IMG-LOGO

Բանախոսության երեկո. <<Հայաստանը և Արցախը. երեկ, այսօր և վաղը: Երկու հանրապետությունների դերը 21-րդ դարում հայկական պետականության կայացման գործում>>

09-03-2019
IMG

Մարտի 3-ին ՀԵՄԱ հ/կ և Արցախի Եվրոպական Կենտրոն հ/կ համատեղ նախաձեռնությամբ ,,Հայաստանը և Արցախը. երեկ,այսօր և վաղը։Երկու հանրապետությունների դերը 21-րդ դարում հայկական պետականության կայացման գործում" խորագրով բանախոսություն էր կազմակերպվել Բեռլինի Ավետարանական եկեղեցու Պաուլ Գերհարդի անվան  համայնքի սրահում։ Բանախոսության ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի առաջին,երկրորդ և երրորդ  հանրապետությունների հիմնադրմանն ու կայացմանը, Հայաստանի երրորդ հանրապետության զարգացմանը և այն մարտահրավերներին, որոնք այսօր ծառացած են հայկական պետականության առջև։ Անդրադարձ եղավ նաև Արցախի հանրապետության անցյալին ու ներկային, ինչպես նաև հայ եկեղեցու պատմությանը և նրա դերին պետականության կայացման գործում։ Գերմանացի հյուրերը ներկայացնում էին Պաուլ Գերհարդի անվան ավետարանական համայնքը և Ավետարանական եկեղեցուն կից Բեռլինի քաղաքային առաքելություն միությունը։ Առաջին բանախոսը ՀԵՄԱ հ/կ առաջին նախագահ Միքայել Մինասյանն էր։ Նա մանրամասնորեն ներկայացրեց հայկական երեք հանրապետությունների կայացման ընթացքը, անդրադարձավ 20-րդ դարի սկզբին Թուրքիայում կատարված Հայոց Ցեղասպանությանն ու դրան հետևած երեք՝ Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերին, որոնք ավարտվեցին հայկական կողմի հաղթանակներով և հիմք դրեցին Հայաստանի առաջին հանրապետության կայացման համար։ Խորհրդային շրջանը ներկայացնելուց հետո պարոն Մինասյանը վերլուծեց Հայաստանի երրորդ հանրապետության ներկան, 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո ստեղծված իրավիճակին և սպասվող հեռանկարներին։

Արցախի հանրապետության կայացումը, պատմական իրողությունները, ներկան և ապագայի տեսլականը ներկայացրեց Գերմանիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ պարոն Հարություն Գրիգորյանը։ Անդրադառնալով խորհրդային առաջնորդ Ստալինի կողմից Արցախը և Նախիջևանը Ադրբեջանին բռնակցելու փաստին և շեշտելով այն իրողությունը, որ  Արցախը խորհրդային շրջանից բացի երբևէ չի եղել Ադրբեջանի կազմում, պարոն Գրիգորյանը մատչելի ձևով ներկայացրեց և հիմնավորեց Արցախում բնակվող հայ ժողովրդի անվտանգ գոյատևման երաշխիքները և միջազգային հանրության այդ փաստական իրողություններին ծանոթացնելու հրամայականը՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ահագնացող հակաքարոզչության դժվարին ժամանակներում։

Հայ եկեղեցու պատմությանը,անցած ուղուն և հայկական պետականությանն աջակցման գործում ունեցած դերի մասին պատմեց Հայ Առաքելական Սբ. Եկեղեցու Բեռլինի հոգևոր հովիվ Եղիշե վարդապետ Ավետիսյանը։ Լուսաբանելով առաջին քրիստոնեական պետության անցած 1700 ամյա ուղին՝ Հայր Եղիշեն ներկայացրեց այն պատմական դրվագները, երբ պետության և հայ ժողովրդի համար օրհասական պահերին հայ եկեղեցին աննկուն կանգնել է նրանց կողքին՝ միշտ վառ պահելով հայ ինքնության կրակը։ Եվ այսօր էլ շարունակում է իր բարենորոգիչ առաքելությունը պատվով կատարել աշխարհասփյուռ հայության գաղթօջախներում։ Հայր Սուրբն անդրադարձ կատարեց նաև քրիստոնեական աշխարհում հայ եկեղեցու դերին, քույր եկեղեցիների հետ շփման եզրերին և հայկական գաղթօջախներում հայ լեզուն և հավատը պահելու և պահպանելու կարևոր գործին։ Բանախոսության ընթացքում ծավալված աշխույժ քննարկման ժամանակ հյուրերի հարցերին պատասխանեցին պարոնայք Մինասյանը և Գրիգորյան։ Հայ համայնքի անդամները ներկայացրեցին իրենց տեսլականը և մտահոգությունները՝ կապված քննարկվող թեմաներին։ ՈԻրֆայի խոհանոցային արվեստով հյուրերի համար խորտիկներ էր պատրաստել Բոլոյան/Դեմիրճեան ընտանիքը:

Կազմակերպիչները շնորհակալություն հայտնելով հյուրերին՝ հրաժեշտ տվեցին շուտով կրկին նմանօրինակ թեմայով բանախոսություն կազմակերպելու խոստումով:  

 

Մուշեղ Հասրաթյան

Պատկերասրահ