Այս տարվա հունիսի 23-ին տեղի ունեցավ Բեռլինի Լիխտենբերգ շրջանի Պաուլ Գերհարդի անվան ավետարանական համայնքի կողմից կազմակերպված տարեկան ամառային տոնախմբությունը։ ՀԵՄԱ հ/կ-ն այս տոնակատարության ընթացքում հանդես եկավ ինչպես սովորաբար իր սեփական տաղավարով, որը տեղադրված էր «Փրկչի» եկեղեցու հարակից բակում։ ՀԵՄԱ հ/կ անդամները առաջարկում էին հայ գրականության, Բեռլինի Հայկական Դպրոցի աշակերտների կողմից պատրաստված ձեռագործ աշխատանքների , հայկական գինետեսակների և այլնի հարուստ տեսականի։ Այս տարվա ամառային տոնախմբությունն աչքի էր ընկնում երկու անձանց առանձնահատուկ պատիվ շնորհելու հանդիսությամբ․ «Փրկչի» եկեղեցու սրահում տեղի ունեցավ Պիյարսկու անվան Բեռլինի էկոնոմիկայի և լեզուների դպրոցի տնօրեն պարոն դր․ Հելմուտ Զուհրին և Պաուլ Գերհարդի անվան ավետարանական համայնքի պատվելի տիկին Սապնա Յոշիին Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա, կարճ՝ ՀԵՄԱ, հանրային կազմակերպության պատվավոր անդամի կոչում հանձնելու հանդիսավոր արարողությունը։
Պատվո տուրք մատուցելու խոսքով ելույթ ունեցավ ՀԵՄԱ հ/կ Առաջին Նախագահ Միքայել Մինասյանը, ով էլ հանդիսավոր կերպով վերոնշյալ թեկնածուներին հանձնեց պատվավոր անդամակցության պաշտոնական վկայականներն ու նվերները։ Այս հանդիսավոր արարողությանն երաժշտական շրջանակմամբ երկու համարներով հանդես եկավ Բեռլինի Հայկական Դպրոցի մանկապատանեկան երգչախումը։ Դպրոցի սաները արտասանեցին նաև Ներսես Շնորհալու աղոթքներից։
Ստորև ներկայացնում ենք ՀԵՄԱ հ/կ Առաջին Նախագահ պարոն Միքայել Մինասյանի հանդիսավոր խոսքը․
Բեռլինի Լիխտենբերգ շրջանի <<Փրկչի>> եկեղեցի, 23.06.2018թ.
Պաուլ Գերհարդի անվան ավետարանական համայնքի պատվելի տիկին Սապնա Յոշի,
Պիյարսկու անվան Բեռլինի էկոնոմիկայի և լեզուների դպրոցի տնօրեն պարոն դր․ Հելմուտ Զուհր,
Բեռլինի և արևելյան Գերմանիայի հայկական համայնքների հոգևոր հովիվ սիրելի Տեր Գնել Գաբրիելյան,
Սիրելի քույրեր և եղբայրներ,
Հարգարժան տիկնայք և պարոնայք,
սրտանց ողջունում եմ Ձեզ Պաուլ Գերհարդի անվան ավետարանչական համայնքի ամառային տոնախմբությանը։ Համագործակցությունը և բարիդրացիական հարաբերությունները հիմք են կազմում փոխադարձ օգնության և ինտեգրացիայի համար։ Արևելյան Բեռլինի հայ համայնքը պարտավորված է զգում իրեն այս այս ջերմ հարաբերությունները մեր հարևանների հետ պահպանելու գործում։ Մենք փոքր համայնք ենք, որն ունի նվիրյալ անդամներ, ովքեր մեր բազմաբնույթ ծրագրերում փորձի փոխանակմամբ և իրենց ակտիվ մասնակցությամբ հարստացնում են համայնքային կյանքը։ Մեր շեշտադրումներն ընկնում են մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործի վրա։ «Բեռլինի Հայկական Դպրոց» ծրագիրը, որը 2010թ․-ին իր ծնունդն ու կնունքը գտավ Բեռլինի Լիխտենբերգ շրջանում, ոչ միայն մեր մատաղ սերնդի ինքնությանն է զարկ տալիս, այլև վեր է հանում մեր երկու մշակույթների ընդհանրությունները։ Երեխաներն ու պատանիները սովորում են Պիյարսկու անվան Բեռլինի էկոնոմիկայի և լեզուների դպրոցի հարմարավետ դասասենյակներում հայոց լեզու, հայոց պատմություն առարկաները, մասնակցում երգեցողության և պարի դասաժամերին։ Միևնույն ժամանակ նրանք ցուցադրում են իրենց գիտելիքներն ու կարողությունները բեմական ներկայացումներում և գիտելիքների մրցույթներում, որոնք նաև անցկացվում են գերմաներեն լեզվով։ Այս ուսումնական նորարարությունը „Berliner Abendblatt“ թերթը որակում է որպես «Դասաժամ մեկ այլ կերպ» վերնագրով։ Այն ցույց է տալիս, թե մենք ինչպես մի կարճ ժամանակահատվածում հասարակ միությունից աճեցինք և դարձանք համայնք։ Իսկ հայկական համայնքը մարդկանց համար հանդիպման վայր չէր լինի, եթե այն չառաջարկեր բազմաբնույթ ծրագրեր։
Հայերի հոգևոր, մտավոր, հանրային և մշակութային կյանքի բազմերանգությանը ավելացրեցինք նաև «Արևելյան Բեռլինում Հայ Առաքելական Եկեղեցու Պատարագների կազմակերպում» ծրագիրը։ Այս Սբ․ պատարագները պարբերաբար տեղի են ունենում Բեռլինի Լիխտենբերգ շրջանի Պաուլ Գերհարդի անվան ավետարանչական համայնքին պատկանող «Փրկչի» եկեղեցում։
Այս հոյակերտ աստծո տանը մենք առանձին, բայց և նաև Պաուլ Գերհարդի անվան ավետարանչական համայնքի հետ մեկտեղ 2015թ․-ին ապրել ենք Գերմանա-Հայկական Մշակութային Օրերի բացումը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության զոհերի 100ամյա հիշատակին, այս շրջանակում ՍԱՆԿՏՈԻՍ վոկալ համույթի ելույթը, օպերային մենակատար Լուսինե Առաքելյանի մենահամերգը, ինչպես նաև արդեն ավանդույթ դարձած ամառային տոնախմբությունները և այլ հայկական տոնակատարություններ ու հանդիսություններ։ Այս ամենի մասին հնարավոր չէր լինի անգամ մտածել, եթե չունենաինք բարեկամներ և լավ հարևաններ, ովքեր մեզ խորհրդով և գործով օգնել և օգնում են։ Նրանք են անվանական․ Պիյարսկու անվան Բեռլինի էկոնոմիկայի և լեզուների դպրոցը և Բեռլինի Լիխտենբերգ շրջանում Պաուլ Գերհարդի անվան ավետարանչական համայնքը։ Այնուամենայնիվ բոլոր այս կազմակերպությունների հետևում կանգնած են անձիք, որոնց հետ կառուցել ենք ջերմ և բարեկամական հարաբերություններ։ Այս իմաստով ցանկանում ենք երկու հոգու հայտնել մեր երախտագիտությունը
Սիրելի պարոն դր․ Զուհր,
ինտեգրացիայի գործում Դուք հարուստ փորձ ունեք, որը ձեռք եք բերել Ձեր մասնագիտական աշխատանքի տարիների ընթացքում։ Զալլեյի Հալլե քաղաքի Մարտին Լութերի անվան համալսարանում պատմության ուսումնասիրություն և թեկնածուական թեզի պաշտպանում, մասնագիտական ներդրումներ կրթության և գիտության նախարարությունում և գերմանական նոր երկրամասերի կրթության և գիտության համար նախատեսված համատեղ հաստատությունում։ Իսկ այժմ հանդիսանում եք Պիյարսկու անվան Բեռլինի էկոնոմիկայի և լեզուների դպրոցի տնօրեն։ 2005թ․-ից Դուք „pro Integration Deutschland“ ծրագրի ակտիվ անդամ եք, իսկ 2010թ․-ից Գերմանական դպրոցների միությունների Ասոցիացիայում նախագահում եք լեզուների դպրոցների մասնագիտական խմբերին։
Երբ ես 2010թ․-ին Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի այն ժամանակվա նախագահ պարոն Ազատ Օրդուխանյանի հետ այցելեցի Ձեզ Ձեր գրասենյակում և ներկայացրեցի մեր ցանկությունը հայկական կիրակնօրյա դպրոց հիմնադրելու մասին, ես կարծում էի, որ Ձեզանից հայցում եմ ինտեգրացիային ճիշտ հակառակ ցանկություն՝ հայերի ինքնության պահպանության միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ։ Եվ հիմա խոստովանում եմ, որ ես հոռետես էի այն հարցում, որ մեր մեջ կարող էր երբևէ համագործակցություն սկսվել։ Սակայն Դուք Ձեր հիմնավորումներով զարմանք պատճառեցիք ինձ․ Դուք կարծում էիք, ինտեգրացիան փակուղի հանդիսացող ճանապարհ չի, այլ պահանջում է նրանում ներգրավված անձի հետ քննարկում, որի արմատներն իրականում իր ինքնության մեջ են թաղված։ Եվ միայն սեփական «ես»-ի խթանմամբ է հնարավոր հաջողակ ինտեգրումը գերմանական հանրության մեջ։ Դուք ճիշտ էիք։ Մեր դպրոցի առաջին սաները մինչև մեր դպրոց այցելելը գրեթե մոռացել էին հայերենը։ Սակայն զավեշտալին այս հարցում այն էր, որ նրանք գերմաներենին էլ որպես իրենց մայրենի լեզու չէին տիրապետում։
Ժամանակի ընթացքում մեր սաները սովորեցին երկու լեզուները համեմատել միմյանց հետ ու դրանք առանձին-առանձին խորացնել։ Արդյունքում նրանցից շատերը բարելավեցին իրենց գերմաներենի իմացությունները, իսկ գերմանական պատմության ու մշակույթի նկատմամբ սկսեցին էլ ցուցաբերել առավել մեծ հետաքրքրություն։
Մեր կիրակնօրյա դպրոցն արդեն 8 տարուց ի վեր ծավալում է իր աշխատանքները, որովհետև Դուք՝ պարոն դոկտոր Զուհր, մեր անդամներին անվարձահատույց տրամադրեցիք Ձեր հաստատության հարմարավետ դասասենյակներն ու ուսումնատեխնիկական պարագաները, որով և հնարավոր դարձրեցիք վերոնշյալ առարկաների դասավանդումը։ Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Ձեզ սրա համար։ Թույլ տվեք ինձ ի երախտագիտությունս և ճանաչումս Բեռլինի Հայկական Դպրոց ծրագրում Ձեր վաստակի նկատմամբ այս պարգևը հանձնել Ձեզ և այսպիսով Ձեզ շնորհել Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիայի պատվավոր անդամի կոչումը։
Սիրելի տիկին Յոշի,
նախորդ տարի մենք միասին կարգեցինք այստեղ Գերմանահայոց թեմի Առաջնորդ Նորին Սրբազնություն Գարեգին Բեկչյանին և Գերմանական Բունդեսթագի նախկին պատգամավոր դր․ Մարտին Պետցոլդին մեր միության պատվավոր անդամներ։ Այսպիսով սկիզբ դրվեց հիշարժան մի ավանդույթի։ Դուք, սիրելի գերապատվելի Յոշի, պատկանում եք այն հոգևորականներին, ովքեր ի ծնե կոչված են մարդկային հարաբերությունները միմյանց միջև կամրջելու, չնայած որ Դուք «Հռոմի Պապ» չեք։ Դուք հնդիկ հոր և գերմանացի մոր դուստր եք։ Կնքվել եք 19 տարեկանում։ Հումբոլդի անվան համալսարանում ուսանել եք աստվածաբանություն, ապա Բեյրութում ծանոթացել եք, ինչպես Դուք եք սիրում ասել, միջին արևելքի քրիստոնեական բազմազան ավանդույթներին և գնահատել դրանք ըստ արժանավույնս։ Ձեր առաջին փորձառությունները հայկական համայնքների հետ նույնպես ունեցել եք Լիբանանում։ Դե, արդեն վեց տարի շարունակ Դուք հանդիսանում եք Պաուլ Գերհարդի անվան ավետարանական համայնքի պատվելի, իսկ այսօր էլ կրկին մեզ՝ հայերիս հետ եք։ Հայերը աշխարհի հնագույն քրիստոնեա ժողովրդներից մեկն են, իսկ Հայաստանը քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն դեռ 301 թվականին։ Այս մշակույթի բազում հետքեր բերում են դեպի Եվրոպա, այդ թվում նաև դեպի Գերմանիա։ Ինչպես Դուք Ձեր ելույթներից մեկում նկատել եք, քրիստոնեության արմատներն ընկած են արևելքում, այդ թվում նաև Հայաստանում։ Եվ հավանաբար քրիստոնեական դրացու նկատմամբ սերն է դրդել Ձեզ, որ «Փրկչի» եկեղեցին և նրան հարակից համայնքի սրահը համատեղ օգտագործելու մեր խնդրանքին ընդառաջեցիք, երբ ես և Սրբազան Հայր Գարեգին Բեկչյանը ուղիղ 5 տարի առաջ այցելիցինք Ձեզ և Ձեր աշխատասենյակում զուցեցինք այս թեմայի շուրջ։ Այդ ժամանակից ի վեր մենք կազմակերպել և անցկացրել ենք բազմաթիվ պատարագներ և մշակութային միջոցառումներ։ Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Ձեզ դրա համար։ Թույլ տվեք ինձ գերմանա-հայկական հավատքի բարեկամության ամրապնդման մեջ Ձեր վաստակի դիմաց շնորհել Ձեզ այս պարգևը և կարգել Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիայի պատվավոր անդամ։
Շնորհակալություն Ձեր ուշադրության համար։
Միքայել Մինասյան
ՀԵՄԱ հ/կ Առաջին Նախագահ