Բեռլին․ Բեռլինի «Eastern Perspectives» քննարկման ակումբը հուլիսի 10-ին «Ulme35»-ի կոնֆերանսների դահլիճում կազմակերպեց Հայաստանին նվիրված թեմատիկ երեկո։ Ուշադրության կենտրոնում էին Հարավային Կովկասի այս պետության պատմությունն ու երկրագիտությունը, ինչպես նաև արդի քաղաքական զարգացումները։
Եվրոպացի և հայ մասնագետների ասոցիացիա հ/կ (Verband Europäischer und Armenischer Fachleute e. V.) ներկայացուցիչներ Միքայել Մինասյանի և Արչի Գալենցի մասնակցությամբ ներկաները ծանոթացան Հայաստանի պատմական և մշակութային արմատներին։ Բացի այդ, բանախոսները վերլուծեցին վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքները և քննարկման առարկա դարձրին Հայաստանի Արևմուտքին մերձենալու ձգտումների թեման։
Առանձնահատուկ հետաքրքրություն առաջացրին ներքաղաքական և տարածաշրջանային մարտահրավերները, որոնց այսօր բախվում է Հայաստանը։ Զեկույցներից հետո ծավալվեց աշխույժ քննարկում բանախոսների և հյուրերի միջև, որի ընթացքում բարձրացվեցին բազմաթիվ հարցեր՝ կապված երկրի քաղաքական, հասարակական և աշխարհաքաղաքական հեռանկարների հետ։
Միջոցառման կազմակերպիչ Թոմաս Պավլովսկին դրական գնահատական տվեց երեկոյին։ Իր նամակում նա շնորհակալություն հայտնեց բանախոսներին «հետաքրքիր և անկեղծ ելույթների» համար։ Նրա խոսքով՝ միջոցառումը նպաստել է Հայաստանի բազմաբնույթ մարտահրավերների ավելի լավ ըմբռնմանը և միաժամանակ խորացրել է հետաքրքրությունը երկրի պատմության և մշակույթի նկատմամբ։ Հատկապես Հայաստանի պատմական և մշակութային ակունքների ներկայացումը շատ մասնակիցների համար եղել է նոր և հարստացնող փորձառություն։
Դրական արձագանքի շնորհիվ Թոմաս Պավլովսկին հայտարարեց, որ ապագայում ևս մտադիր է կազմակերպել Հայաստանին նվիրված նոր միջոցառումներ։