IMG-LOGO

Ո'չ պատմության կրկնությանը

30-04-2014
IMG

2014թ.-ի ապրիլի 30-ին Բեռլինի Լիշտենբերգ շրջանի «Փրկչի» եկեղեցում կայացավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երեկո: Երեկոյին իրենց ասմունքով երգեցողությամբ եւ պատմական իրադարձությունների գեղարվեստական ներկայացմամբ հանդես եկան ՀԵՄԱ հ/կ երեխաներն ու պատանիները: Երեկոյին ներկա էին Գերմանիայում ՀՀ դեսպանատան դիվանագիտական անձնակազմի ներկայացուցիչ պարոն Դավիթ Գրիգորյանը, Գերմանիայում ԼՂՀ Ներկայացուցիչ պարոն Հարություն Գրիգորյանը եւ քահանա Տեր Գնել Գաբրիելյանը: Երեկոն իր ողջույնի խոսքով բացեց ՀԵՄԱ հ/կ Առաջին Նախագահ պարոն Միքայել Մինասյանը, ապա իր տերունական աղոթքով եւ ցեղասպանությունը դատապարտող «Մի' սպանիր» աստվածաշնչային մեկնությամբ ներկաներին դիմեց Բեռլինի եւ հյուսիս-արեւելյան Գերմանիայի թեմի պատասխանատու հոգեւորական Քահանա Տեր Գնել-Գաբրիելյանը: Հուշ երեկոյին մասնակցելու իր նախնական բանավոր ցանկությունն էր արտահայտել Գերմանիայում ՀՀ դեսպան պարոն Վահան Հովհաննիսյանը, ով սակայն կարճաժամկետ հայտարարությամբ հույժ կարեւոր հանդիպում ունենալու պատճառով չկարողացավ անձամբ ներկա գտնվել հուշ երեկոյին, սակայն ներկաներին իր ուղերձը հղեց ՀՀ դեսպանատան դիվանագիտական ներկայացուցիչ պարոն Դավիթ Գրիգորյանի միջոցով, ով մասնավորապես անդրադարձավ ցեղասպանության կանխարգելման կարեւորությանն ու Թուրքիայի ներկայիս ժխտողական քաղաքականության հետեւանքներին, մասնավորապես շեշտելով ցեղասպանության ճանաչման անխուսափելիությունն ու կարեւորությունը հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործում: Այնուհետեւ գերմաներեն իր ելույթում ԼՂՀ ներկայացուցիչ պարոն Հարություն Գրիգորյանը ընգծեց հայկական ներկա երկու հանրապետությունների միասնական նպատակասլացությունը հայոց ցեղասպանության գործում եւ համատեղ պահանջատիրական իրավունքների արտահայտումը՝ ընգծելով Ղարաբաղի անկախության կարգավիճակի ճանաչումը համաշխարհային հանրության կողմից որպես բաղկացուցիչ մաս համընդհանուր հայկական հարցի լուծման մեջ: Երեկոյին ներկա էին նաեւ Բեռլինի Լիշտենբերգ շրջանի Պաուլ Գերհարդի անվան ավետարանչական եկեղեցու ներկայացուցիչները, որոնց համար թարգմանվեցին բոլոր ելույթները Գերմանացի հյուրերը ցնցված էին եղեռնական միջադեպերի նկարագրություններից: Երեկոն եզրափակվեց լավատեսական եւ մարտական «Գետաշեն» երգի ՀԵՄԱ հ/կ աշակերտների երգչախմբային կատարմամբ:

Պատկերասրահ