IMG-LOGO

ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՄԵՂԵԴԻՆԵՐՈՎ ԵՐԱԽՏԻՔԻ ԱՐՏԱՀԱՅՏՈԻՄ

30-08-2024
IMG

Օգոստոսի 30-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մեծ դահլիճում եռուզեռ էր տիրում։ Օրը տոթ էր և հավաքված հյուրերը եկել էին ըմբոշխնելու Կոմիտասի անվան լարային քառյակի հոգեթով մեղեդիները։ Սակայն այս անգամ դրանք լոկ համերգային կատարումներ չէին։ Կոմիտասի անվան լարային քառյակն իր 100ամյա պատմությամբ հերթական բարեգործական համերգն էր տալիս՝ արտահայտելով իր և կազմակերպիչների երախտիքի խոսքն առ այն բոլոր կազմակերպություններին և անձանց, ովքեր հնարավոր դարձրեցին «Վիրավոր և հաշմանդամ զինվորների, ինչպես նաև Արցախից բռնի տեղահանվածների համար ՏՏ ուսուցման դասընթացներ» ծրագրի վերագործարկումը։ Երեկոն կազմակերպվել էր Բեռլինի «Եվրոպացի և հայ մասնագետների ասոցիացիա –ՀԵՄԱ» հասարակական կազմակերպության և ՀԱՅԿՈՆԳ ՍՊ ընկերության նախաձեռնությամբ։

 

Երեկոյին իրենց մասնակցությունն էին բերել ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Զաքոյանը, Գերմանիայի հայ բժիշկների  միության ատենապետուհի Սրբուհի Մարտիրոսյանը, փոխատենապետ դոկտոր Պիեռ Բլությանը և նրա կինը՝ Մոնիկա  Բլությանը,  Գերմանիայից ժամանած միջին և ներքին  ականջի վիրաբույժ պրոֆեսոր Վոլֆգանգ Վայցզեկերը, ՀՀ ՊՆ գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը։

 

Սրբազան Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի տերունական աղոթքով ազդարարվեց հավաքի սկիզբը և երեկոյի ընթացքը, ապա հաջորդեցին երեկոյի կազմակերպիչ Միքայել Մինասյանի ողջույնի խոսքը, պատվավոր հյուր ՀՀ Սփյուռքի գործերոն գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի բարեմաղթանքները, հյուրընկալ հաստատության ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Զաքոյանի բարեխոսական ճառը, ծրագրի ուսումնական մասի համակարգող՝ դր․ Արման Խալաթյանի հակիրճ ծրագրային ներկայացումը, որից հետո բեմ բարձրացան Կոմիտաս քառյակի երաժիշտները՝ գեղարվեստական ղեկավար մաեստրո Էդուարդ Թադևոսյանը, Ալեքսանդր Կոսեմյան (ալտ), Սյուզի Երիցյան (ջութակ), Անժելա Սարգսյան (թավջութակ)։ Վերջիններս հոգեցունց նվագով արտահայտեցին իրենց սերն ու երախտագիտությունը, որ պատրաստ են սատարելու կյանքի ոլորապտույտ հորձանուտում հայտնված մարդկանց։

 

Հանդիսատեսն ինքնամոռաց լսում է իր 100-ամյա գործունեության ընթացքում աշխարհի ավելի քան  50 երկրները իր արվեստով նվաճած, Սփյուռքը և մայր հայրենիքը կամրջակապող քառյակի հոգեպարար երաժշտությունների շարքը՝ <<Կռունկ>>, <<Չինար ես,կեռանալ մի, մեր դռնեն հեռանալ մի>>, <<Ալ այլուղս>>, <<Շողեր ջան>>, <<Գարուն ա>>,  <<Քելեր ցոլեր>> և շատ այլ, որ ապացուցում է Կոմիտասի՝ <<Երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին>> խոսքը։

 

Հայերը բարեգործական լավ ավանդույթներ ունեն, որոնք կյանքի բազմաբնույթ իրողություններում  նոր երանգներ և նորովի դրսևորումներ են ստանում։ Անցումային բազում դժվարություններից  հետո վերը նշված ծրագրի մասնակիցները հայտնվել են  մի փուլում, որ վստահորեն կարող ենք ասել՝ շնորհակալություն ծրագրի հովանավորին, բոլոր նվիրյալներին, կազմակերպիչներին, դասախոսներին, այսօր արդեն միատեղ ճանապարհ  անցած Պոտցդամ քաղաքի Լայբնիցի անվան աստղաֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող դոկտոր Արման Խալաթյանին, որն իր գիտական վերլուծության փորձառությամբ ուղղորդում է երիտասարդներին՝ մեկամյա ժամկետում մասնագիտանալ SS ոլորտում նախընտրած ուղղվածության մեջ և հավաստիացնում, որ ծրագիրն ունի հստակ  ուղղորդում, և ուսանողները կարող են ստանալ արհեստական բանականության մեջ նեղ մասնագիտացում պատկերների ընկալման վերլուծության և արտածման, լեզուների տարորոշման, տվյալների հավաքագրման, անալիզի և վիճակագրության ասպարեզներում, բայց նաև կսովորեն ամպային միջավայրերում իրենց մշակած ծրագրերը կիրառելը։ Ուսուցման բնագավառից ևս վեբ ծրագրավորումը և որակի ապահովումը այս ուսման ընթացքի անքակտելի մաս են կազմում։

 

Շնորհակալություն բազում բարեգործական ծրագրեր նպատակային իրագործող ՀԵՄԱ հ/կ առաջին նախագահ պարոն Միքայել Մինասյանին, դասախոսներին իրենց օգնող թիմերով՝ Ահարոն Հայրապետյանին, Վարազդատ Ավետիսյանին, Հասմիկ Ալեքսանյանին, Արթուր Սարգսյանին, Վահե Ղազարյանին, Գարիկ Գասպարյանին, Տիգրան Աղաջանյանին և էլի հետո նրանց, որոնք իրենց մասնագիտական դասավանդմամբ ըստ փուլերի պիտի  ամբողջացնեն ուսուցման ընթացքը։

 

Սիրելի՛ արցախցիներ, այսօր ձեր կողքին ենք բոլորս, նաև նրանց կողքին, ովքեր արցախյան պատերազմների մասնակցությամբ իրենց մարդկային հայրենանվեր անձնվիրությունն են ապացուցել՝ Վահե Այվազյանը, Դավիթ Ղումաշյանը, Դավիթ Պետրոսյանը, Ներսես Մեժլումյանը,  Էդգար Սայիլյանը, Էդգար Սարգսյանը, Արման Մովսիսյանը, Արման Սարոյանը, Սևակ Սարուխանյանը։

 

Շնորհակալություն նվիրումի, մարդկային արժանապատվության, սերունդների առաջ պարտքի ու պատասխանատվության՝ հպարտ կեցվածքով կանգնելու համար։

 

Համոզված ենք դասախոսական թիմի և ձեր համատեղ, դժվարին ու քրտնաջան մեկամյա ժամկետի ավարտին կրկին կհավաքվենք՝ արդեն լսելու ձեզ, ու դուք վստահորեն կասեք խոսք ձեր մասնագիտական ձեռքբերումների, բարեգործական այս ծրագրի նկատմամբ հավատի ու վստահության մասին։

 

ՍԵԴԱ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ

ՀԱՅԿՈՆԳ ՍՊ Ընկերության տնօրեն


Տեսադարան