IMG-LOGO

Համերգ, նվիրված կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանին՝ Կոմիտասի անվան երաժշտական քառյակի և ընկերների կատարմամբ

21-05-2022
IMG

Բեռլինի Կարլսհորստի մշակույթի տան համերգասրահում մայիսի 21–ին տեղի ունեցավ Կոմիտասի անվան ազգային քառյակի համերգը, որը նվիրված էր հայ անվանի երգահան և դաշնակահար Առնո Բաբաջանյանի ծննդյան հարյուրամյակին։ Համերգը տեղի ունեցավ գերմանահայկական մշակութային օրերի շրջանակներում։

 

Ներկա էին Բեռլինի հոգևոր հովիվ հոգեշնորհ հայր Եղիշե Վարդապետ Ավետիսյանը, Բեռլինի հայկական եկեղեցական համայնքի ատենապետ տիկին Սոնա Այպերը, Գերմանահայոց կենտրոնական խորհրդի նորընտիր ատենապետ պարոն Ջոնաթան Շփանգենբերգը, Բեռլինի Լիխտենբերգ շրջանի մշակույթի գծով պատասխանատու տիկին դր․ Կատրին Գոկշը և  բազմաթիվ հայ, ռուս, գերմանացի արվեստասերներ։

 

Համերգը, որը վարում էր ՀԵՄԱ ՀԿ առաջին նախագահ Միքայել Մինասյանը, նախատեսված էր Բաբաջանյանի հարյուրամյակի առիթով՝ 2021 թվականին։ Վերջինս նշեց, որ համավարակի սահմանափակումներով պայմանավորված, ցավոք, այն մեկ տարով հետաձգվեց։

 

Ողջույնի խոսքերով ելույթ ունեցան նաև հրավիրյալները: Տիկին դոկտոր Կատրին Գոկշը, ով հայտնեց, որ շատ տպավորված է հայկական մշակույթով, արդեն  յոթ տարի անընդմեջ սիրով օժանդակում է գերմանահայկական մշակութային այս միջոցառումներին․ «․․․Ես շատ ուրախ եմ, որ այս երկու, այսպես կոչված, ուրվականային տարիներից հետո վերջապես Կարլսհորստի մշակույթի տանը տեսնում ենք հանդիսատեսներին և հատկապես այս հրաշալի Գերմանա-Հայկական Մշակութային Օրերն ենք այստեղ ներկայացնում շնորհիվ պարոն Մինասյանի․․․․»։ Շարունակելով իր խոսքը տիկին դր․ Գոկշը նշեց, որ ինքն երջանկություն է ունեցել ներկա գտնվելու այս օրերի շրջանակում կազմակերպված բազմաթիվ միջոցառումներին՝ ցուցահանդեսներին, համերգներին, մանկապատանեկան ծրագրերին, որոնք մեկը մյուսից ավելի լավն էին և ուսանելի, ինչպես օրինակ՝ անցած տարի համավարակի ժամանակ հեռավար տեսաժողովով ունկնդիր է եղել հայերի ինքնության և Ցեղասպանության վերաբերյալ դասախոսությանն, ինչը շատ է ներազդել և ոգեշնչել իրեն ու ինքը չափազանց շատ բան է սովորել այդ զեկուցումից։

 

Գերմանահայոց կենտրոնական խորհրդի նորընտիր ատենապետ Յոնաթան Շպանգենբերգը իր խոսքում նշեց, որ գերմանահայկական մշակութային օրերը տպավորիչ են․ «Ուրախ եմ, որ մասնակցում եմ, շատ ուրախ եմ այս ամենի համար։ Իմ դերը որպես գերմանահայ կենտրոնական խորհրդի նախագահ կայանում է նրանում, որ ամրացնեմ գերմանահայության դիրքերը և այն հնարավոր է միայն, եթե կարողանանք միասին համագործակցել։ Սա իմ առաջին այցն է Բեռլինի հայ հանրության հետ հանդիպելու։ Այսուհետ ես մտադրվել եմ այցելել բազմաթիվ հայ համայնքներ՝ ավելի հաճախ մեր հայրենակիցների հետ հանդիպելու և նրանց հետ ծանոթանալու համար»։

 

Կոմիտասի անվան ազգային քառյակի տնօրեն պարոն Սամվել Մեսրոպյանը ողջունելով ներկաներին՝ նշեց, որ տարիներ է, ինչ հետևում է ՀԵՄԱ ՀԿ հայանվեր գործունեությանը և ի նշան շնորհակալության ՀԿ առաջին նախագահ պարոն Միքայել Մինասյանին շնորհեց «Առնո Բաբաջանյանի հիշատակի» շքանշան։

 

Այնուհետև հոգեշնորհ հայր Եղիշե Վարդապետ Ավետիսյանն իր ողջույնի խոսքից հետո համերգի մեկնարկն ազդարարեց տերունական աղոթքով։

 

Համերգը բաղկացած էր երկու մասից։ Նախ ելույթ ունեցավ Կոմիտասի անվան ազգային քառյակը՝ կատարելով Միրզոյանի և Կոմիտաս–Ասլամազյանի ութ ազգային երաժշտական մինիատյուրները։ (Երաժիշտներ՝ առաջին ջութակ՝ պրոֆ․ Էդուարդ Թադևոսյան՝ գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողավրդական արտիստ, երկրորդ ջութակ՝ Սյուզի Երիցյան, ալտ՝ պրոֆ․ Ալեքսանդր Կոսեմյան, ՀՀ ժողավրդական արտիստ, թավջութակ՝ Անժելա Սարգսյան)։

 

Համերգի ընդմիջմանը հանդիսատեսը հնարավորություն ունեցավ ցուցասրահում դիտելու «Արարատը հայի աչքերով» լուսանկարների ցուցահանդեսը, որը արվեստասերների համար բաց էր մինչև մայիս ամսվա ավարտը։

 

Համերգի երկրորդ մասում հնչեցին միայն Բաբաջանյանի ստեղծագործությունները։ Իրենց կատարումներով հանդես եկան օպերային մեներգիչ, տենոր Արսեն Ստեփանյանը և երգչուհի, սոպրանո Սյուզի Ադամյանը։

 

Հիշեցնենք, որ համերգը տեղի ունեցավ Բեռլինի Լիխտենբերգ շրջանի թաղապետ Միխաել Գրունստի և Բեռլինի պատգամավորական տան անդամ դր. Մարտին Պետցոլդի (մայրը` գյումրեցի Ալինա Մարտիրոսյան) հովանու ներքո, իսկ նրա աջակիցներն էին Բեռլինի Լիխտենբերգ շրջանի թաղապետարանը և Կարլսհորստի մշակույթի տունը։

 

Գայանե Առաքելյան


Տեսադարան