IMG-LOGO

Նաև հետմահու երախտապարտ ենք Ձեզ, գեներա՜լ․․․

07-09-2025
IMG

Խորին վշտով սգում ենք վաղաժամ մեզանից հեռացած հայրենիքի զինվոր, մարդասեր մարդ, Արցախյան պատերազմների մասնակից, բազմաթիվ մարտական պարգևների արժանացած, Հայաստանի խաղաղապահ զորագնդի հիմնադիր-հրամանատար գեներալ մայոր Արթուր Սիմոնյանի մահը և ցավակցում նրա ընտանիքի անդամներին ու հարազատներին:


Գեներալ մայոր Արթուր Սիմոնյանն իր անհերքելի ավանդն է ունեցել նաև ՀԵՄԱ հ/կ մեկ ծրագրերում և միության համար հիմնաքար հանդիսացող մի կարևոր միջոցառման մեջ:


2015թ.-ի նոյեմբերի 2-ին Բեռլինի Շառլոտտենբուրգ-Վիլմերսդորֆ շրջանի քաղաքապետարանի շենքի դահլիճում Հայոց ցեղասպանության հիշատակման 100ամյակի շրջանակում <<Փաստաթղթերի և ականատեսների վկայությունների հիման վրա 21-րդ դարում ցեղասպանության հանցագործությունների կանխարգելիչ միջոցառումներ>> թեմայով բանախոսության ընթացքում ՀՀ ԶՈԻ խաղաղապահ զորքերի հրամանատար՝ գեներալ-մայոր պարոն Արթուր Սիմոնյանը զեկուցեց հայ խաղաղապահների տարբեր երկրներում ծավալած առաքելության մասին, հատկապես շեշտեց Աֆղանստանում գերմանական Բունդեսվեհրի հետ համագործակցության շրջանակներում հայ խաղաղապահների դերը։ Վերջիններիս առաջադրանքների մեջ էին մտնում առաքելության երկրներում ինչպես ենթակառույցների հսկումն ու վերականգնումը, այնպես էլ կայունության երաշխավորումն ու տեղի ազգաբնակչության անվտանգության ապահովումը, ինչը պետք էր հասկանալ ցեղասպանական կանխարգելիչ միջոցառումների համատեքստում։ Նա նաև նշեց տվյալ երկրում տեղակայված տարբեր երկրների խաղաղպահների միջև մշակույթային փորձի փոխանակման կարևորությունը։ Մշակույթի օգնությամբ հնարավոր է ավելի հեշտ հասկանալ միմյանց, այսպես օրինակ՝ Կոսովոյում մեր խաղաղապահ զինվորների կատարմամբ Բերդ պարի ներկայացումից հետո այլ ազգության շատ զինընկերներ սկսել էին ավելի աշխույժ հետաքրքրություն ցուցաբերել Հայաստան երկրի և նրա ավանդույթների նկատմամբ։  

 

Այնուհետև որպես ականատես վկա բարձրաստիճան սպան Արցախյան առաջին պատերազմի ընթացքում ներկայացրեց Շահումյանի շրջանի հայաթափման ընթացքում ադրբեջանական կողմի վայրագությունները տեղի քաղաքացիական հայ բնակիչների նկատմամբ, ովքեր տեղահանվել էին իրենց բնօրրաններից: Այն ժամանակ ազատամարտիկ Արթուր Սիմոնյանն իր զորախմբով հսկում և ապահովում էր դեպի թիկունք փախստականների համար միջանցիկ ճանապարհի անվտանգությունը: Նա ներկայացրեց , թե ինչ թշվառ վիճակում հոգնահար և տանջված հայերը առանց որևէ կենսապայմանի փախնում էին իրենց կյանքը փրկելու համար: Նրա տված փաստական վկայությունների հիման վրա և պատմական բազմաթիվ փաստական իրողությունների համադրմամբ երեկոյի գլխավոր բանախոս ՀՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս դր. պրոֆ. Աշոտ Մելքոնյանը հանգեց այն եզրահանգմանը, որ միայն Լեռնային Ղարաբաղի անկախության կարգավիճակի միջազգային հանրության կողմից ճանաչումը և միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումն Արցախում կարող էին ցեղասպանվելու դեմ կանխարգելիչ միջոցառում հանդիսանալ տեղի հայ ազգաբնակչության համար:

 

44օրյա պատերազմից հետո ակներև էր կրթության միջոցով պատերազմի հետևանքների վերացմանն ուղղված ՀԵՄԱ հ/կ վարչության ջանքերը, որոնց իր աներկբա աջակցությունը ցուցաբերեց ՀՀ ՊՆ հատուկ հանձնարարականների գծով խորհրդական, գեներալ մայոր Արթուր Սիմոնյանը: Նրա գործուն միջամտությամբ հաջողվեց ՀԵՄԱ հ/կ կողմից նախաձեռնված «Վիրավոր և հաշմանդամ զինվորների և կամավորականների համար Տեղեկատվական Տեխնոլոգիաների ուսուցման դասընթացներ» ծրագրի մեջ ընդգրկել 30 վիրավորում և հաշմանդամություն ստացած մասնակիցների, որոնցից 19-ն ավարտեցին վերոհիշյալ դասընթացները, իսկ վերջիններիցս 16-ը ձեռք բերեցին մասնագիտական որակավորում, ինչի հիման վրա հետագայում գտան նաև համապատասխան աշխատանք: Գեներալի գործուն միջամտությամբ ծրագրում ընդգրկվեցին նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի որակյալ դասախոսներ:


ՀԵՄԱ հ/կ ողջ վարչությունը երախտապարտ է իր ծրագրերին և միջոցառումներին գեներալ մայոր Արթուր Սիմոնյանի ցուցաբերած անգնահատելի աջակցության համար և բարձր է գնահատում հայրենանվեր սպայի ներդրումը ի թիվս այլ վաստակների նաև մարդասիրական մեր ձեռնարկներում:

 

Հարգանքներով՝

ՀԵՄԱ հ/կ վարչություն