IMG-LOGO

Մեր ինքնության հաստատման ուղին։ <<Մանիֆեստ>>-ի մասնագիտական խմբի համաեվրոպական շրջագայության 1-ին փուլը

12-02-2024
IMG

Երևանում՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի դահլիճում Միքայել Մինասյանի  գիտական աշխատության՝ Սփյուռք- Հայաստան ենթակառույցների համակցման տեսություն՝ <<Մանիֆեստի>> շնորհանդեսի շա՜տ-շատ հաճելի, մտահոգիչ վերլուծություններից հետո ժամանակ անց նույն գրքի շնորհանդեսը կայացավ Բեռլինի Լիխտենբերգ շրջանի <<Ամենափրկիչ>> եկեղեցուն կից համայնքի սրահում, ուր մասնակցում էին գերմանահայ կենտրոնական խորհրդի նախագահ Յոնաթան Շպանգենբերգը, գերմանահայ բժիշկների միության նախագահ Սրբուհի Մարտիրոսյանը, Գերմանիայում Արցախի Հանրապետության նախկին ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը, Բեռլինի հայ համայնքների վարչության անդամներ, գիտաշխատողներ, թղթակիցներ, մի շարք հասարակական գործիչներ, նաև գերմանացիներ Ստեֆան Հայմանը կենսաֆիզիկ-գիտնական, հայագետ Յոնաթան Շպանգենբերգը։

 

Հարցն այստեղ նշանավոր այրերի մասնակցության մասին չէ, այլ շունչը, դահլիճում տիրող առողջ գաղափարական մթնոլորտի ծավալումը։

 

Երեկոյի ծրագիր բազկացած էր երկու մասից՝       

 

ա․ Հայաստանից ժամանած «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանի  բաց հարցազրույցը բեռլինահայերի հետ։

Պետրոսյանը ներկայացրեց Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, անցյալի սխալները, այժմյան անելիքներն ու խնդիրները։ Մասնակիցների մտահոգիչ բոլոր հարցերին տրվում էր հուսադրող պատասխաններ։ Բոլոր հանդիպումներում էլ  հարցազրույցն անցնում էր  բուռն հետաքրքրություններով։ Մտահոգիչ էին բոլոր հարցադրումները, սպասումի ակնկալիքներով ու նաև պատրաստակամություն՝ դրսից իրենց մասնակցությունը բերելու հայոց աշխարհի՝ մայր հայրենիքի հզորացման գործին։

 

բ․Մտքերի քննարկում Սփյուռք- Հայաստան ենթակառույցների  համակցման  տեսություն՝ <<Մանիֆեստ>>-ի շուրջ։

<<Մանիֆեստի>> հեղինակը՝ Միքայել Մինասյանը, հայկական կյանքով  տառապյալ հոգիներից  մեկն է, ով լավ գիտի թե՛ մայր հայրենիքի, թե՛ Սփյուռքի ցավերն ու հոգսերը։ Նա հստակ ներկայացնում է Սփյուռք-Հայաստան միասնության  տեսության գաղափարի իրագործման իրական ու տեսանելի ուղիները։

 

Մտքերի փոխանակման, բուռն բանավեճերի մեջ առավել ընդգծելի է ու տարբերվող հայկական հարցի ցավոտ խնդիրներին քաջատեղյակ, նաև այդ ցավն իրենցը համարող, անթերի հայերենով արտահայտվող, <<Մանիֆեստը>> հայերենով ընթերցած, գերմանահայ Կենտրոնական խորհրդի նախագահ, Յոնաթան Շպանգենբերգը, Մարդ, ով լավ գիտի հայոց հարցը, և ով  արտահայտվում է պարզ ու հստակ, հիասքանչ հայերենով, պայծառ ու առողջ դատողությամբ անդրադառնալով <<Մանիֆեստ>>-ի դրույթներին՝ վերջիններս կյանքի կոչելու նպատակով։ Գերմանացի Ստեֆան Հայմանը, ով քաջատեղյակ է գրքում առաջադրված  տեսություններին, արտահայտվում է գեղեցիկ հայերենով և նշում կոնկրետ իրագործման ուղիները։

 

Այսօր հայերս խոսում ենք հայապահպանության, եկող սերնդի ուծացման տագնապներից, բայց հիմա զարմացած, հիացած ու նաև ականատեսն եմ գերմանացու կողմից ոչ միայն հարգանք մեր լեզվի նկատմամբ,այլ նրա պահպանմանն առաջարկվող խնդիրների լուծման բանալին։ Արտահայտվում են շատերը՝ հայագետ Հասմիկ Մելքոնյանը, Հարություն Գրիգորյանը, Արթուր Միքայելյանը, թղթակիցներ, քաղաքագետներ, շա՜տ-շատ այրեր։ Ու մտածում եմ՝ արդյո՞ք վերջերս տարբեր հարթակներից հնչվող ցավոտ հարցը չի սա, որ երկրից դուրս է եկել հիմնականում <<ինտելեկտուալ>> խավը, բոլորիս  հայտնի ապաշնորհ ղեկավարների, մայր հայրենիքում վարած  ազգադավ քաղաքականության արդյունքում ստեղծված ծանր կացությունից, նվաստացումից, բայց հիմա  էլ տառապում են՝ ամեն գնով դրսից օգնել՝ հայրենիքն ուժեղանալու։

 

Այս տպավորությամբ, ծանր խոհերի քաոսում, բայց հույսի մի շող գրկած, ուղևորվում ենք Հոլանդիայի Ուտրեխտ քաղաք։ Մեր ուղեկիցն է մի հրաշալի հայ՝ Հայկ Ասլանյանը։ Նա համայնքապետ չէ ո՛չ Ռոզենդալ քաղաքում, ոչ Ուտրեխտում, բայց լծված է հայերի համախմբման, հայապահպանության սուրբ գործին։  Օգնում է ցանկացած մարդու, պատրաստակամ է, հզոր կազմակերպչական ջիղով և մարդկային փոխհարաբերություններում փայլուն նկարագրով, ուղղակի իսկական հայ։ Այսօր նա հովանավորում և իր հարկի տակ ապաստան է տվել արցախահայի։ Ի դեպ, նրա կերպարն ամբողջացնում է իր հրաշալի ավանդական հայկական ընտանիքը՝ հեզահամբույր կինը, բարության խորհրդանիշ մարդ՝ Լենան, աղջիկը, որդին, որոնք մասնակիցն են օտարության մեջ հայի ինքնության պահպանման պայքարին։ Հայկն արտահայտում է գործնական, առողջ դատողության ուղղվածություն ունեցող, հայոց աշխարհի համաշխարհայնացման մտքեր՝ պատրաստ իր ուսերին առնելու իրեն բաժին հասած ազգային ցավը, մասնակցելու նրա փրկության գոյամարտին։

Ուտրեխտում ևս բազմամարդ էր լսարանը․ ինտելեկտուալ խավ՝ հայրենիքի ափերը թողած, այստեղ՝ այդ հայրենիքի ցավով տառապող մի մաս, որը տարբեր ժամանակահատվածներում հեռացել է հայրենիքից վերոնշյալ և այլ պատճառներով։ Բոլորի հարցադրումներում տագնապ կա, ցավ, մտահոգություն․ ծանր, անհնարին թվացող ի՞նչ անել  հարցին հստակ պատասխանի  ակնկալիք, իսկ իրենցից կախված՝ ամեն ինչի պատրաստ նվիրում։

Եվրոմիության մայրաքաղաք Բրյուսելում ևս հարցադրումները, պատասխան պահանջող հարցերը, իրենց հասանելի հնարավոր օգնություն առաջարկողների պատրաստակամությունը ստիպում է  մեզ մտածել  և գտնել Սփյուռք-Հայաստան ենթակառույցների համակցման  տեսության տեսանելի իրագործման եզրույթը, համասփյուռ հայության երազանքի իրականացումը։

 

Հեռանում ենք Բրյուսելից հոգուս մեջ թմբկահարվող տխուր, բայց միևնույն ժամանակ հուսադրող տողերի ուղեկցությամբ․

 

«․․․Սիրուց է ծնվում ամեն փրկություն, թե՜ հոգու, սրտի, թե՜ հայրենիքի,
Մի բուռ ենք, եկե՜ք, մենք սիրով հաղթենք ու հայրենիքին հավերժ ապրեցնենք։
Երգ իմ թևածի՜ր աշխարհի ծագերը ու տար հայերին՝ հավատը գտած, կոչը միացման ու համախմբման, երգ իմ թևածիր ու տա՜ր»։ 

 

Սեդա Վարդազարյան
«Մանիֆեստ» գիտական աշխատության խմբագիր