Ուրախությամբ հայտնում ենք, որ «Մտքի Զարկ» Համասփյուռ Բարեգործական Ասոցիացիա նախաձեռնությունը (այսուհետ՝ ՄՏՔԻ ԶԱՐԿ) 2022թ․-ի հունվարի 15-ին գրանցվեց Հայաստանի Հանրապետության հանրային կազմակերպությունների պետական ռեգիստրում՝ ստանալով հասարակական կազմակերպության կարգավիճակ։ Այն ունի իր տարբերանշանը և նույնականացումը։ Այս Ասոցիացիան կոչված է միջառարկայական տարաբնույթ մասնագիտական ծրագրերի իրագործմամբ խթանել Սփյուռք- Հայաստան համագործակցության կապը և դառնալ լավագույն մտքերի զարգացման հարթակ և խթան՝ կապելով սփյուռքյան գաղթօջախների մարդկային և նյութական ներուժը Հայաստանի և Արցախի մասնագետների և կազմակերպությունների հետ։
2022թ․-ի հունվարի 1-ից «Մտքի Զարկ» նախաձեռնությունը, ռազմավարորեն համագործակցելով Բեռլինի «Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա – ՀԵՄԱ» հասարակական կազմակերպության հետ, ստանձնեց «Վիրավոր և հաշմանդամ զինվորների և կամավորականների համար Տեղեկատվական Տեխնոլոգիաների ուսուցման դասընթացներ» ծրագիրը և դարձավ վերջինիս իրականացման հենքը և երաշխիքը։ Այն զուգակցվեց 2021թ․-ի հոկտեմբերի 1-ից «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամին պատկանող կրթական սրահներում անցկացվող դասընթացների տեղափոխությամբ դեպի նոր ռազմավարական գործընկեր հանդիսացող Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի Ինֆորմատիկայի և Վիճակագրության ֆակուլտետի մասնաշենք, հասցեն՝ Երևան, Զեյթուն, փ․ Պարույր Սևակի 77։
Հիշեցնենք, որ հաշվի առնելով հետպատերազմյան ծանր սոցիալական կացությունը, որն այսօր խնդիրներ է հարուցում կրթական, ընդհանուր զարգացման և նաև պատերազմի հետևանքների վերացման աշխատանքներում, Բեռլինի Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա (ՀԵՄԱ), Հայ Կենտրոն - Հերոսների Վերականգնողական Քաղաք (ՀՎՔ) հասարակական կազմակերպությունները, «Արեն Մեհրաբյան» հիմնադրամը և ՀՀ ՊՆ ԶՈԻ փոխգնդապետ Արմեն Բայրամյանը համատեղ քննարկումների արդյունքում որոշել էին երկրում ստեղծված դժվարին մարտահրավերներին դիմակայելու նպատակով, մասնավորապես 44-օրյա պատերազմի հետևանքով վիրավորում կամ հաշմանդամություն ստացած զինվորների կրթական մակարդակը բարձրացնելու և վերջիններիս բարձր վճարովի աշխատատեղեր ապահովելու համար նախաձեռնել «Վիրավոր և հաշմանդամ զինվորների և կամավորականների համար Տեղեկատվական Տեխնոլոգիաների ուսուցման դասընթացներ» ծրագիրը։ Այս նպատակով կնքվել էր քառակողմ հուշագիր, որն իր տրամաբանական շարունակությունը գտավ «Մտքի Զարկ» նախաձեռնությունում։
Վերոնշյալ ծրագրով անցկացվում են բարձրագույն մաթեմատիկայի, ծրագրավորման հիմունքների՝ ուղղորդված դեպի Python ծրագրավորման լեզվին, տվյալների վերլուծության և վիճակագրության ուսուցում R1 ծրագրավորման լեզվի ուղեկցությամբ, WEB, Mobile App ծրագրավորման, մեքենայական ուսուցման (Machine Learning) ու արհեստական բանականության (Artificial Intelligence) ուսուցման դասընթացներ վիրավոր և հաշմանդամ զինվորների և կամավորականների համար, սակայն նաև լրացուցիչ օժանդակ առարկաներ, ինչպիսիք են անգլերեն լեզվի դասընթացները։
Դեկտեմբերի 30-ին կայացած եռամսյա միջանկյալ քննությունների արդյունքում՝ Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած վիրավորում և/կամ հաշմանդամություն ունեցող շուրջ 28 զինվորներից ու կամավորականներից 14-ը նախընտրեցին անցում կատարել WEB ծրագրավորման ոլորտ և տեսական ու գործնական դասեր ստանալ այս ոլորտում։ Սույն նպատակն իրագործելու համար ՄՏՔԻ ԶԱՐԿ-ը պայմանավորվածություն ձեռք բերեց Հայաստանում ՏՏ ոլորտի մեջ արդեն մշտական ուրույն տեղը զբաղեցնող Webex տեխնոլոգիական ընկերության հետ, որը ոչ միայն ստանձնեց 14 մասնակիցների դասավանդման գործը, այլև հեռանկարում երաշխիքներ տվեց մասնակիցներին ապահովելու աշխատանքով՝ կախված վերջիններիս դրսևորած առաջադիմությունից։
Պրագայի Տեխնիկական Համալսարանի հետ համագործակցությամբ՝ ՄՏՔԻ ԶԱՐԿ-ը առցանց եղանակով կազմակերպել է տվյալների վերլուծության և վիճակագրության ուսուցում R1 ծրագրավորման լեզվի ուղեկցությամբ։ Այս ուսման մեջ գիտելիքների ձեռք բերումը մասնակիցներին կնպաստի ոչ միայն հետագայում խորացնելու իրենց իմացությունները R1 ծրագրավորման լեզվում, այլև կստեղծի նախաշեմ՝ մուտք գործելու արհեստական բանականության և մեքենայական ուսուցման ուսումնասիրման բարդ գիտական ոլորտ։
Բեռլինի Տնտեսագիտության և Տեխնիկայի բարձրագույն դպրոցի մեքենայական ուսուցման բաժնի պրոֆեսոր պարոն Ռոդների հետ զրույցից հետո բավականին երկար մասնագիտական քննարկումներ տեղի ունեցան այս ոլորտի գերմանահայ մասնագիտական շրջանակների հետ, որոնք հանգեցրին մասնակի պրակտիկ կիրառության մեքենայական ուսուցման մոդուլային ուսումնական մեթոդի գաղափարին, որին տիրապետելու դեպքում ծրագրի մասնակիցների մուտքն աշխատանքային շուկա անհամեմատ հեշտ կլինի, բացի այդ այս ծրագիրն էլ իրոք ժամկետների մեջ տրամաբանական ավարտ կունենա։
Առաջին անգամ ՀՀ ՏՏ ոլորտում փորձ է արվում Արհեստական բանականության բարձրագույն ոլորտը մոդուլային դասավանդման և պրակտիկ ծրագրերի իրագործման միջոցով քառամյա բարձրագույն կրթությունը սեղմել և ամփոփել մեկ ակադեմիական տարվա ժամկետի մեջ և դրանով մասնակիցներին հասցնել տեսական և գործնական գիտելիքների ձեռք բերման այն մակարդակին, որոնք վերջիններս դասընթացներն ավարտելուց անմիջապես հետո ի զորու կլինեն գործնականորեն կիրառել իրենց մասնագիտական կյանքում։
Շնորհիվ «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի Գերմանիայի մասնաճյուղի՝ Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած վիրավորում և/կամ հաշմանդամություն ունեցող շուրջ 28 ծրագրին մասնակից զինվորներ ու կամավորականներ ՀԵՄԱ հ/կ միջնորդությամբ ստանում են կրթաթոշակ և դրանով ի զորու են ուսմանը զուգընթաց լուծելու իրենց առաջ ծառացած սոցիալական խնդիրները։ «Հայաստան» հիմնադրամի Գերմանիայի մասնաճյուղը նաև աջակցեց ՀԵՄԱ հ/կ միջնորդությամբ թվով 11 նոթբուկ համակարգիչներ ձեռք բերելուն և դրանք առաքելուն ծրագրի մասնակիցներին։
Համագործակցելով «Հայաստան» Համահայկական հիմնադրամի Գերմանիայի մասնաճյուղի, ՀՀ Պաշտպանության Նախարարության, ՀՀ Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի Նախարարության, Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի, Հայաստանի Webex տեխնոլոգիական ընկերության և այլ հայկական կազմակերպությունների և հայորդիների հետ՝ ՄՏՔԻ ԶԱՐԿԸ և ԵՎՐՈՊԱՑԻ և ՀԱՅ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՆ կշարունակեն կատարել իրենց առաքելությունը ծրագրին տևականություն հաղորդելու և այն հաջողությամբ իրագործելու համար։
Փա՜ռք մեր հերոս տղաներին:
Փա՜ռք մեր անմահացած հերոսներին։
Հարգանքներով՝
ՀԵՄԱ հ/կ Վարչություն