Գերմանիայի Ստորին Սաքսոնիա երկրամասի Հանովեր քաղաքի մեր հայրենակիցներն ի դեմս Սահակ Հակոբյանի, ամանորի շեմին անակնկալ մատուցեցին Հայաստանի մեր հայրենակիցներին և գերմանահայերիս։ Եվս մեկ բեռնատար ավտոմեքենա բարձված մոտ 7 տոննա ձմեռային տաք հագուստներով, քնապարկերով, վրաններով, անվասայլակներով և այլ անհրաժեշտ միջոցներով ուղևորվեց Քյոլն՝ Գերմանահայոց թեմի Առաջնորդարան, այնտեղ համալրելու բեռը։ Քյոլնից ավտոմեքենան կմեկնի Բելգիա ՄԱԿ-ի գրասենյակի պահեստներ, որտեղից էլ մարդասիրական բեռները կրկին կտեղափոխվեն Հայաստան։
Ի դեպ՝ Հանովերի մեր հայրենակիցները բարեգործական բեռների հավաքագրման գործում Արցախյան պատերազմի առաջին իսկ օրերից ամենաակտիվ մասնակիցներից էին։ Նրանց շնորհիվ հանգանակվել են այնպիսի կարևոր պարագաներ, ինչպիսիք են դաշտային գեներատորները, վիրաբուժական գործիքները, բուժական օժանդակ միջոցները և այլն։ Մեր հայրենակիցների ջանքերը դրամական օժանդակությամբ ամրապնդել է նաև Բողոքական Լութերական Եկեղեցու Հարցերի երկրամասի Միությունը, որը բեռների փաթեթավորման և տեղափոխության համար նվիրաբերել է ՀԵՄԱ հ/կ հաշվեհամարին ավելի քան 1500 եվրո։
Մնում է հայտնել բոլոր բարերարներին և նվիրատուներին մեր խորին երախտագիտությունը և քաջալերել հանովերցի մեր հայ հայրենակիցներին և նրանց սատարող բարեկամներին շարունակելու իրենց մարդասիրական առաքելությունը։
Խորին երախտագիտությամբ՝
ՎԱՐՉՈԻԹՅՈԻՆ