IMG-LOGO

Վիրավոր և հաշմանդամ զինվորների և կամավորականների համար Տեղեկատվական Տեխնոլոգիաների ուսուցման դասընթացներ

30-09-2021
IMG

ՀԵՄԱ հ/կ-ը 44 օրյա պատերազմից հետո ակտիվորեն ծավալեց քննարկումներ գերմանահայ միությունների և համայնքների հետ, մասնավորապես Մյունխենի Հայ Հայրենակցական միության, Գերմանիայի Հայ Բժիշկների և բուժաշխատողների և Գերմանիայի Հայ իրավաբանների մության հետ՝ Հայաստանում և Արցախում կրթական և սոցիալական անմխիթար վիճակին օգնություն ցուցաբերելու Նպատակով։  Քննարկումների արդյունքում ներկայացվեցին բազմաթիվ ծրագրեր, որոնցից որոշվեց ընտրել «Վիրավոր և հաշմանդամ զինվորների և կամավորականների համար Տեղեկատվական Տեխնոլոգիաների ուսուցման դասընթացներ» ծրագիրը, որի օգնությամբ հնարավոր կլիներ երիտասարդ վիրավոր և հաշմանդամ զինվորներին կրթել և տալ հնարավորություն սեփական բարեկեցությունը լավացնելու։

 

Այս կապակցությամբ ՀԵՄԱ հ/կ Առաջին Նախագահ պարոն Միքայել Մինասյանը սույն ծրագրով 2021թ․-ի հունիս և օգոստոս ամիսներին գործուղմամբ մեկնեց Հայաստան և կապեր հաստատեց «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի և ՀՀ ՊՆ փոխգնդապետ Արմեն Բայրամյանի հետ, որից հետո հաշվի առնելով հետպատերազմյան ծանր սոցիալական կացությունը, որը խնդիրներ է հարուցում կրթական, ընդհանուր զարգացման և նաև պատերազմի հետևանքների վերացման աշխատանքներում, Բեռլինի Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա (ՀԵՄԱ), Հայ Կենտրոն - Հերոսների Վերականգնողական Քաղաք (ՀՎՔ) հասարակական կազմակերպությունները, «Արեն Մեհրաբյան» հիմնադրամը և ՀՀ ՊՆ ԶՈԻ փոխգնդապետ Արմեն Բայրամյանը համատեղ քննարկումների արդյունքում որոշեցին երկրում ստեղծված դժվարին մարտահրավերներին դիմակայելու նպատակով, մասնավորապես 44-օրյա պատերազմի հետևանքով վիրավորում կամ հաշմանդամություն ստացած զինվորների կրթական մակարդակը բարձրացնելու և վերջիններիս բարձր վճարովի աշխատատեղեր ապահովելու համար նախաձեռնել «Վիրավոր և հաշմանդամ զինվորների և կամավորականների համար Տեղեկատվական Տեխնոլոգիաների ուսուցման դասընթացներ» ծրագիրը։ Այս նպատակով կնքվել էր քառակողմ հուշագիր, որն իր տրամաբանական շարունակությունը գտավ «Մտքի Զարկ» նախաձեռնությունում։

 

Ուրախությամբ հայտնում ենք, որ «Մտքի Զարկ» Համասփյուռ Բարեգործական Ասոցիացիա նախաձեռնությունը (այսուհետ՝ ՄՏՔԻ ԶԱՐԿ) 2022թ․-ի հունվարի 15-ին գրանցվել է Հայաստանի Հանրապետության հանրային կազմակերպությունների պետական ռեգիստրում՝ ստանալով հասարակական կազմակերպության կարգավիճակ։ Այն ունի իր տարբերանշանը և նույնականացումը։ Այս Ասոցիացիան կոչված է միջառարկայական տարաբնույթ մասնագիտական ծրագրերի իրագործմամբ խթանել Սփյուռք- Հայաստան համագործակցության կապը և դառնալ լավագույն մտքերի զարգացման հարթակ և խթան՝ կապելով սփյուռքյան գաղթօջախների մարդկային և նյութական ներուժը Հայաստանի և Արցախի մասնագետների և կազմակերպությունների հետ։

 

2022թ․-ի հունվարի 1-ից «Մտքի Զարկ» նախաձեռնությունը, ռազմավարորեն համագործակցելով Բեռլինի «Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա – ՀԵՄԱ» հասարակական կազմակերպության հետ, ստանձնեց «Վիրավոր և հաշմանդամ զինվորների և կամավորականների համար Տեղեկատվական Տեխնոլոգիաների ուսուցման դասընթացներ» ծրագիրը և դարձավ վերջինիս իրականացման հենքը և երաշխիքը։ Այն զուգակցվեց 2021թ․-ի հոկտեմբերի 1-ից «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամին պատկանող կրթական սրահներում անցկացվող դասընթացների տեղափոխությամբ դեպի նոր ռազմավարական գործընկեր հանդիսացող Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի Ինֆորմատիկայի և Վիճակագրության ֆակուլտետի մասնաշենք, իսկ 3-րդ եռամսյակում դասընթացները ընթանում են Հայ Ռուս Սլավոնական Համալսարանում՝ Հովսեփ Էմինի 123 հասցեում։

 

Վերոնշյալ ծրագրով անցկացվում են

- բարձրագույն մաթեմատիկայի,

- ծրագրավորման հիմունքների՝ ուղղորդված դեպի Python ծրագրավորման լեզուն,

- տվյալների վերլուծության և վիճակագրության ուսուցում R1 ծրագրավորման լեզվի ուղեկցությամբ,

- WEB,

- Mobile App,

- Որակի ապահովման (QA)

- մեքենայական ուսուցման (Machine Learning) ու արհեստական բանականության (Artificial Intelligence) 

դասընթացներ վիրավոր և հաշմանդամ զինվորների և կամավորականների համար, սակայն նաև լրացուցիչ օժանդակ առարկաներ, ինչպիսիք են անգլերեն լեզվի դասընթացները։

 

Մասնակցությունը ծրագրին անվճար է։

 

Դիմորդները պետք է լինեն Արցախյան պատերազմի մասնակից և ունենան վիրավորում և/կամ հաշմանդամություն։ Ընդունվելուց առաջ դիմորդների հետ անցկացվել է անձնական առանձնազրույց և վերջիններս հանձնում են մաթեմատիկա առարկայից տրամաբանական թեստ։ Արդյունքում 30 դիմորդներ ներառվել են սույն ծրագրի մեջ։

 

Ծրագրին մասնակից անդամերից ոչ մեկը դուրս չի մնում ծրագրից, քանզի դժվարից դեպի հեշտ ուսումնական մեթոդով հնարավորություն է ստեղծվում, որպեսզի եռամսյա քննությունների արդյունքների հիման վրա մասնակիցներն ընտրեն ՏՏ ոլորտի սեփական ուժերին և գիտելիքներին հարիր ավելի մատչելի մասնագիտացում, այսպես օրինակ՝ առաջին եռամսյա քննություններից հետո ծրագրին մասնակից-անդամները տարանջատվեցին երկու խմբերի՝ արհեստական բանականության ուսումնասիրման ուղղորդմամբ պիտոն ծրագիրը ուսումնասիրող և ՎԵԲ ծրագիր սովորող հոսքերի։ 2-րդ եռամսյակի քննության արդյունքներում ձևավորվեց որակի ապահովման(QA) դասընթացներն ուսումնասիրող մեկ այլ 3-րդ խումբ։

 

Դասավանդումները կատարվում են առկա և հեռավար եղանակով Հայսատանի և արտերկրի առաջատար մասնագետ-մանկավարժների կողմից։ Դասավանդմանն իրենց աջակցությունն են ցուցաբերում հանրօգուտ կարգով երիտասարդ տուտորները։

 

Պրագայի Տեխնիկական Համալսարանի հետ համագործակցությամբ՝ ՄՏՔԻ ԶԱՐԿ-ը առցանց եղանակով կազմակերպել է տվյալների վերլուծության և վիճակագրության ուսուցում R1 ծրագրավորման լեզվի ուղեկցությամբ։ Այս ուսման մեջ գիտելիքների ձեռք բերումը մասնակիցներին կնպաստի ոչ միայն հետագայում խորացնելու իրենց իմացությունները R1 ծրագրավորման լեզվում, այլև կստեղծի նախաշեմ՝ մուտք գործելու արհեստական բանականության և մեքենայական ուսուցման ուսումնասիրման բարդ գիտական ոլորտ։

 

Բեռլինի Տնտեսագիտության և Տեխնիկայի բարձրագույն դպրոցի մեքենայական ուսուցման բաժնի պրոֆեսոր պարոն Ռոդների հետ զրույցից հետո բավականին երկար մասնագիտական քննարկումներ տեղի ունեցան այս ոլորտի գերմանահայ մասնագիտական շրջանակների հետ, որոնք հանգեցրին մասնակի պրակտիկ կիրառությամբ մեքենայական ուսուցման մոդուլային ուսումնական մեթոդի գաղափարին, որին տիրապետելու դեպքում ծրագրի մասնակիցների մուտքն աշխատանքային շուկա անհամեմատ հեշտ կլինի, բացի այդ այս ծրագիրն էլ իրոք ժամկետների մեջ տրամաբանական ավարտ կունենա։

 

Առաջին անգամ ՀՀ ՏՏ ոլորտում փորձ է արվում Արհեստական բանականության բարձրագույն ոլորտը մոդուլային դասավանդման և պրակտիկ ծրագրերի իրագործման միջոցով քառամյա բարձրագույն կրթությունը թեմաների տեսակավորմամբ խտացնել և ամփոփել մեկ ակադեմիական տարվա ժամկետի մեջ և դրանով մասնակիցներին հասցնել տեսական և գործնական գիտելիքների ձեռք բերման այն մակարդակին, որոնք վերջիններս դասընթացներն ավարտելուց անմիջապես հետո ի զորու կլինեն գործնականորեն կիրառել իրենց մասնագիտական կյանքում։

 

Շնորհիվ «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի Գերմանիայի մասնաճյուղի՝ Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած վիրավորում և/կամ հաշմանդամություն ունեցող շուրջ 28 ծրագրին մասնակից զինվորներ ու կամավորականներ ՀԵՄԱ հ/կ միջնորդությամբ ստանում են կրթաթոշակ և դրանով ի զորու են ուսմանը զուգընթաց լուծելու իրենց առաջ ծառացած սոցիալական խնդիրները։ «Հայաստան» հիմնադրամի Գերմանիայի մասնաճյուղը նաև աջակցեց ՀԵՄԱ հ/կ միջնորդությամբ թվով 11 նոթբուկ համակարգիչներ ձեռք բերելուն և դրանք առաքելուն ծրագրի մասնակիցներին։

 

Համագործակցելով «Հայաստան» Համահայկական հիմնադրամի Գերմանիայի մասնաճյուղի, ՀՀ Պաշտպանության Նախարարության, ՀՀ Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի Նախարարության, Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի, Երևանի Հայ Ռուս Սլավոնական համալսարանի, Հայաստանի Webex(webex.am) տեխնոլոգիական ընկերության և այլ հայկական կազմակերպությունների և հայորդիների հետ՝ ՄՏՔԻ ԶԱՐԿԸ և ԵՎՐՈՊԱՑԻ և ՀԱՅ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՆ կշարունակեն կատարել իրենց առաքելությունը ծրագրին տևականություն հաղորդելու և այն հաջողությամբ իրագործելու համար։

Եթե կցանկանաք աջակցել այս ծրագրին, ապա կխնդրեինք Ձեր դրամական նվիրատվությունը փոխանցել հետևյալ հաշվեհամարի վրա․

 

Kontoinhaber: AEAE e.V. (VEuAF e.V.)

Postbank Berlin

IBAN: DE62100100100432187107

BIC: PBNKDEFF

Verwendungszweck: Spende für die IT-Ausbildung der Kriegsverletzten in Armenien

Name, Vorname:

Adresse:

 

Բնական է, Ձեր դրամական նվիրատվության դիմաց մեզանից կստանաք հարկազերծման տեղեկանք Գերմանիայում բնակվող քաղաքացիների համար:

 

Փա՜ռք մեր հերոս տղաներին:

Փա՜ռք մեր անմահացած հերոսներին։

 

Հարգանքներով՝

 

ՀԵՄԱ հ/կ Վարչություն


Հեռաձայն՝ +49 (0) 30 830 33 416


ՀՀ, Երևան, Հայ Ռուս Սլավոնական Համալսարան, Հովսեփ Էմինի 123


Վիրավոր և հաշմանդամ զինվորների և կամավորականների համար Տեղեկատվական Տեխնոլոգիաների ուսուցման դասընթացներ


ՀԵՄԱ, ԱՐՄԵՆ, ԵՀՌՍՀ


Տեսադարան