IMG-LOGO

Դպրոցականների պատմական շրջայց դեպի արժանապատվության վայր

15-03-2026
IMG
Մարտի 15-ին ՀԵՄԱ հ/կ կից Բեռլինի Հայկական Դպրոցի սաներն ու ծնողները ուսուցչական անձնակազմի հետ միասին կատարեցին պատմական շրջայց դեպի Hardenbergstrasse 4 և 17 հասցեներ, որտեղ պատմաբան դր. Հայկ Մարտիրոսյանը նրանց համար լուսաբանեց Հայոց Ցեղասպանության հետևանքում կազմակերպված «Նեմեսիս» օպերացիայի և դրա հետ կապված հայ ականավոր վրիժառու Սողոմոն Թեհլերյանի վերաբերյալ մանրամասները:
 
Հավաքված հետաքրքրասերները սկզբում այցելեցին այն տան բակը, որտեղ բնակվել և այդտեղից փողոցի հանդիպակաց մասում գտնվող շենքի 2-րդ հարկում ապաստանած և ծպտված Հայոց Ցեղասպանության գլխավոր ոճրագործներից մեկին՝ Թալեաթ փաշային էր մշտադիտարկել ու հետապնդել մինչև նրան 1921թ.-ի այս նույն օրը սպանելը: Այս շենքի բակում Պոտցդամի Լեպսիուսի տուն-թանգարանի գիտաշխատող դր. Հայկ Մարտիրոսյանը հավաքվածներին պատմեց Սողոմոն Թեհլերյանի և 5 այլ հայ վրիժառուների կյանքի, «Նեմեսիս» օպերացիան կազմակերպելու և անցկացնելու մեջ նրանց դերակատարության մասին: Այնուհետև ներկաները տեղափոխվեցին այն տեղը, որտեղ իրագործվել էր ոճրագործի մահապատիժը:
 
Կրթական այս շրջայցը ոչ միայն դպրոցի սաների համար էր ուսուցողական, այլև բավականին մանրամասն տեղեկատու էր նաև ծնողների համար: Մեկ բան հստակ էր այս հիշարժան օրվա խորհրդում. ոչ մի ոճրագործություն և ոչ մի դավաճանություն երբևէ անպատիժ չի մնացել և չի մնա:
 
Ստորև ներկայացնում ենք կրթական այս շրջայցի ժամանակ Պոտցդամի Լեպսիուսի տուն-թանգարանի գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Մարտիրոսյանի ամփոփ ներկայացրած բանախոսությունը․
 
 
«Սողոմոն Թեհլիրյան։ Մարտի 15-ի խորհուրդը

1915 թ․ սկիզբ առած ու հետագա տարինեին շարունակված ու շուրջ մեկուկես միլիոն կյանք խլած Հայոց ցեղասպանության գլխավոր պատասխանատուները 1918 թ․ նոյեմբերին լքեցին Օսմանյան կայսրությունը։ 1919 թ․ Տրապիզոնում և Կոստանդուպոլսում սկիզբ առան դատավարություններ, որոնց նպատակն էր պատժել այդ սարսափելի հանցանքը կազմակերպած կամ դրանում ակտիվ մասնակցություն ունեցած անձանց։ Դատավարությունների արդյունքում թեև ոչ քիչ թվով մահապատժի որոշումներ կայացվեցին, սակայն դրանց մեծ մասը հնարավոր չէր իրականացնել․ հանցագործները փախել էին երկրից։

 

1919 թ․ սեպտեմբերին ստեղծվեց «Հատուկ գործ» անունը կրող գաղտնի կազմակերպությունը, որը հետագայում ավելի հայտնի դարձավ «Նեմեսիս» անվամբ։ Խմբի նպատակն էր վերականգնել արդարությունը․ հայտնաբերել ու պատասխանատվության ենթարկել ցեղասպան ոճրագործներին, որոնք կարողացել էին խուսափել պատժից։ Նրանց մի զգալի մասը հաստատվել էր Եվրոպայում։  Բեռլինում էին ապաստան գտել Հայոց ցեղասպանության գլխավոր պատասխանատուներից Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթ փաշան, Պատերազմական նախարար Էնվեր փաշան,  ինչպես նաև երիտթուրքական այլ բարձրաստիճան հանցագործներ՝ Բեահեդդին Շաքիրը, Ջեմալ Ազմին և ուրիշներ։ «Նեմեսիսի» մարտիկների պատժիչ գործողությունների արդյունքում հետագա ժամանակահատվածում սպանվեցին Հայոց ցեղասպանության պատասխանատուներ Թալեաթ փաշան, մեծ վեզիր Սայիդ Հալիմ փաշան, Բեահեդդին Շաքիրը, Ջեմալ Ազմին, Ջեմալ փաշան, Բաքվի հայերի կոտորածների պատասխանատուներ Ֆատալի Խան Խոյսկին և Բեհբութ Ջևանշիրը։ Պատժիչ գործողություններն իրականացնում էին Միսակ Թոռլաքյանը, Արամ Երկանյանը, Սողոմոն Թեհլիրյանը, Արտաշես Գևորգյանը, Պետրոս Տեր-Պողոսյանը, Արշավիր Շիրակյանը, կազմակերպչական աշխատանքներն իրականացնում էին Արմեն Գարօն և Շահան Նաթալին, իսկ ֆինանսների հայթայթումն ընկած էր Ահարոն Սաչակլյանի ուսերին։ Մեծ էր տարբեր գործողությունների ժամանակ խմբին գաղտնաբար օգնողների թիվը։

 

1920 թ․ դեկտեմբերին Սողոմոն Թեհլիրյանը ժամանեց Բեռլին՝ Թալեաթին հետևելու և գնդակահարելու ցուցումով։ Նրան աջակցողների խումբը նրա համար կարողացավ վարձել Հարդենբերգերշտռասսեի վրա գտնվող բարձրահարկ մի շենքում մի սենյակ, որտեղից Սողոմոնը ամեն օր հետևում էր փաստացի փողոցի դիմացի մայթի շենքում 6 սենյականոց բնակարանում ճոխ պայմաններում ապրող Թալեաթին։ 1921 թ․ մարտի 15-ին առավոտյան ժամը 11-ի սահմաններում Սողոմոն Թեհլիրյանն իրականացրեց մի ամբողջ ազգի արդարության հատուցման գործողությունը՝ Հարդենբերգերշտրասսե 17 հասցեի դիմաց գնդակահարելով Թալեաթին։ Սողոմոնը տեղում ձերբակալվեց։ «Մարդ եմ սպանել, բայց ես մարդասպան չեմ» պնդում էր Սողոմոնը։

 

1921 թ․հունիսի 2-ին սկիզբ առած դատավարությունը վերածվեց Հայոց ցեղասպանության թեմայի բարձրաձայնման։ Հայոց ցեղասպանության հայազգի, գերմանացի ու սկանդինավցի վկաները, որոնք հատուկ հրավիրվել էին դատավարությանը, դատարանին ներկայացրեցին սարսափելի պատկերը։ Փաստաբանական ու Սողոմոնին աջակցող կողմը կարողացել էր բավականին հաջող կերպով մոբիլիզացնել մամուլը, որի ուշադրությունը կենտրոնացած էր այս դատավարության վրա։ Վտանգ կար, որ այս դատավարությունը կարող  է վերածվել Գերմանիայի դեմ ուղղված դատավարության, քանզի շատ ցեղասպաններ ու պաշտոնապես մահվան դատապարվածներ ճոխ պայմաններում վայելում էին Բելռինյան իրենց կյանքը։

 

Դատավարությոնը տևեց ընդամենը փաստացի մեկ օր ։ Հաջորդ օրը դատական նիստի սկզբում Սողոմոնը անպարտ ճանաչվեց և ազատ արձակվեց դատարանի դահլիճից։ Հետագայում նա տեղափոխվեց ԱՄՆ՝ Սան Ֆրանցիսկո, որտեղ էլ կնքեց իր մահկանացուն։

 

Դատական գործընթացը հապճեպ ավարտելու պատճառով շատ վկաներ բանավոր ցուցմունք չկարողացան տալ, նրանք թողեցին միայն գրավոր ցուցմունքներ։ Հեռակա կարգով Սողոմոն Թեհլիրյանի դատավարությանը հետևող Ռաֆայել Լեմկինը հետագայում հենվելով այս դատավարությունից բաց մնացած հարցերի վրա՝ հետագայում արարեց “Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման կոնվենցիա”-ն։

 

Աշխարհում շատ հայերի կողմից մարտի 15-ը հիշվում է որպես արդարության և արժանապատվության վերականգնման օր։ Սողոմոն Թեհլիրյանի դիպուկ կրակոցը ևս մեկ անգամ վկայեց հանցանքի համար պատժի անխուսափելիությունը։

 

Լեպսիուսի տան գիտաշխատող՝
պատմական գիտությունների դոկտոր

Հայկ Մարտիրոսյան»


Պատկերասրահ