Բեռլինի Կարլսհորստ մշակույթի տանը 2024թ․-ի մայիսի 3–ի երեկոյան հանդիսավորությամբ բացվեցին ավանդական, արդեն իններորդ գերմանահայկական մշակութային օրերը։ Միջոցառումների շարքը, որը մշտապես միտված է խորացնել երկու ժողովուրդների միջև կապը, այս տարի կրում է «Ճշմարտությունների կենտրոնում» խորագիրը եւ մեկնարկեց գեղանկարների ցուցահանդեսով։ Գերմանացի արվեստասերները պատիվ ունեն այս անգամ մեկ ամիս շարունակ դիտել և վայելել հայ վաստակավոր գեղանկարիչ Հրանտ Թադևոսյանի արվեստը։
Բացման արարողությանը ներկա էին Գերմանահայոց կենտրոնական խորհրդի նախագահ Յոնաթան Շպանգենբերգը, Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, Բեռլինի Լիխտենբերգ թաղամասի քաղաքապետի ներկայացուցիչ և խորհրդական տիկին դր․ Կատրին Գոկշը, բազմաթիվ հայ և գերմանացի մտավորականներ, արվեստագետներ և արվեստասերներ։
Միջոցառման կազմակերպիչ, ՀԵՄԱ ՀԿ առաջին նախագահ պարոն Միքայել Մինասյանը ողջունելով ներկաներին՝ նախ շնորահակալություն հայտնեց գլխավոր հովանավորներին՝ Լիխտենբերգի թաղապետարանին՝ ի դեմս թաղապետ Մարտին Շեֆերի և Բեռլինի պատգամավորական տան անդամ դր․, պրոֆ․ Մարտին Պետցոլդի (մայրը՝ Ալինա Մարտիրոսյան) նաև մշտական գործընկերներ՝ Կարլսհորստ մշակույթի տան ողջ անձնակազմին․ «Սույն ցուցահանդեսով ուզում ենք այսօրվա գորշ իրականությանը հակադրել գունազարդ այս նկարների պայծառությունը»։
Տիկին Գոկշն իր ելույթի սկզբում նախ փոխանցեց Լիխտենբերգի թաղամասի քաղաքապետ պարոն Մարտին Շեֆերի ողջույնի և շնորհավորանքի խոսքը։ Նշեց, որ ինքը շատ ուրախ է այսօր այտեղ լինելու համար․ «Արդեն իններորդ անգամն է տեղի ունենում այս միջոցառումների շարքը, և մենք հասցրել ենք բավականին մտերմանալ, ընկերներ դառնալ։ Մենք բոլորս սրտանց ենք այս մշակութային օրերը կազմակերպում և մասնակցում։ Գեղեցիկ կոնտրաստով նկարները, որոնք ես այստեղ տեսնում եմ, ինձ հուզում են, հմայում, տեսնում եմ, թե ինչքան ապրումներ կան մեջը, ինչպես է կյանքին գույն տրված․․․ և արդեն անհամբերությամբ սպասում եմ տասներորդ՝ հոբելյանական, մշակույթի օրերին և գիտեմ, որ բացառիկ են լինելու, թեև բոլոր տարիներին են բացառիկ եղել»։
Իսկ ՀՀ դեսպան պարոն Ենգիբարյանն իր խոսքում շնորհակալություն հայտնելով բոլոր հովանավորներին և կազմակերպիչներին՝ շեշտեց, որ հայ–գերմանական մշակութային համագործակցությունը մեզ համար շատ կարևոր է․ «Կարող եմ հստակորեն փաստել, որ մենք մշակույթ արտահանող երկիր ենք, ինչի համար շատ ուրախ եմ։ Այս փաստն արձանագրելը շատ մեծ պատիվ է մեզ համար։ Յուրաքանչյուր շաբաթ Գերմանիայով մեկ տարատեսակ հայկական մշակութային միջոցառումներ են կազմակերպվում՝ երեկ Լայպցիգում էր, այսօր Բեռլինում։ Անդադար այսպես շարունակ»։
Գերմանահայոց կենտրոնական խորհրդի նախագահ պարոն Շպանգենբերգը նույնպես կարևորեց այս մշակութային օրերը․ «Մենք՝ հայերս, հենց մեր ստեղծարարությամբ և մշակույթով ենք գոյատևել։ Այս շատ դժվարին օրերում էլ ինչպես օրինակ՝ այս գեղանկարները, երաժշտությունը, այնպես էլ մեր պոեզիան, մեր գրականությունը մշտապես աճում և տարածվում են։ Եվ այս սրահը հրաշալի վայր է այն կիսելու, փոխանցելու համար։ Հարկավոր է ավելի ինտենսիվ դարձնել, որ հնարավոր լինի այդ հարուստ մշակութային համագործակցությունը։ Անձամբ իմ կողմից խորին շնորհակալություն բոլոր կազմակերպիչներին այս իննամյա գերազանց աշխատանքի համար և վստահ եմ, որ այսօրվանից մեկնարկած Բեռլին–Երևան ուղիղ չվերթները մեծապես օգնելու են այս գործին»։
Բեռլինաբնակ վաստակաշատ գեղանկարիչ Արչի Կալենցը նշեց, որ իր համար մեծ պատիվ է խոսել մաեստրո Հրանտ Թադևոսյանի մասին․ «Այս ցուցահանդեսն ինձ համար մեծ բացահայտում է։ Արվեստագետն այստեղ ցույց է տալիս, որ իր սեփական ոճն ու դպրոցն ունի, նաև բնության հետ իր ուրույն հարաբերությունը, որը յուրովի է արտահայտում։ Հայտնի ճշմարտություն է, որ հայկական գեղանկարչությունն առանձնացող տեսակ է աշխարհում և վաղուց է որպես այդպիսին ճանաչելի դարձել։ Եվ ահա այդ արվեստը ներկայացնողներից է մեր այսօրվա հյուրը, ում գեղանկարները վարպետորեն արված գործեր են։ Ներկայացված կտավների գերակշիռ մասը հենց բնության գրկում են արված»։
Միջոցառման ընթացքում մի շարք երաժշտական կատարումներով հանդես եկավ դերասան, երգիչ և երգահան Ստեփան Գանտրալյանը։
Գեղանկարչության վարպետ Թաթոսը (Հրանտ Թադևոսյան) ստեղծագործական իր հարուստ ժառանգությունը, որը կազմում է գեղանկարչության բոլոր ժանրերը ներկայացնող շուրջ 6․000 կտավ և օր օրի ավելանում է, հասցրել է աշխարհի բազմաթիվ երկրներում ներկայացնել և ճանաչելի դարձնել հայկական կոչվող արվեստը։ Չնայած իր պատկառելի տարիքին՝ նույն սիրով է զբաղվում իր առաքելությամբ, նաև գալիք սերնդին փոխանցելով իր գաղտնիքներն ու սերը դեպի նկարչությունը։
«Այստեղ լինելով ես հարստացա ևս մեկ հրաշալի քաղաքով։ Ցանկությունս այս պահին մեկն է, որ աշխարհը խաղաղ լինի, մարդիկ կարողանան այդ իրավիճակում մշակույթներ իրար ցուցադրել։ Ինչու չէ, գերմանացիներն էլ գան մեզ մոտ իրենց գործերով ու մեր երկրին ու մշակույթին ծանոթանան։ Ես մեր տեսակի համար եմ պայքարում։ Չեմ կարող բոքսում կռվել կամ այլ բնագավառում, ես էլ այստեղ եմ կռիվ տալիս, որ բղավեմ՝ այստեղ մշակույթ կա, ոչ թե պատահական մարդիկ են ապրում, որ ուտեն, քնեն, առավոտ արթնանան ու նույնը, այլ անում ենք մի բան, որ մարդկությանը հիացմունք է պատճառում ու պիտանի է։ Ու իմ արևոտ երկիրը նույն պայծառ լույսով եմ ներկայացնում»,– մեզ հետ զրույցում նշեց վարպետ Թաթոսը։
Կարլսհորստ մշակույթի տան ցուցասրահում Թաթոս գեղանկարչի մոտ երեք տասնյակ կտավներ են այժմ ցուցադրվում, բայց այցելուները արվեստագետի մեծաթիվ գործերի կարող են ծանոթանալ նաև թերթելով հաստափոր, եռալեզու ալբոմը, որը հրատարակվել է անցյալ տարի՝ նրա ծննդյան 85 ամյակի առիթով։
Ավելին արվեստագետ-նկարչի մասին՝ հետևյալում․
Կտավը պետք է ինքն իրեն ծնվի։ Ձեռքը պետք է ինքն իրեն աշխատի, ամեն ինչ պետք է ենթարկվի ներքին մղմանը։ Նկարելիս աշխատում եմ ինքս ինձ չխանգարել»։
Հրանտ Թադևոսյան
Քիչ են այն արվեստագետները, ովքեր սեփական անձի և բնության հետ այնքան ներդաշնակ են ապրում, որքան Հրանտ Թաթոսն է դա անում։ Այս ներդաշնակությունն արտահայտված է նրա կտավներում մինչև մանրուքը։ Նա վաղ տարիքում կորցրել է երկու ծնողներին և եղբոր հետ մեծացել Հայաստանի ինտերնատներից մեկում։ Խորհրդային շրջանի մի երեխա, ով բազում դժվարություններով, բայց ներքին մղումով ստեղծեց իր արվեստի աշխարհը, որտեղ ոչ միայն ապրում է կարոտներով ու գունեղ խառը զգացումներով, այլև կապում է այնտեղ արվեստասերներին և արվեստագետներին ու նրանց ներքաշում դեպի իր «ճշմարտությունների»կենտրոն։
Ոչ ոք չի կարող անտարբեր նայել նրա արվեստի փիլիսոփայությանը։ Նկարչի գունագեղ և մտախոհ նկարները շնչում են գարնանային թարմ օդը և տալիս են սեփական զգացմունքները վերահայտնագործելու և դրան անհամբեր սպասելու զգացողություն: Այսպիսով, յուրաքանչյուր ոք, ով կարող է դիտել նրա նկարները, կգտնի այնտեղ իրեն հաճելի ճշմարտությունը: Հրանտ Թաթոսը զարմանալիորեն աչքի ընկնող կարիերա է ունեցել և միջազգային հեղինակություն վայելող արվեստագետ է: Համառոտ նրա կենսագրության մասին և այն մասին, թե ինչ են գրում ու մտածում նրա ստեղծագործության և անձի վերաբերյալ ուրիշները.
ԿԵՆՍԱԳՐՈԻԹՅՈԻՆ
Հրանտ Հովհաննեսի Թադևոսյան (Թաթոս), ծնվել է 1938 թվականի ապրիլի 20-ին, Հայկական ԽՍՀ Արթիկի շրջանի Արևշատ գյուղում, ԽՍՀՄ, հայ նկարիչ, ՀՀ վաստակավոր նկարիչ (2008), ՀՀ ժողովրդական արվեստագետ-նկարիչ (2014 թ.)։
1961 - 1965 թվականներին սովորել է Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի գեղագիտության ֆակուլտետում։
Նա Հայաստանի նկարիչների միության, Արվեստի միջազգային ընկերության և Նկարիչների միջազգային միության (ՅՈՒՆԵՍԿՕ), Պոմպեո Կոպինիի Գեղարվեստի ակադեմիայի անդամ է, Տեխաս, ԱՄՆ։
2008 թվականից դասավանդում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում և նույն համալսարանի պատվավոր պրոֆեսոր է։
Մրցանակներ և կոչումներ
Հակոբ Մեղապարտի անվան շքանշան (2009)
Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի Արթուր Թարխանյանի անվան ոսկե շքանշան (2009 թ.)
ՀՀ մշակույթի նախարարության ոսկե շքանշան (2010 թ.)
ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե շքանշան (2001 թ.)
ՀՀ վարչապետի ոսկե շքանշան
Երևան քաղաքի ոսկե շքանշան (2012)
ՀՀ վաստակավոր արտիստ (2008)
Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ (2014 թ.)
1999 թվականի հունիսի 1-ից մինչև 1999 թվականի սեպտեմբերի 1-ը
գերմանական Բամբերգ քաղաքի Am Katzenberg պատկերասրահում կայացած անհատական ցուցահանդեսից մեջբերում․
«...Այսօր ես ուզում եմ կիսել նաև այն ուրախությունը, որը մեզ բոլորիս բերել է այստեղ, նկարիչ Հրանտ Թադևոսյանի (Թաթոսի) մեջ վառվում է հզոր կրակ, որի ջերմությունը մեզ բոլորիս նույնականացնում է։ Մենք այստեղ ենք Հրանտ Թաթոսի արվեստի շնորհիվ և նրա օգնությամբ պատկերացում ենք կազմում, թե ինչի կարող է հասնել հայ նկարիչը իր տառապանքով, իր անքուն գիշերներով, նկարներ ստեղծելու մղումով և աստվածատուր կրակի ոգևորությամբ...»:
Պրոֆեսոր դոկտ. Ռիխտեր, SZ, 6 նոյեմբերի, 1999 թ
2023թ․-ի ապրիլի 20 –ից մինչև մայիսի 21-ը կայացած Թաթոսի հոբելյանական ցուցահանդեսից մեջբերում․
Հայ ժողովրդական արտիստ Հրանտ Թադևոսյանի (Թաթոս) կենսափորձն ու ձեռքբերումները հստակ արտահայտված են նրա բազմամյա ստեղծագործական գործունեության մեջ։ Նկարիչը բազմաթիվ խմբակային և անհատական ցուցահանդեսներ է ունեցել հայրենիքում և արտերկրում, և նրա արվեստն ամենուր բարձր է գնահատվել։ Նկարչի 85-ամյակին նվիրված ցուցահանդեսը ներառում է տարբեր տարիների բնանկարներ, նատյուրմորտներ, կանացի դիմանկարներ և աբստրակտ պատկերներ։ Նրա ստեղծագործություններում հստակ արտահայտվում է բնության հետ անքակտելի կապն ու արտաքին աշխարհը յուրովի մեկնաբանելու ցանկությունը։ Անկեղծությունը, գույների վառ, ազատ ու անսահմանափակ ընտրությունը բնորոշ են նրա արվեստին, ինչը սովորաբար ներդաշնակորեն կարելի է դիտարկել կոմպոզիցիոն ստեղծագործություններում։ Նրա աբստրակտ, գեղանկարչական ստեղծագործությունների մեջ հստակ վրձնահարվածների միջոցով միաձուլվում են ձևն ու բովանդակությունը, գաղափարն ու զգացողությունները։ Նկարիչը նկարել է անիրական իրերի գունեղ, տպավորիչ աշխարհ և դրանք անվանել «կոմպոզիցիաներ»: Դրանով նա արվեստասեր դիտողին հնարավորություն է տալիս բացահայտել ու անվանել այն, ինչ տեսնում ու պատկերացնում է յուրովի։ Դիմանկարներում գերակշռում են կանացի կերպարներ, որոնցում Թադևոսյանն արտահայտում է իր հոգևոր ու զգայական աշխարհը՝ երբեմն մեղմ ու փիլիսոփայական, երբեմն խենթ ու հուզված։ Նկարչի ողջ ստեղծագործական ժառանգությանը բնորոշ է մարդու և բնության սերտ հարաբերությունները՝ լցված բարությամբ, կենսունակությամբ և լավատեսությամբ։ Հրանտ Թադևոսյանը Հայաստանի նկարիչների միության, Արվեստի միջազգային ասոցիացիայի և Պրոֆեսիոնալ նկարիչների միության (ՅՈՒՆԵՍԿՕ) անդամ է։
ԶԱՌԱ ԴԻԼԱՆՅԱՆ
արվեստագետ-պատմաբան
ԱՐՎԵՍՏԱԳԵՏ ՀՐԱՆՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ (ԹԱԹՈՍ) ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐԸ
2023թ․ Թաթոսի հոբելյանական ցուցահանդեսը Հայաստանի ազգային պատկերասրահում
Հայաստանի նկարիչների ասոցիացիա
2020թ․ Լոս Անջելես
2019թ․ Հայաստանի ազգային պատկերասրահ
2015թ․ Դրեզդենի արվեստի տուն
2014թ․ ՊԵԿԻՆ
2010թ Լոս Անջելես
Հայաստանի նկարիչների ասոցիացիա
Հայաստանի Ազգային ժողովի ցուցասրահ
2008թ․ Հայաստանի ազգային պատկերասրահ
2007 Մարսել
Լիոն
Ուղեցույց․
2006 Լիոն
2005 Հայաստանի Նկարիչների տուն
2003 Վանաձորի արվեստի պատկերասրահ
Ժնևի նկարչի տուն
2002 Փարիզ
2001 Նյուրնբերգ
2001 Նյու Յորքում ՄԱԿ-ի գրասենյակում
2000 Expo2000 Հանովերում
1999 Մյունխեն, Բամբերգ, Կոբուրգ և Էրլանգեն (Siemens Med. Sol.)
1997 Կարլսրուհե
1992 Մարսել
1991 Բուենոս Այրես
1990 Մոսկվա
Տե՛ս հղումը՝ https://www.facebook.com/hranttatoss