IMG-LOGO

Երախտիքի երեկոյի շրջանակում․ Կոմիտասի անվան ազգային քառյակի բարեգործական համերգը ՀԱԱՀ-ում

30-08-2024
IMG

Բեռլինի «Եվրոպացի եւ հայ մասնագետների ասոցիացիա» (ՀԵՄԱ) հասարակական կազմակերպության վարչությունը եւ ՀԱՅԿՈՆԳ ՍՊԸ տնօրենությունը կազմակերպել են Կոմիտասի անվան ազգային քառյակի կատարմամբ բարեգործական համերգ, որը կայացավ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի նիստերի մեծ դահլիճում, օգոստոսի 30-ին։

 

Կատարողական արվեստի ճանաչված հայ վարպետների բարեգործական համերգը տեղի կունենա ի նշան խորին երախտագիտության «Տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման դասընթացներ վիրավոր զինվորների եւ Արցախից բռնի տեղահանվածների համար» ծրագրի վերագործարկման հովանավորի եւ բոլոր աջակիցների նկատմամբ։

 

2021-22 ուսումնական տարում անցկացված ծրագրի շնորհիվ բազմաթիվ մասնակիցներ մշտական աշխատանք են գտել։

 

Մեկ տարի ընդմիջումից հետո, 2024 թ․ հուլիսի 1-ին ծրագիրը վերամեկնարկել է՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի գերատեսչության ֆինանսական հովանավորությամբ եւ ՀՀ սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, «Զինապահ» հիմնադրամի, «Զինվորի տան» եւ «Մունք» ՏՏ համայնքի աջակցությամբ։

 

Բարեգործական երեկոն սկսվեց բացման աղոթքով, որը ձեռնեց գերաշնորհ հոգևոր հայր արքեպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը։ Ապա բացման խոսքով հանդես եկավ ՀԵՄԱ հ/կ առաջին նախագահ Միքայել Մինասյանը, ով շնորհակալություն հայտնեց ծրագրի բոլոր աջակիցներին և մասնավորապես գլխավոր հովանավոր Գերմանիայի Արտաքին գործերի գերատեսցությանը՝ նշելով, որ դա շատ կարևոր է Արցախյան պատերազմի թողած հետևանքները վերացնելու և Հայաստանի և Գերմանիայի միջև բարեկամական կապերն առավել սերտացնելու համար։ Երախտիքի խոսքով ելույթ ունեցավ ՀՀ Սփյուռքի գործերի գրասենյակի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Ագրարային համալսարանի անունից հյուրերին ողջունեց ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը։ Համերգից առաջ նախագծի ներկայացմամբ հանդես եկավ ՏՏ ծրագրի ուսումնական գծով ղեկավար դոկտ. Արման Խալաթյանը։

Կոմիտասի անվան քառյակը հանդես էր գալիս հետևյալ կազմով

Էդուարդ Թադեւոսյան – գեղարվեստական ղեկավար, առաջին ջութակահար, Հայաստանի ժողովրդական արտիստ, Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանակիր, Երեւանի պատվավոր քաղաքացի,

Ալեքսանդր Կոսեմյան – ալտ,

Սյուզի Երիցյան – ջութակ,

Տիկին Անժելա Սարգսյան – թավջութակ։

 

Բազմաթիվ լրատվական ծառայություններից ներկա գտնվող լրագրողները լուսաբանում էին այս նախաձեռնության նշանակությունը և հղումներ կատարում Գերմանիայի դերի վրա, որը նմանատիպ սոցիալական և կրթական ծրագրերով բազմիցս աջակցել է հայ հանրությանը։ Համերգ-երեկոն անցավ իրապես շատ ջերմ մթնոլորտում։


Տեսադարան