Սեպտեմբերի 30-ին Բեռլինի Դոլգենզեե շտրասե 8 հասցեում գտնվող «Sewansee» (Սևանա լիճ) երեկույթներ կազմակերպող ընկերության նորակառույց շքեղ հանդիսավոր սրահում տեղի ունեցավ Բեռլինի Հայկական Դպրոցի հերթական շնորհանդեսը՝ կապված դպրոցի եռամյա տարեդարձի, ինչպես նաև 2012/13թ.թ. ուսումնական տարին սկսվելու հետ: «Sewansee»(Սևանա լիճ) ընկերության տնօրինությունը հանձինս պարոնայք Աշոտ մանուկյանի և Վիկտոր Գերասիմյանի ջանք չէին խնայել առատաձեռն հյուրասիրությամբ և մեծ շուքով դիմավորելու պատվավոր հյուրերին, աշակերտներին և ծնողներին: Երեկույթին մասնակցում էին Գերմանիայում ՀՀ դեսպան պարոն Արմեն Մարտիրոսյանը, Գերմանիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ պարոն Հարություն Գրիգորյանը և թվով մոտ 100-ից ավելի հյուրեր: Շնորհանդեսին իրենց ելույթներով և գիտելիքներով զարմացրեցին դպրոցի 22 սաները: Հայերենի ուսուցչուհի տիկին Կարինե Քալաշյանն այս անգամ համակցել էր աշակերտների հանդիսավոր բեմադրությունը գիտելիքներ ստուգող հարցադրումների հետ, որոնք հենց դպրոցի սաների կողմից արքայի և նրա խորհրդականի երկխոսության ընթացքում սաները միմյանց էին ուղղում և ինքներն էլ ինքնաբուխ պատասխանում վերջիններիս: Հարցերի պատասխանները վաղօրոք չէին ներկայացված դպրոցի սաներին: Վերջիններս տարաբնույթ էին և կոչված էին ստուգելու սաների հայերենի քերականական, երկրագիտական և աշխարհագրական գիտելիքները: Դպրոցի սաների կողմից «Էրեբունի-Երևան», «Կիլիկիա» և «Միացեք հայեր» երգերի կատարմամբ փաստորեն Սպենդիարյանի անվան ակադեմիական օպերայի և բալետի թատրոնի վաստակավոր մեներգիչ այժմ բեռլինահայ Արտակ Կիրակոսյանի կողմից հիմնադրվեց Բեռլինի հայկական դպրոցի երգչախումբը, որը պարբերաբար այսուհետև կգործի հայերեն լեզվի և գրականության դասընթացներին համընթաց: Ինչպես դպրոցի հիմնադիր պարոն Միքայել Մինասյանը իր բացման խոսքում նշեց, դպրոցում պարբերաբար հրավիրվող տարբեր հյուր-ուսուցիչների կողմից կդասավանդվեն նաև հայոց պատմություն, կրոն և հայ առասպելաբանություն առարկաները: Պարոն Մինասյանը իր խորին շնորհակալությունն հայտնեց ՀՀ դեսպանին, ԼՂՀ ներկայացուցչին և ՀՀ սփյուռքի նախարարությանը դպրոցին մեթոդական նյութերով և դասագրքերով աջակցելու համար: Իր շնորհակալական ելույթում Գերմանիայում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը իր ուրախությունն հայտնեց դպրոցական սաների հաջողությունների կապակցությամբ և հայեցի գիտելիքների ձեռք բերման մեջ ցանկացավ նրանց նորանոր հաջողություններ: Իսկ Գերմանիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը շեշտեց սփյուռքում հայկական դասընթացների անցկացման դերն ու նշանակությունը հայապահպանության գործում՝ այն տեղայնացնելով Բեռլինի Հայկական դպրոցի օրինակի վրա: Երեկոն անցավ ջերմ և ուրախ տրամադրությամբ:
ՏԵՍԱՇԱՐ