IMG-LOGO

Բանախոսություն․ «Արվեստը և ճգնաժամը։ Հաղորդակցման տեսակները», բանախոս՝ դր․ Վազրիկ Բազիլ

03-06-2023
IMG

Շաբաթ օրը՝ 2023թ․-ի հունիսի 3-ին, ժամը՝ 15․00-ից սկսյալ Բեռլինի Կարլսհորստի մշակույթի տան պատկերասրահում տեղի ունեցավ «Արվեստը և ճգնաժամը։ Հաղորդակցման տեսակները» թեմայով դր․ Վազրիկ Բազիլի բանախոսությունը։ Այն հանդիսացավ բեռլինահայ արվեստագետ Ավո Առաքելյանի «Գունագեղ գթասրտություն» խորագրով գեղարվեստի ցուցահանդեսի եզրափակման ազդարարը։ Ցուցահանդեսը շուրջ մեկ ամիս հիանալու, խորհելու և երկմտելու տեղիք էր տալիս պատկերասրահի այցելուներին։  

 

Գերմանահայ հեղինակ, հաղորդակցման խորհրդատու, հրապարակախոս, դոցենտ և հռետորաբան դր․ Վազրիկ Բազիլը (https://de.wikipedia.org/wiki/Vazrik_Bazil ) իր բանախոսության մեջ մեկնաբանեց մարդկային հաղորդակցման տեսակները և մշակույթի ու ճգնաժամի փոխհարաբերությունները։ Ահա այսպես նա սկսեց իր խոսքը․

«Արվեստագետները համարվում են ապագայի ավգուրներ։ Փիլիսոփաները փորձում են հասկանալ ինչի էությունը։ Արվեստը կանխազգում է, թե ինչ է գալու։ Ոչ թե որպես մարգարեություն, այլ որպես կանխազգացում և տրամադրություն։

Սակայն արվեստը կարող է նաև ենթադրել ներկան և այն որպես իկոնա վեր հանել՝ դարձնելով գաղտնագիր, որը բոլորի համար և բոլոր ժամանակներում վավեր է։ Դե իսկ ճգնաժամերը մեկանգամյա իրադարձություններ են, որոնք տարբերվում են իրենց հետևում թողած ժամանակներից, «ճգնաժամ՝ կրիզիս» և «քննադատություն՝ կրիտիկա», այս երկուսն էլ ծագել են հունական «Կրինեին» բառից, որը նշանակում է «տարբերել» և ստեղծում են հատուկ իրավիճակ։

Արվեստը, որն այս անկրկնելիությունն իր գործի առարկան է դարձնում, դրանից ստեղծում է ինչ-որ ընդհանուր մի բան՝ չջնջելով պատմական կոնկրետ իրադարձության առանձնահատկությունները։ Արվեստում երկուսն էլ համատեղվում են․ թե՜ առանձնահատուկը և թե՜ ընդհանուրը։

Միևնույն ժամանակ այն մի հաղորդում է՝ լսողական կամ, ինչպես այս դեպքում է, տեսողական, որը պարունակում և փոխանցում է տեղեկություններ, ինչի մասին ժողովուրդը թերևս քիչ գիտի կամ ոչինչ չգիտի։ Արվեստը թերևս այնքանով է տեղեկության աղբյուր, որքանով որ այն նշանակություն է ձեռք բերում պատերազմներում և ճգնաժամերում։

Այնուամենայնիվ արվեստագետի հմտությունից է կախված՝ խուսափելու դիսկուրսիվ լեզվի միանշանակությունից և արվեստը չիջեցնելու մինչև հասարակ տեղեկատվական մեդիումի մակարդակին»։ 

 

Բանախոսությանը հաջորդեցին այս թեմայի շուրջ հյուրերի հետ բուռն քննարկումները։ Սուրճի, գինու և այլ ըմպելիքների վայելումով այցելուները վերջին անգամ դիտեցին գեղարվեստի ցուցահամնդեսի նկարները և նրանց հրաժեշտով էլ եզրափակվեց 2023թ․-ի Գերմանա-Հայկական Մշակութային Օրերի միջոցառումների 8-րդ շարքը։


Պատկերասրահ

Տեսադարան