IMG-LOGO

Կոչ գերմանահայերին և հայերի բարեկամներին

11-11-2020
IMG

Հարգելի հայրենակիցներ,

հարգելի բարեկամներ,

 

Արցախը և Հայաստանը վերստին ապրում են ծանր ժամանակներ։ Պատերազմը առաջացրել է խորը վերքեր։ Պայմանավորված հրադադարը հավասար է կապիտուլացիայի և անչափ խռովում է բոլորիս հոգիները։ Երկար կտևի, մինչև հնարավոր կդառնա այս իրողությունները սպիացնել մեր մտքում և հոգում։ Հազարավոր նահատակներ և վիրավորներ, ավերված տներ և փողոցներ, քանդված քաղաքացիական ենթակառույցներ ու հուշարձաններ, ահա սրանք են այս պատերազմի հետևանքները։ Արցախում և Հայաստանում տնտեսությունը հավասարվել է գետնին։ Նահատակների մարմինները պետք է գտնել և պատվով ու հավուր պատշաճի հանձնել հողին, վիրավորներին պետք է բուժել, իսկ տեղահանվածներին՝ տրամադրել օթևան և օգնություն։

 

Մեզանից յուրաքանչյուրն ի սկզբանե մեր հայրենակիցներին աջակցում էր դրամական և իրեղեն նվիրատվություններով։ Նրանցից շատերն իրենց միություններում և տարբեր խմբերում նվիրյալ կերպով ձեռնարկում էին բազմապիսի նախաձեռնություններ․ ցույցեր, ֆլեշ-մոբեր կամ դրամահավաքի ակցիաներ, կապվում և տեղեկացնում այս երկրի ԶԼՄ-ներին, քաղաքագետներին և հանրային մարմիններին Արցախում տեղի ունեցող եղելությունների մասին։ Ոմանք նույնիսկ անձամբ են մեկնել Հայաստան և Արցախ՝ տեղում մարդկանց օգնելու։

 

Այս հրադադարի համաձայնագիրը մեզ լցնում է տխրությամբ և ցասումով։ Ոչ ոք մեզանից հաշվի չէր նստել իրադարձությունների նման կտրուկ փոփոխությունների հետ։ Մենք ավելի քան հիասթափված և ընկճված ենք։ Բայց միևնույն ժամանակ չպիտի մոռանանք, որ մեր հայրենակիցները Արցախում և Հայաստանում պատմության հենց այս դժնդակ ժամանակներում մեր սատարման կարիքն ավելի քան անհրաժեշտ ու հրատապ են զգում։  Մենք պիտի մեր աշխատանքը միասնաբար և նպատակաուղղված շարունակենք՝ կարիքի մեջ հայտնված մեր հայրենակիցների հենասյուն լինելով և նրանց հույս ներշնչելով։

 

Սիրելի հայրենակիցներ,

սիրելի բարեկամներ,

Դիմում ենք Ձեզ՝ նույն վճռականությամբ ինչպես մինչև այժմ, շարունակել Ձեր անգնահատելի աշխատանքը միություններում և ակումբներում և օգնել մեր հայրենիքին վերակառուցվելու ու դրանով նրա համար հարթել ճանապարհ դեպի պայծառ ապագա։ Քանզի դա նրանց պատգամն է, ովքեր նահատակվեցին մեր հայրենիքի համար։

 

ՓԱ´ՌՔ ՈԻ ՊԱՏԻ´Վ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ։

 

Հարգանքներով՝

 

ՎԱՐՉՈԻԹՅՈԻՆ


Պատկերասրահ