IMG-LOGO

Դոկտոր Վազրիկ Բազիլի դասախոսությունը՝ «Երբ Բանը խոսում է, իսկ Լռությունը՝ պատասխանում», ՀԵՄԱ հ/կ կից Բեռլինի Հայկական Կիրակնօրյա դպրոցի սաների բեմական ներկայացումների ուղեկցությամբ

22-05-2026
IMG

Բեռլինում անցկացվող Գերմանա-հայկական մշակութային օրեր 2026-ի շրջանակում մայիսի 22-ին Կարլսհորստի մշակույթի տանը տեղի ունեցավ մանկական ծրագիր, որը համադրված էր գիտական դասախոսությամբ։

 

Դոկտոր Վազրիկ Բազիլը, գերմանացի հեղինակ, հրապարակախոս, դասախոս և խոսքագիր, հանդես եկավ դասախոսությամբ՝ «Երբ բանը խոսում է, իսկ լռությունը՝ պատասխանում» խորագրով։

 

Դասախոսությունն ընդգրկում էր նաև երկու բեմական կատարումներ.

  1. Խոսքի զորությունը (Ծննդոց 1, 3–4ա)

  2. Խոսքին հնազանդ (Ծննդոց 22, 1–19)

 

Դասախոսության առանձին բաժինների միջև ՀԵՄԱ հ/կ կից Բեռլինի հայկական կիրակնօրյա դպրոցի սաները ներկայացրին թեմատիկ բեմադրություններ՝ պարով, երգով և թատերական բեմականացումներով։

 

Երեկոն բացեցին ՀԵՄԱ հ/կ կից Բեռլինի հայկական դպրոցի փոքրիկ սաները՝ վալսային կատարումով։ Այնուհետև «Եվրոպացի և Հայ մասնագետների ասոցիացիա - ՀԵՄԱ» հանրային կազմակերպության առաջին նախագահ Միքայել Մինասյանը ողջունեց հավաքված հյուրերին և բեմը թողեց երիտասարդ դերասանուհիներին ու դերասաններին։

 

Աստվածաշնչյան տեսլականով տիեզերքի և աշխարհի աստվածային արարչագործության մասին թատերական բեմադրության առաջին մասից հետո դոկտոր Բազիլը սկսեց իր դասախոսությունը։

 

«Երբ բանը խոսում է, իսկ լռությունը՝ պատասխանում» 

 

«Խոսված բանն է ուժի մեջ»

 

Խոսելու և լռելու միջև լարվածությունն լավագույնս կարելի է բացահայտել Բլեզ Պասկալի հայտնի նախադասության թարգմանության միջոցով.
«Այս անսահման տարածությունների հավերժական լռությունն ինձ սարսափեցնում է»։


Արդյո՞ք «le silence»-ը պետք է թարգմանենք որպես «անդորր», թե՞ որպես «լռություն»։ Երեք հարյուր տարի անց մեկ այլ ֆրանսիացի մտածող՝ Պոլ Վալերին, Պասկալի այս նախադասության մասին ամփոփագիր գրեց և հարց բարձրացրեց, թե ինչու՞ խորապես հավատացյալ քրիստոնյա Պասկալը տիեզերքում ոչինչ չէր լսում, մինչդեռ Աստվածաշունչը լի է վկայություններով, ըստ որոնց՝ աշխարհը փառաբանում է Աստծո փառքը։

 

Ի՞նչ է նշանակում այս դիտարկումը մեր թարգմանության տեսանկյունից։ Անդորրը նույնը չէ, ինչ լռությունը։ Անդորրը լռություն է դառնում միայն այն ժամանակ, երբ մարդ պատասխան է սպասում և ոչինչ չի արձագանքում։ Միայն այդ դեպքում է անդորրը դառնում «լռություն»։ Իսկ եթե մարդ պատասխան չի սպասում, ապա խոսքը ոչ թե «լռության», այլ պարզապես «անդորրի» մասին է։

 

Այս հարցին որոշ չափով պատասխանելու համար պետք է մի քանի քայլ կատարել։ Առաջին քայլը աչքի մշակույթի և ականջի մշակույթի տարբերակումն է։ Իհարկե, մեր զգայարանները հնարավոր չէ խիստ բաժանել կամ հստակ սահմանազատել, սակայն կողմնորոշվելու համար այս տարբերակումը օգտակար է։

 

Հույների ժամանակներից ի վեր՝ և մենք այդ մշակույթի ժառանգորդներն ենք, աչքը համարվել է մարդու ամենաուժեղ օրգանը։ Հավանաբար հենց այդ պատճառով Եվրոպայում բնագիտությունը սկիզբ է առել մարմինների ֆիզիկայից։ Աչքը կապված է իմացության հետ։ «Իմանալ» բառը սկզբնապես նշանակել է «տեսնել», ինչպես նաև idea կամ theoria բառերը։ «Թատրոն» բառը նույնպես կապված է «տեսության» հետ՝ դիտելու և նայելու իմաստով։ Աչքը պահպանում է հեռավորություն։

 

Իսկ ականջը կապված է հավատի հետ։ Աստված հայտնվում է իր ձայնով, քանի որ ով Աստծուն տեսնի՝ կմահանա։ Ականջը մերձեցման օրգանն է, այդ պատճառով ժամանակակից ատոնալ երաժշտությունը հաճախ մեզ անհանգստացնում է։ Հնչյունները, աղմուկները և ձայները կապված են զգացմունքների հետ։ Հույները նույնիսկ վարում էին մի տեսակ ձայնային քաղաքականություն։ Ականջը լսում է իրադարձություններ և արմատավորված է ժամանակի մեջ։

 

Այս նկարագրությունը, իհարկե, բացարձակ չէ։ Ընդհանուր առմամբ կարելի է ասել՝ Երուսաղեմը ներկայացնում է ականջի մշակույթը, իսկ Աթենքը՝ աչքի մշակույթը։

 

Որտե՞ղ են հանդիպում աչքն ու ականջը։ Խոսքի մեջ։ Խոսքի մեջ մենք տեսնում ենք տառերը և միաժամանակ լսում մեր ձայնը. նույնիսկ լուռ կարդալիս մենք կարդում ենք մեր ներքին ձայնով։

 

Եվ որտե՞ղ են միավորվում բազմաթիվ խոսքեր։ Գրքում։ Աստվածաշունչն արդեն խոսում է «Կյանքի գրքի», «Արարչագործության գրքի» և հետագայում նաև «Բնության գրքի» մասին։ Աստծո մոտ խոսքն ու գործը միասնության մեջ են։ Այդ իմաստով արարչագործությունը Աստծո խոսքի արտահայտումն է։

 

Հայերենում այս փոխաբերությունը ավելի է խորանում. «Տարագիր» բառը բառացիորեն նշանակում է «վերագրված» կամ «վերաշարադրված» մարդ»։ Նույնիսկ մեղավոր մարդը տարագիր է, եթե անգամ հայրենիք ունի։ Այս տեսանկյունից Քրիստոսը հանդես է գալիս որպես մեկը, ով «վերագրում» է մարդուն՝ նրան նորից ճիշտ դարձնելով։

 

Վերադառնանք այժմ լռությանը և բանին։ Այստեղ կարելի է տարբերակել երեք ուղղություն՝

  1. Աստծո լռությունը մարդու հանդեպ,

  2. Մարդու լռությունը Աստծո հանդեպ,

  3. Արարչագործության լռությունը մարդու հանդեպ, ինչպես Պասկալի մոտ։

 

Երբ Աստված լռում է մարդու հանդեպ, դա տեղի է ունենում չարի և տառապանքի ներկայությամբ, երբ Նա չի կանխում դրանք։ Սա թեոդիցեայի դասական հարցն է՝ Աստծո արդարացման խնդիրը։

 

Երբ մարդն է լռում Աստծո հանդեպ, այստեղ լսելն ու գործելը միասնության մեջ են. Աստծուն լսել նշանակում է կատարել Նրա պատվիրանները։

 

Իսկ արարչագործության դեպքում լռությունը նշանակում է, որ մարդը չի կարողանում կարդալ արարչագործությունը, և այդ պատճառով էլ այն չի լսում։

 

Այս հարցը մնում է բաց։ Սակայն «անդորրի» և «լռության» հարաբերությունը շարունակում է պահպանվել նաև այստեղ։

 

Դասախոսությունից հետո երիտասարդ դերասանուհիներն ու դերասանները շարունակեցին իրենց բեմադրությունը «Սկզբից հետո – խոցելի արարչագործությունը» ներկայացմամբ։ Նրանք մեծ նվիրումով և համոզիչ խաղով մարմնավորեցին իրենց դերերը։

 

Թատերական ներկայացումից հետո տեղի ունեցավ հարց ու պատասխան ձևաչափով քննարկում բանախոսի և ներկա հյուրերի միջև։ Երեկոն անցավ ուսուցողական և հոգեպես հարստացնող մթնոլորտում։

 

Բեռլինի Գերմանա-հայկական մշակութային օրերը անցկացվում են պրոֆ. դոկտոր Մարտին Պեցոլդի և Բեռլին-Լիխտենբերգի շրջանային քաղաքապետ Մարտին Շեֆերի հովանու ներքո։ Դրանք ֆինանսավորվում են Լիխտենբերգի շրջանի մշակույթի և շարունակական կրթության վարչության կողմից և աջակցվում են Կարլսհորստի մշակույթի տան կողմից։