01.12.2019թ.-ին ժամը՝ 15.00-ին Փրկչի եկեղեցում տեղի ունեցավ <<Բեռլինաբնակ հայերի առկա խնդիրներն այսօր>> թեմայով զրույց-բանավեճ, որը կազմակերպել էր ՀԵՄԱ հ/կ վարչությունը: Բեռլինաբնակ հայերի առկա խնդիրների մասին՝ կապված վերջիններիս սոցիալական, առողջության և ինքնության պահպանման կարիքների հետ, ակնարկային ելույթներ ունեցան ՀԵՄԱ հ/կ առաջին նախագահ պարոն Միքայել Մինասյանը, Բեռլինի Եկեղեցական և Մշակութային Հայ Համայնքի Վարչության անդամ տիկին դր. Հասմիկ Մելքոնյանը՝ ներկայացնելով Սփյուռքի համայնքային և եկեղեցական կառույցների դերը հայապահպանության գործում, Բեռլինի հգևոր հովիվ Հայր Եղիշե Վրդ. Ավետիսյանը և գրող/հրապարակախոս Սամվել Հովասափյանը: Բոլոր բանախոսներն օրինակներով ներկայացրեցին այն հրատապ խնդիրները, որոնց հետ ամեն օր շփվում են բեռլինաբնակ հայերը և փորձում դրանք հաղթահարել: Այս զրույցի ընթացքում առանձնացվեցին թեմատիկ հետևյալ դրույթները.
- Վերջին տարիներին Բեռլին ներգաղթած հայերի կեցությանը և առողջությանը վերաբերվող հարցեր, ովքեր դեռ չեն տիրապետում գերմաներեն լեզվին և այսպիսով բժիշկների մոտ, տեղական պետական մարմիններում նրանց այցելությունների ժամանակ հարուցվում են բազմաթիվ հաղորդակցային դժվարություններ:
- Համագործակցության պակասը Բեռլինում գործող Հայկական կիրակնօրյա դպրոցների միջև:
Քննարկվեցին նաև այնպիսի խնդիրներ, թե ինչպես կարելի է կանգնեցնել ապակենտրոն և կազմաքանդ պառակտման միտումները և բեռլինյան տարբեր դպրոցներին, որոնց զգալի մասն առաջացել է ՀԵՄԱ հ/կ կից Բեռլինի Հայկական Դպրոցի տրոհման արդյունքում, կրկին միավորել՝ համախմբելով կրթադաստիարակչական առկա ներուժը, որն էլ կբարձրացնի հայապահպան այս գործի արդյունավետությունը: - Արածարծվեց նաև բավականին վաղ ժամանակներից մնացած այն խնդիրը, թե ի՞նչն է խորացնում Բեռլինի աշխարհիկ և եկեղեցական համայնքների միջև առկա անջրպետը:
Ինչպիսի գաղափարական տարաձայնությունների պատճառով է անհնար դառնում երկու համայնքների համագորցակծությունը, առավել ևս միասնությունը: Ինչ ընդհանրություններ կարելի է գտնել, որոնց հողի վրա կարելի կլիներ կրկին կյանքի կոչել երկուստեք համագործակցությունն ու միասնությունը:
Կարճ նախաբանային ելույթներից հետո սկսվեց բավականին աշխույժ զրույց-բանավեճ մասնակիցների միջև, ովքեր տարբեր տեսանկյուններից մեկնաբանեցին իրենց հայեցակետերը: Առաջարկվեցին այնպիսի լուծումներ, ինչպիսիք են հեռաձայնային հերթապահության սահմանում նորեկ հայ հիվանդներին բժիշկների և պետական մարմինների աշխատակիցների հետ շփվելիս վերջիններիս թարգմանությամբ անվճար սպասարկելու համար:
Մեկ այլ առաջարկ արվեց կիրակնօրյա դպրոցների միջև համագործակցությունը խթանելու հարցում, օրինակ՝ այնպիսի նշանալից տոնական միջոցառումներ ժամանակ, ինչպիսիք են Ապրիլ 24-ը կամ Գերմանա-Հայկական Մշակութային օրերը, դպրոցականների ելույթները համատեղ պատրաստելու և ցուցադրելու մեջ: Իսկ Հայ Առաքելական Եկեղեցու և Բեռլինի աշխարհիկ հայ համայնքի անդամների փոխհարաբերությունների մերձեցման քննարկման ժամանակ բավականին բորբոքվեցին կրքերը և որևէ բան չառաջարկվեց: Սակայն մեկ հարցում հավաքված բոլոր հյուրերը համամիտ էին. նման երկխոսության երեկոներն առաջիկայում պետք է շարունակել այս ձևաչափով:
Վերոնշյալ միջոցառումից անմիջապես հետո՝ հիշյալ եկեղեցուն կից համայնքի սրահում, հավաքված հյուրերը միասնաբար ճաշակեցին հայկական ավանդական խաշ: Խաշը պատրաստել և առաքել էր մեր միության բարեկամ և աջակից Աշոտ Մանուկյանն՝ իր ընտանիքի անդամների հետ միասին, ում հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը: Երեկոն ավարտվեց հյուրերի բարձր տրամադրությամբ:
Հղում տեսանյութին.
Ասմունքում է Եղիշե վրդպ. Ավետիսյանը. Պ. Սևակ. <<Մենք քիչ ենք, բայց մեզ Հայ են ասում...>>