2014թ.-ի նոյեմբերի 15-ը՝ Բեռլինյան աշնանային սակավաթիվ արեւոտ օրերից մեկն էր, որը նշանավորվեց մի գեղեցիկ իրադարձությամբ՝ Եվրոպացի եւ Հայ Մասնագետների Ընկերության (ՀԵՄ) պաշտոնական բացման արարողությամբ, որը տեղի ունեցավ "Alexander Plaza" հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում: Այս իրադարձությունը ազդարարում է նոր ու բազմաբովանդակ մի երեւույթի սկիզբ, որը կյանքի է կոչելու ծրագրեր ու մտքեր, որոնց մեծ մասին ամենայն հավանականությամբ բախտ էր վիճակվելու մնալ թղթերի անկյուններում կամ ուղղակի մարել՝ առանց շունչ ու հոգի ստանալու: Մեր հայկական իրականության եւ պատմական առանձնահատկությունների հրամայականով ժամանակն էր ստեղծել ՀԵՄ կառույցը, որի միջոցով պետք է կայանա տարբեր հարթություններում միջսփյուռքյան կապեր, ինչպես նաեւ վերջինիս կապը ներկա Հայաստանի Հանրապետության եւ Արցախի միջեւ: Մեզ հայտնի են Հայաստան-Սփյուռք եւ Սփյուռք-Հայաստան կապի բազմաբնույթ օրինակներ, սական արդյո՞ք մենք ճանաչում ենք հարեւան պետությունների սփյուռքը, իսկ անհրաժեշտության դեպքում ի՞նչպես կարող եմ օգտակար լինել նրանց եւ նրանք էլ՝ ինձ: Ի՞նչպես կարող եմ ես որպես անձ կամ որպես կազմակերպություն համագործակցել եվրոպական այլ կառույցների եւ անհատների հետ:
Նորածին ՀԵՄ կառույցը կոչված է դառնալու նոր գործունեության հենք ու հարթակ, որը կգրավի ու կմիջնորդի այսօրվա մասնագետին, գործատիրոջը, գյուտարարին, մշակույթային գործչին՝ վերջիններիս համացանցում տրամադրելով տեղեկատվություն ու հանդիպման հնարավորություն՝ առանց միջամտելու նրանց միջեւ կապին եւ նրանց գործառույթային փոխհարաբերություններին: ՀԵՄ Ընկերության բացման տոնակատարությունը պատվեցին բազմաթիվ հյուրեր Գերմանիայից, Եվրոպական երկրներից եւ Արցախից՝ հանձինս Լեռնային Ղարաբաղի կառավարության աշխատակազմի ղեկավար պարոն Լեւոն Գրիգորյանի: Երեկույթի բացման արարողության գեղարվեստական մասն ապահովում էին Սպենդիարյանի անվան Օպերայի եւ Բալետի մենակատար երգիչ՝ պարոն Արտակ Կիրակոսյանն իր հրաշալի ձայնով եւ Բեռլինի պետական Բալետի մենակատար պարող պարոն Արշակ Ղալումյանն իր հիասքանչ պարային խորեոգրաֆիայով:
Այնուհետեւ ժապավենի կտրման պատիվը ստանձնեցին Գերմանական Բունդեսթագի պատգամավոր, բարձրաստիճան հյուր՝ պարոն դր. Մարտին Պետցոլդը եւ ՀԵՄ ՍՊԸ-ի (EAE GmbH) տնօրեն պարոն Միքայել Մինասյանը: Երեկույթը վարում էր Գերմանիայի Ճառագիրների եւ Ճառախոսների Միության ներկայիս նախագահ պարոն դր. Վազրիկ Բազիլը: Սկզբում մտահաղացման հեղինակ պարոն Միքայել Մինասյանը հակիրճ ներկայացրեց այս նոր համաեվրոպական հարթակի էությունն ու հնարավորությունները, ապա ելույթի դաշտը տրամադրեց հյուրերին: Ելույթները բազմաթիվ էին, տարբեր եւ բազմաբովանդակ, իսկ մաղթանքը մեկն էր՝ կանաչ ուղի նոր ձեռնարկին ու կայքէջին:
Գերմանիայում աշխատուժի պակասի եւ նրա համալրման հնարավորությունների ու ուղիների մասին իր ելույթում խոսեց Գերմանական Բունդեսթագի պատգամավոր պարոն դր. Մարտին Պետցոլդը: Իր ողջույնի խոսքով եւ բարեմաղթանքներով հանդես եկավ Գերմանիայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ պարոն Հարություն Գրիգորյանը, ապա Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման թեմայով բանախոսեց Լեռնային Ղարաբաղի կառավարության աշխատակազմի ղեկավար պարոն Լեւոն Գրիգորյան: Այնուհետեւ հարց ու պատասխանի միջոցով ծավալվեց բանախոսության կլոր սեղան: Ընդմիջումից հետո միջոցառման հյուրերը ներկայացրին իրենց կազմակերպությունները, ծրագրերն ու մտահաղացումները:
Անասելի ոգեւորիչ էր Դանիայից ժամանած երեք երիտասարդների համատեղ ելույթը, ովքեր ներկայացնում էին Amstream կազմակերպությունը: Այնուհետեւ պատիվ ունեցանք Շվեդական SEVAN AB կոնցեռնի գործունեությանը ծանոթանալու Շվեդիայից ժամանած գործարար եւ մեծ բարերար պարոն Հրաչ Մարությանին, ով հանդիսանում է վերոհիշյալ կոնցեռնի նախագահը: Ելույթներով հանդես եկան Գերմանա-Հայկական Ընկերակցության Նախագահ պարոն դր. Րաֆֆի Կանտյանը, ով ի թիվս այլ թեմաների՝ խոսեց նաեւ հայկական սփյուռքում տնտեսական գործառույթների փոխկապակցման եւ ակտիվացման կարեւորության մասին, Շվեդիայի հոգեւոր առաջնորդ վարդապետ Հայր Եղիշե Ավետիսյանը, ով ներկայացրեց Սկանդինավիայում Հայ Առաքելական Եկեղեցու Թեմ հիմնելու գործընթացը, Լայպցիգի համալսարանի գիտաշխատող Յուրգեն Գիսպերտը, ով գիտականորեն հիմնավորեց տուրիզմի դերը Հայաստանի տնտեսության զարգացման գործում, ինչպես նաեւ պարոն Կրիկոր Մանուգյանը, ով ներկայացրեց ցեղասպանության 100ամյակին ընդառաջ ծրագրի շուրջ իր արվեստի մի յուրահատուկ ձեւով հանդես գալու մտահաղացումը: Տեղեկատվության իրավաբանական մասը լրացրեց «Գոլդենշտայն եւ Ընկերներ» տնտեսաիրավաբանական գրասենյակի ներկայացուցիչ պարոն կոնրադ Լեհմանը, ով մասնավորապես անդրադարձավ տնտեսական գործունեություն ծավալելու նպատակով Գերմանիայում բնակության կարգավիճակ ստանալու օրինական հնարավորություններին: Inderior DaSein Գալերիայի կերպարվեստի գործունեության մասին ելույթով հանդես եկավ պարոն Արչի Կալենցը, ում կտավները զարդարել էին հյուրանոցի կոնֆերանսների դահլիճի պատերը: Միջոցառումն ավարտվեց ուշ երեկոյան՝ ընթանալով բանախոսությունների ու աշխույժ քննարկումների մթնոլորտում: Ավարտից հետո իմ տպավորությունն ու կարծիքը մեկն էր. - Այո', ժամանակն է որդեգրել նոր գործելաոճ, քանզի մեր ժամանակներն ունեն նոր հրամայականներ, մեծ պահանջներ, իսկ մենք էլ պարտավոր ենք մեր մտահաղացումներով, նոր ծրագրերով համահունչ քայլել ժամանակի հետ եւ հնարավորինս ռացիոնալ իրականացնել վերջիններս: Ուրեմն եկե'ք հանդիպենք (ՀԵՄ) EAE կայքէջի նոր հարթակում, նոր ձեւաչափերով՝ կյանքի կոչելու մտքեր ու ծրագրեր:
Բարի' երթ, ՀԵ'Մ...
Սրբուհի Մարտիրոսյան
Բժշկուհի, ՀԵՄԱ 2-րդ Նախագահ