Բեռլինի Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա հ/կ-ը, համագործակցելով Երևանի ՀԱՅԿՈՆԳ ՍՊ ընկերության հետ, 2024թ․-ի հուլիսի 1-ին վերստին մեկնարկեց «Վիրավոր և հաշմանդամ զինվորների, կամավորականների, ինչպես նաև Արցախից բռնի տեղահանվածների համար տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման դասընթացներ» ծրագիրը։ Ծրագիրը նախատեսված է անսկացնել 1 տարի ժամկետով՝ մինչև 2025թ․-ի հունիսի 30-ը։
Ծրագիրը հովանավորվում է Գերմանիայի Արտաքին Գործերի Նախարարության կողմից, աջակցվում՝ ՀՀ Սփյուռքի Գործերի հանձնակատարի գրասենյակի, «Զինապահ» զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի և Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի կողմից։
Ծրագրի նպատակը․
Հաշվի առնելով 44-օրյա պատերազմի և Արցախի մեր հայրենակիցների բռնի տեղահանման հետևանքով առաջացած ծանր սոցիալական կացությունը, որն այսօր էլ խնդիրներ է հարուցում կրթական, ընդհանուր զարգացման և նաև պատերազմի հետևանքների վերացման աշխատանքներում, որոշեցինք երկրում ստեղծված դժվարին մարտահրավերներին դիմակայելու նպատակով վերագործարկել վերոնշյալ ծրագիրը։ Վիրավորում կամ հաշմանդամություն ստացած զինվորների և Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կրթական մակարդակը բարձրացնելու և վերջիններիս աջակցելու բարձր վճարովի աշխատատեղեր գտնելու համար առաջարկում ենք հետևյալ․
Ծրագրի նկարագրությունը․
Վերոնշյալ ծրագրով անցկացվում են
- մաթեմատիկայի,
- բարձրագույն մաթեմատիկայի,
- պիտոն (Python) լեզվով ծրագրավորման հիմունքների,
- արհեստական բանականության (Artificial Intelligence) և մեքենայական ուսուցման (Machine Learning),
- WEB ծրագրավորման,
- որակի ապահովման (QA ),
- վիճակագրության և անալիզի հիմունքների,
- տեխնիկական անգլերեն լեզվի դասընթացներ։
Նախնական գիտելիքներ ՏՏ բնագավառում ծրագրի դիմորդների համար պարտադիր չեն, քանզի դժվարից դեպի հեշտ ուսումնական մեթոդով հնարավորություն է ստեղծված, որ եռամսյա քննությունների արդյունքների հիման վրա մասնակիցներն ընտրեն ՏՏ ոլորտի սեփական ուժերին և գիտելիքներին հարիր ավելի մատչելի մասնագիտացում, այսպես օրինակ՝ առաջին եռամսյա քննություններից հետո ծրագրին մասնակից-անդամները տարանջատվում են երկու խմբերի՝ արհեստական բանականության ուսումնասիրման ուղղորդմամբ Python ծրագիրը ուսումնասիրող և WEB ծրագրավորում սովորող հոսքերի։ 2-րդ եռամսյակի քննության արդյունքներում ձևավորվում է որակի ապահովման(QA) դասընթացներն ուսումնասիրող մեկ այլ 3-րդ խումբ։ Ծրագիրը 4-րդ եռամսյակի վերջին եզրափակվում է ընթացքում կատարած պրակտիկ նախագծային աշխատանքների ներկայացմամբ։
Վերոնշյալ բոլոր առարկաների դասերն անցկացվում են առկա և առցանց եղանակով, իսկ ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցներին տրվում են ՀԵՄԱ հ/կ կողմից որակավորման վկայականներ։
Ծրագրին դիմելու և մասնակցելու պայմանները․
Ծրագրին մասնակցելն անվճար է։
Ծրագրին կարող են դիմել չափահաս տարիքի անձիք(18+)։
Մասնակիցների համար չի նախատեսվում կրթական թոշակ։
Ծրագրին կարող են մասնակցել Արցախյան պատերազմներում կամ հայ-ադրբեջանական ընդհարումներում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած զինվորներն ու կամավորականները, ինչպես նաև Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները և զոհված մարտիկի ընտանիքի անդամները։ Ծրագրի մասնակիցների համար նախատեսված է առավելագույնս 30 ուսման տեղ։
Ծրագրին մասնակցելու համար դիմորդները ներկայացրել են․
1․ գրավոր հայտ (լրացնելով սույն հայցադիմումի ձևանմուշը)
2․ վիրավորում կամ հաշմանդամություն ստանալու վերաբերյալ տեղեկանք կամ այլ պաշտոնական փաստաթուղթ (զինվորական գրքույկ, հաշմանդամության կարգ և այլն)
3․ Արցախից բռնի տեղահանված լինելու վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ (տեղեկանք, նշում անձնագրում, տեղահանվածի վկայական և այլն) և զոհված մարտիկի վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ։
Գրավոր ստորագրված հայտը և վերոնշյալ պահանջված փաստաթղթերը ներկայացվել են հետևյալ էլ․ փոստի հասցեով․ info@aeae.eu մինչև սույն թվականի հուլիսի 1-ը։ Հարցերի դեպքում կապվելու հնարավորություն է տրվել հետևյալ բջջային համարով՝ + 37498663772
Դրական պատասխան ստանալուց հետո երեք փուլերով՝ 2024թ․-ի հունիսի 15-ին, 25-ին և հուլիսի 1-ին, դիմորդները ներկայացել են Ագրարային Ազգային Համալսարանի շենք, հասցեն՝ ՀՀ, Երևան 0009, Տերյան փողոց, թիվ 74, 2-րդ մասնաշենք, 309 սենյակ,
1․ մասնակցելու մաթեմատիկական տրամաբանության գրավոր թեստաշարին,
2․ ապա նույն օրը դրական արդյունք գրանցելուց հետո (ստուգված/չստուգված)՝ կազմակերպիչ հանձնաժողովի մոտ անցնել բանավոր հարցազրույց։
Վերջնական արդյունքների մասին բոլոր դիմորդները տեղեկացվել են 2024թ․-ի հուլիսի 1-ին գրավոր կարգով։
Հուլիսի 1-ին ծրագրում ընտրված 28 մասնակիցներ մեկնարկեցին վերոնշյալ դասընթացները։ Նույն օրը նրանք ՀԵՄԱ հ/կ գործընկեր հանդիսացող ՀԱՅԿՈՆԳ ՍՊ Ընկերությունից ստացել են դյուրակիր համակարգիչներ, ականջակալներ և պայուսակ, որոնք ֆինանսավորվել են Գերմանական Արտաքին Գերատեսչության կողմից։
Հուսով, որ վերոնշյալ ծրագիրը այս անգամ նույնպես կունենա բարեհաջող ավարտ, կցանկանայինք մեր սաներին պտղաբեր կրթական ճանապարհ։
Վերոնշյալ ծրագրի շարունականությունը հաջորդ տարիներին ապահովելու և ծրագիրն ընդլայնելու նպատակով կխնդրեինք կատարել դրամական նվիրատվություններ։
Դուք կարող եք Ձեր դրամական նվիրատվությունը Հայաստանում փոխանցել հետևյալ հաշվեհամարին․
Շահառու․ ՀԱՅԿՈՆԳ ՍՊԸ
Բանկ․ ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ ՓԲԸ
Դրամի հաշվեհամար․ 19 3001 0840 8900
Նպատակը․ Աջակցություն «Վիրավոր և հաշմանդամ զինվորների և Արցախից բռնի տեղահանվածների համար ՏՏ ուսուցում» կրթական ծրագրին
Գերմանիայում կխնդրեինք փոխանցել Ձեր նվիրատվությունը եվրոյի հետևյալ հաշվեհամարին․
Շահառու․ AEAE e. V. (VEuAF e.V.)
Բանկ․ Postbank Berlin
IBAN: DE62 1001 0010 0432 1871 07
BIC: PBNKDEFF
Verwendungszweck: Spende fürs Projekt “IT-Ausbildung für Kriegsverletzte und Vertriebene in Armenien“
Ձեր նվիրատվությամբ Դուք կօգնեք բազմաթիվ կարիքի մեջ հայտնված ընտանիքներին վաստակելու իրենց հանապազորյա հացը և կստեղծեք ապահով ապագա նրանց համար։ Նախապես հայտնում ենք մեր խորին շնարհակալությունը։
Հարգանքներով՝
ՎԱՐՉՈԻԹՅՈԻՆ
Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա հ/կ - ՀԵՄԱ
Assocation of European and Armenian Experts e.V. - AEAE
Verband der Europäischen und Armenischen Fachleute e.V. – VeuAF