IMG-LOGO

Մեր ինքնության հաստատման ուղին։ <<Մանիֆեստ>>-ի մասնագիտական խմբի համաեվրոպական շրջագայության 2-րդ փուլը

04-03-2024
IMG

01.03.2024թ․  ՖՐԱՆՍԻԱ- ՓԱՐԻԶ - Մարդկության երազների քաղաք, իրական հրաշքների  աննկարագրելի աշխարհ, ուր համադրված են իրական գեղեցկությունները տեսանելի, շոշափելի գույների խաղով, հոգուդ մեջ շշունջների թևով սավառնող երգերով, Լուվրի անվերծանելի գեղեցկության հմայքով, Փարիզի Աստվածամոր տաճարի սրահներում ուրվականի պես շրջող խուլ , սապատավոր Քվազիմոդոյի ուրվականով, գնչուհի Էսմերալդայի կախարդանքով, Փարիզի սիմվոլ դարձած Էյֆելյան աշտարակով և էլի շա՜տ-շատ․․․ 

 

Հիմա մենք այստեղ ենք, Փարիզի կենտրոնական մասերում վեր խոյացող Հայ Առաքելական եկեղեցու Սբ․ Հովհաննես- Մկրտիչ Մայր Տաճարում, ուր Նարեկ քահանա Տեր Քուշյանը  ներկայացրեց, որ  եկեղեցին հիմնադրվել է Մեծ բարերար Մանթաշովի նախաձեռնությամբ։  1902թ․օծվել է հիմքը, իսկ 1904  թվականին օծվել  վեր բարձրացած այսօրվա Մայր Տաճարը։  Եվ այսօր՝ 120տ․ հետո հավաքվել ենք մեծ բարերարի կողմից ֆրանսահայերին պարգևած եկեղեցու սրահում, ուր հնչում է  գերմանա-հայկական  մշակութայինի օրերի հիմն դարձած Սրբուհի Մարտիրոսյանի հեղինակած <<Կոչ միասնության>>երգը։ 

 

Ունկնդիրներն անսահման հետաքրքրությամբ լսում են Միքայել Մինասյանի Սփյուռք-Հայաստան ենթակառույցների համակցման տեսություն <<Մանիֆեստ>>-ի՝ այսօր օդ ու ջրի պես անհրաժեշտ դարձած ծրագիր-գաղափարի դրույթները։ Հարցադրումների, քննարկումների ու մեկնաբանությունների  առողջ մթնոլորտ էր․ եղան նաև հետաքրքիր առաջարկներ։ Չորս ժամ տևած քննարկումները հույս ու հավատ են ներշնչում ներկաներին։ Հրաժեշտին հնչում է  երեկոյի մասնակից, սփյուռքահայ Ռուբեն Կնիազեանի հայկական դուդուկի՝ հոգիդ ալեկոծող մեղեդին։

 

02․03.2024թ․, ՔՅՈԼՆ- Սփյուռք-Հայաստան ենթակառույցների համակցման տեսության դրույթները լուսաբանող թիմի հաջորդ կանգառը Գերմանիայի Քյոլն քաղաքն էր իր՝ բոլոր կողմերից երևացող, երկինք մխրճված, աներևակայելի, անսանձ մտքի թռիչքով ծնված ճարտարապետական մի եկեղեցական տաճար-կառույցով, տեղաբնակների լեզվով (Քյոլնի դոմ), որի պատարագի զանգերի ղողանջի տակ պատարագի ընթացքում լսեցինք աշխարհի քաղաքագետներին ուղղված խնդրանք–խորհուրդ, որ ճիշտ որոշումներ կայացնեն, մոլորակի թեժ կետերում բռնկված պատերազմները դադարեցնելու համար, փրկեն մարդկությանը  ոչնչացման վտանգից։

 

Գերմանահայ թեմի Առաջնորդարանում հավաքվել էին արդեն իսկ  Մանիֆեստի դրույթներին ծանոթ  շա՜տ- շատերը։ Երեկոն իր աղոթքով և օրհնությամբ բացեց գերմանահայոց թեմի առաջնորդ Նորին Սրբազնություն Սերովբէ Եպիսկոպոս Իսախանեանը։ Մասնակիցների թվում էին  նաև քահանաներ Տեր Նարեկը Ուկրաինայից և Տեր  Վահրիճ Բաղդասարյանը։ Ուշագրավ էր երիտասարդ Ալիկ Բակունցի ոչ միայն խորաթափանց հարցադրումները, այլ նաև  ծրագրում իր ներդրումն ունենալու պատրաստակամությունը։

 

Առաջնորդարանում ծավալվեցին ակտիվ քննարկումներ, իսկ Սրբազան ՍԵրովբե Եպիսկոպոս Իսախանյանի կողմից առաջարկ արվեց՝  դիմել գործնական քայլերի․ գերմանահայերի համագործակցությամբ ստեղծել համակարգման տարբերակ՝ հարթակ և այն որպես օրինակ, շղթայաձև համակցել համասփյուռ հայության գաղթօջախներում, ապա նաև մայր հայրենիքում։

   

Առաջարկվող կոչին միացավ ԳՀԿԽ (Գերմանահայ Կենտրոնական Խորհրդի) վարչության անդամ Սամվել Լուլուկյանը։ Հարցերի ու հարցադրումների բուռն, նաև գերմանահայերի կողմից ծրագրի  դրույթներն իրականություն դարձնելու որոշումով հեռանում ենք այնքա՜ն հյուրընկալ, քրիստոնեական մարդասիրական դրույթներն աշխարհին պարզող  սրբավայրից։ Հեռանում ենք, մեզ հետ տանելով Սուրբ մարդու՝ Սրբազան Սերովբե Եպիսկոպոս Իսախանյանի աշխարհատես, աշխարհընկալ հովվապետի պատրաստակամ հովանավորությունը, նեցուկ լինելու, ստեղծելու միասնական ուժեղ պետություն և անձնազոհ ուղղորդումով  օգնել՝ հեռացնելու հայոց աշխարհի գլխին կախված վտանգները։

 

03.03.2024թ․ Մայնի Ֆրանկֆուրտ ( գերմ․՝ Frankfurt am Main)-  Գերմանիայի  Հեսսեն  երկրամասի ամենամեծ քաղաքը․ մեծությամբ  5-րդն է Գերմանիայում։ Եվրոպայի օդային փոխադրումների ամենամեծ հանգուցակետից  մեկնում ենք՝ Մայնի Ֆրանկֆուրտի Ավետարանական Էմմաուսի համայնքների սրահում։

Քանի որ նշված ժամից շուտ էինք տեղ հասել, ականատես եղանք Շուշի Թումանյանի՝ գերմանացի կանանց պարուսույցի՝ հոգիդ բերկրանքով լցնող տեսարանին։

Շուշին կարողացել  է ամուսնու՝ Արմին Պրոյսի հետ հայ մշակույթն ու արվեստը հասանելի ու գրավիչ դարձնել գերմանուհիներին, որոնք պարում էին մեր քոչարին՝ հային հատուկ ոգևորության գոռում գոչյուններով։ Նշված ժամին բազմամարդ էր սրահը։ Ներկա էին նաև Աշաֆֆենբուրգ քաղաքի հայ համայնքի ատենադպիր Հայկ Անդրեասյանը և համայնքի մի շարք ներկայացուցիչներ։

 

Միքայել Մինասյանի Սփյուռք-Հայաստան ենթակառույցների տեսություն՝ <<Մանիֆեստ>>-ի հիմնարար դրույթները ներկայացնելուց հետո ծավալվեց ամբողջ սրահն ընդգրկող,  պատասխաններ պահանջող հարցադրումներ։ Հարց ուղղվեց, թե ինչու համահայկական համագումարի  թեկնածուն պիտի ընտրվի  1:25000-ի հարաբերությամբ, չէ՞ որ այդ մեխանիզմով գերմանահայ համայնքից միասին վերցված  չի ընտրվի նույնիսկ մեկ ամբողջական ձայն։ Բանագնացը  պատասխան խոսքում նշեց, որ այդ ժամանակ  պիտի միանան եվրոպական երկրների հայ համայնքների կառույցներին։ Սա  ևս պետք է  մոտիվացիա լինի, որպեսզի դուրս մնացած ֆիզիկական անձանց ներգրավեն կառույցների մեջ։ Նշվեց նաև, որ այդ բանաձևը վերցված է եկեղեցական թեմերի ընտրակարգից։  Ըստ <<Մանիֆեստ>>-ի ՝  ներկայացված  ֆիզիկական անձի փաստաթուղթ է հանդիսանում կառույցին մուծված անդամավճարային անդորագիրը։ Այլ կերպ  փաստացի հնարավոր  չէ  ճշտել ձայների քանակը։ Քննարկմանը ակտիվորեն մասնակցում էին գերմանական Հեսսեն երկրամասի հայ համայնքների վարչության անդամները՝ ուղղելով  հարցեր բանախոսին և նաև միմյանց։      Իրավաբան Խաչատուր Քրիստեան Մխիթարյանի առողջ ու հիմնարար հարցադրումների քննարկումներն ուղղորդեցին ողջ լսարանը՝ հստակեցնելով մտահոգ ունկնդիրների խոհերը։

 

Միքայել Մինասյանի կողմից քննարկումներն առողջ էին, հստակ ուղղվածությամբ․ պարզաբանվում էին առաջադրված բոլոր խնդիրները։  Այստեղ ևս Միքայել Մինասյանը ներկայացրեց Քյոլնում Սերովբէ Սրբազանի առաջարկով կայացրած որոշումը՝ գերմանահայ  շրջանակներում իրական ու գործնական դարձնելու Սփյուռք-Հայաստան ենթակառույցների տեսության հիմնարար սկզբունքները․ առաջարկն այստեղ ևս արժանացավ դրական արձագանքի։

Ժամը երեքին սկսված հավաքը տևեց մինչև ժամը  9-ը․ դժվար էր հեռանալ հյուրընկալ համայնքից․ նրանցից յուրաքանչյուրը պատրաստ է դառնալ հայապահպանության սուրբ գործի նվիրյալ։

Հեռանում ենք հայրենակարոտ հայացքների ուղղորդությամբ, հոգու ցավով, հայի՝ մեր իսկ մեղքով մեզ բաժին հասած դառը ճակատագիրը փոխելու հավատով։

 

Սեդա Վարդազարյան
«Մանիֆեստ» գիտական աշխատության խմբագիր


Պատկերասրահ

Տեսադարան