IMG-LOGO

ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍԵՐ. «ՄԻՋԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՀԱՄԱՑԱՆՑՈԻՄ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՔՆՈԻԹՅՈԻՆ»

04-03-2025
IMG

Ի՞նչ ընդհանրություններ ունեն հայոց լեզուն, հայկական երգերն ու պարերը և հայկական քանդակը։ Դրանք հայկական ինքնության բաղադրիչներ են՝ լեզվի և մշակույթի տեսքով։ Մայիսի 9-ին Բեռլինի Կարլսհորստ շրջանի մշակույթի տանը ավելի քան 30 մասնակիցներ ըմբոշխնեցին հայկական մշակույթի մաս կազմող այս բարիքները։ Այնտեղ հայ մշակույթի և լեզվի չորս ներկայացուցիչներ այցելուներին առաջարկեցին իրենց արագացված վարպետաց դասընթացները։ Նախ ՀԵՄԱ հ/կ առաջին Նախագահ պարոն Միքայել Մինասյանը ողջունեց այցելած հյուրերին, ներկայացրեց վարպետաց դասերի յուրաքանչյուր արագացված դասընթացի էությունը, ապա խոսքը փոխանցեց նախագծերի ղեկավարներին։ Նրանք կարճ դասախոսությամբ բացատրեցին իրենց նախագիծը, այնուհետև այցելուները բաժանվեցին չորս դասընթացային խմբերի մշակույթի տան չորս տարբեր սրահներում և մասնակցեցին իրենց ընտրած դասընթացին։

 

Յուրաքանչյուր արագացված դասընթացի ղեկավար դասավանդման համար հատուկ մշակած իր մեթոդով անցկացրեց վարպետաց իր դասը:

 

Գայանե Կուհն – Բեռլինից հայերենի ուսուցչուհին առաջարկում էր արագ տեմպերով մի մեթոդ, որով հայոց լեզվին անծանոթ օտար այցելուն կարողացավ 1,5 ժամում արագ սովորել 39 տառից բաղկացած հայոց այբուբենը՝ լատինատառերի հետ համակցված ընթերցմամբ և սովորել արտաբերելու պարզ հայերեն բառեր և նախադասություններ։ Որպես նմուշային տեքստ ընտրվել էր «Գիրքը» բանաստեղծությունը։

 

Բեռլինի պարուսույց Էրիկ Բարսեղյանը առաջարկում էր Կարլսհորստի մշակույթի տան համերգասրահի բեմում իր պարի դասընթացը այցելուների համար՝ սովորեցնելով փոքրից մեծ մասնակիցներին պարել Կարնո-Քոչարի հին հայկական ավանդական պարը՝ խոյամարտի խորհրդանիշով։ Այցելուները նախ ընդօրինակում էին պարոն Բարսեղյանից նրա պարային շարժումներն, ապա ինքնուրույն այդ շարժումները սինխրոնիզացնում էին մնացած պարողների շարժումների հետ՝ առանց՝ որևէ մեկի օգնությանը դիմելու։

 

Արտակ Համբարձումյանը՝ Հայաստանից ժամանած քանդակագործ-խաչքարագործության վարպետը դասի մեկնարկից առաջ ներկայացրեց հայկական խաչքարի ստեղծման և զարգացման փուլերի հակիրճ պատմությունը, նրա խորհուրդը, ապա մասնակիցներին ցույց տվեց, թե ինչպես է տուֆե սալիկի վրա փորագրելով՝ վերջինս խաչքարի տեսքով գլուխգործոցի վերածում։ Վարպետաց դասին մասնակից դեռահաս և չափահաս բոլոր անդամները հնարավորություն ունեցան իրենց հատկացված հարթ տուֆե սալիկների վրա մատիտով ձևավորելու զարդանախշը և ապա այն փորագրելու: Վարպետն իհարկե՜ օգնում էր սկսնակ աշակերտներին։ Դասընթացն ուղեկցվում էր նաև նկարչի հավաքածուի խաչքարերի ցուցադրությամբ։

 

Հայաստանից ժամանած դաշնակահար և պրոդյուսեր Արեգ Առուստամյանը, որ «Արթնացե՛ք, մարդիկ, մարդիկ աշխարհի» երգի (խոսք և երաժշտություն՝ Սրբուհի Մարտիրոսյանի) գործիքավորողն էր, երգ, որը հատուկ մշակվել է այս մշակութային օրերի համար և հանդիսանում է խորհրդանշական ուղեցույց գերմանա-հայկական մշակութային օրերի առաջիկա տաս տարիների համար, 1,5 ժամվա արագացված երգեցողության դասի ընթացքում վերոնշյալ երգը լատինատառ տառադարջության միջոցով ուսուցանեց հայ երգարվեստով հետաքրքրվող մասնակից գերմանացի հյուրերին։

 

Յուրաքանչյուր դասընթաց տևեց մոտ 1,5 ժամ։ Այնուհետև բոլոր մասնակից-այցելուները բարձրացան մշակույթի տան համերգասրահի դահլիճ, որտեղ արագացված այս դասընթացների ղեկավարները որոնք նաև չորս հոգուց բաղկացած ժյուրիի անդամներն էին, գնահատեցին իրենց մասնակիցների ելույթներն ու աշխատանքները։ Յուրաքանչյուր մասնակից անահատապես կամ խմբակային կարգով ներկայացրեց իր սովորած ստեղծագործությունը՝ երգելով, պարելով, կարդալով և իր ձեռքով տուֆե սալիկի վրա փորագրված զարդանախշը ներկայացնելով ժյուրիի գնահատականին։ Ժյուրին մասնակիցների կարողությունները գնահատում էր 1-ից(նվազագույն) մինչև 10(առավելագույն) բալային համակարգով: Նրանցից չորս լավագույնները յուրաքանչյուր անվանակարգում ստացան ՀԵՄԱ հ/կ վարչության կողմից մրցանակներ: Մրցույթը վարում էր ՀԵՄԱ հ/կ առաջին նախագահ Միքայել Մինասյանը։

 

Վարպետաց դասերի հաջողության հետևանքում ներկա մասնակիցները հայտնեցին իրենց ցանկությունն՝ ապագայում էլ նմանատիպ միջոցառումներին մասնակցելու։ Եվս մեկ հայկական ինքնության ամրապնդման փորձառությամբ ՀԵՄԱ հ/կ նախաձեռնությունների շարքն այս վարպետաց դասերով հարստացավ։