաշվեկշիռը կազմում է առ 16․11․2020թ․-ը՝ -3970 եվրո։
Վերոնշյալ այս թվերն, իհարկե´, չեն կարող արտահայտել ոգու այն ավյունը և սրտագին նվիրվածությունը մեր բոլոր օգնող կազմակերպությունների և անհատների կողմից, ովքեր այս օրերին ինքնամոռացության մեջ հավաքում էին իրեր, նվիրաբերում գումարներ, կազմակերպում երթեր և միջոցառումներ, նամակագրական կապերով լուսաբանում գերմանական հանրությանը և քաղաքականությանն Արցախի հայ ազգաբնակչության նկատմամբ տեղի ունեցող պատերազմական ոճրագործությունների մասին։ Այս ինքնամոռաց նվիրվածությունը չէր կարող չտարածվել նաև մեր բարեկամների վրա, որոնք նույնպես անմասն չմնացին հանգանակելու գործում։ Այսպիսով մեր երախտիքի խոսքը պետք է ուղղենք․
Բազմաթիվ բժիշկներին և բուժաշխատողներին՝ ի դեմս Գերմանիայի Հայ և Գերմանացի Բժիշկների և Բուժաշխատողների Միությանը,
Գերմանիայի մեր սիրելի հոգևորականներին՝ հանձինս Գերմանիայի Հայ Առաքելական Եկեղեցու թեմին,
Բեռների հավաքագրման, տնօրինման, փաթեթավորման և առաքման մեր անխոնջ կազմակերպիչներին՝ հանձինս Բաբենհաուզենի և շրջակայքի հայերին, նրանց ընտանիքներին և ընկերներին,
Հարավային գերմանիայի մեր նվիրյալ հայրենակիցներին հանձինս՝ Բավարիայի Հայ Հայրենակցական միությանը, Արևելյան Քրիստոնյաների Միջազգային Ընկերակցությանը, Նյուրնբերգի Հայ Համայնքին,
Բեռլինի հայ համայնքներին, մեր հայրենակից անհատներին և կազմակերպություններին,
Աշաֆենբուրգի, Մայնի Ֆրանկֆուրտի, Մայնցի, Հանովերի, Նոյշտրելիցի Վոլֆսբուրգի, Էրֆուրտի, Համբուրգի, Բրեմենի մեր բազում հայրենակիցներին և նրանց բարեկամներին,
Քյոլնի, Դորթմունդի, Քիլի, Շվերինի, Նոյ Բրանդենբուրգի, Գրայֆսվալդի, Օդերի Ֆրանկֆուրտի անհատ բարերարներին և ոգևորված ավյունով լի համագործակից ընկեր-ընկերուհիներին,
Բազում ուսանողներին, մտավորականներին, ձեռնարկատերերին, ընտանիքներին, դպրոցականներին և ուսուցիչ-ուսուցչուհիներին, ովքեր լավագույնս ՀԱՅԻ անունը կրելու իրավունք ունեն։
Ես ավելի քան ՀՊԱՐՏ եմ ՀԱՅ լինելուս համար և կիսում եմ այն հպարտությունը մեր բոլոր հայրենակիցների հետ, ովքեր միասնաբար կիսում են մեզ հետ հույզերը, պահի ծանրությունն ու տքնաջան աշխատանքը, ովքեր աղոթքով մեզ և մեր հայրենիքի հետ են, ովքեր ինչ-որ տեղ վարանում են, բայց կանգ չեն առնում, ովքեր հույսով և հավատով են լցված մեր երկրի պայծառ ապագայի նկատմամբ։
Ո´վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է։ «Եղիշե Չարենց»
Այսօր Գերմանիայում սա իրականություն է։ Եվ այս ոգով ու ուժգնությամբ մենք՝ գերմանահայերս, կշարունակենք աջակցել մեր հայրենիքին իրեղեն և դրամական նվիրատվություններով։
ՓԱ´ՌՔ ՈԻ ՊԱՏԻ´Վ ՄԵՐ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻՆ։
Բարեոջույններով՝
ՎԱՐՉՈԻԹՅՈԻՆ