IMG-LOGO

«Վիրավոր և հաշմանդամ զինվորների և կամավորականների համար Տեղեկատվական Տեխնոլոգիաների ուսուցման դասընթացներ» ծրագրի պաշտոնական բացում

15-10-2021
IMG

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին Երևանի «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի կրթական կենտրոնում տեղի ունեցավ «Վիրավոր և հաշմանդամ զինվորների և կամավորականների համար Տեղեկատվական Տեխնոլոգիաների ուսուցման դասընթացներ» ծրագրի պաշտոնական բացումը։

 

Ծրագրի հանդիսավոր բացմանը ներկա էին ծրագրի մասնակից մեր հերոս տղաները, բազմաթիվ պաշտոնական և հասարակական գործիչներ Հայաստանից և արտերկրից, ծրագրի նախաձեռնող թիմը և ուսուցչական անձնակազմն, այդ թվում՝ ՀՀ Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը, աշխարահռչակ բռնցքամարտի չեմպիոն Արթուր Աբրահամը, Գերմանիայի «Սիլվա Կապուտիկյան» հասարակական կազմակերպության նախագահ տիկին Աիլին Բերդուդ-Մելինոն, ծրագրի նախաձեռնողներ՝ «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի նախագահ Մհեր Մեհրաբյանը, ՊՆ փոխգնդապետ Արմեն Բայրամյանը, Հերոսների վերականգնողական քաղաք հ/կ նախագահ Սուրեն Արեենցը, Գերմանիայից DavSocial ընկերության ներկայացուցիչ և ծրագրի որակի հսկիչ Տիգրան Մանվելյանը։

 

Ծրագրի բացման մեկնարկը կատարվեց տերունական աղոթքով և Գերմանիայի ՀԵՄԱ կազմակերպության Առաջին Նախագահ Միքայել Մինասյանի և Արհեստական բանականության փորձագետ և դասավանդող Արթուր Մուրադյանի ողջույնի տեսաուղերձով, ովեքեր քաջալերում էին ծրագրի մասնակից վիրավոր հերոս տղաներին իրենց մեկնարկած ուսման կապակցությամբ։ Բացմանը ելույթներով հանդես եկան պարոնայք Մհեր Մեհրաբյանը, Արմեն Բայրամյանը, Զարեհ Սինանյանը, Արթուր Աբրահամը։ Ծրագիրը վարեց Սուրեն Արեենցը։

 

Հիշեցման կարգով տեղեկացնենք, որ հաշվի առնելով հետպատերազմյան ծանր սոցիալական կացությունը, որն այսօր խնդիրներ է հարուցում կրթական, ընդհանուր զարգացման և նաև պատերազմի հետևանքների վերացման աշխատանքներում, Բեռլինի Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա (ՀԵՄԱ), Հայ Կենտրոն - Հերոսների Վերականգնողական Քաղաք (ՀՎՔ) հասարակական կազմակերպությունները, «Արեն Մեհրաբյան» հիմնադրամը և ՊՆ փոխգնդապետ Արմեն Բայրամյանը համատեղ քննարկումների արդյունքում որոշել են երկրում ստեղծված դժվարին մարտահրավերներին դիմակայելու նպատակով, մասնավորապես 44-օրյա պատերազմի հետևանքով վիրավորում կամ հաշմանդամություն ստացած զինվորների կրթական մակարդակը բարձրացնելու և վերջիններիս բարձր վճարովի աշխատատեղեր ապահովելու համար նախաձեռնել «Վիրավոր և հաշմանդամ զինվորների և կամավորականների համար Տեղեկատվական Տեխնոլոգիաների ուսուցման դասընթացներ» ծրագիրը։

 

Վերոնշյալ ծրագրով նախատեսվում է անցկացնել գծային հանրահաշվի հիմունքային ուսուցում, ծրագրավորման հիմունքների, տվյալների արդյունահանման (data mining) և մեքենայական ուսուցման (Machine Learning) ու արհեստական բանականության (Artificial Intelligence) ուսուցման դասընթացներ վիրավոր և հաշմանդամ զինվորների և կամավորականների համար։

 

Ծրագիրը դեռ մեկնարկվել էր հոկտեմբերի 1-ին և մասնակից տղաների ոգևորությունն անսահման էր։ Դե ինչ, մաղթենք նրանց բարձր նվաճումներ այս բնագավառի ուսման մեջ։

 

Փա՜ռք մեր հերոս տղաներին:

Փա՜ռք մեր անմահացած հերոսներին։

 

Հարգանքներով՝

 

ՀԵՄԱ հ/կ Վարչություն