
Բեռլինի Կարլսհորստ մշակույթի տանը տեղի ունեցող գերմանահայկական մշակութային օրերն այս տարի մեծ շուքով բացվեցին մայիսի 2-ին։ Առանց ավանդույթը խախտելու դարձյալ առաջին միջոցառումը ցուցահանդեսն էր։ Այս անգամ այն կրում է «Ոչ միայն հացիվ, այլ նաև բանիվ» խորագիրը և նվիրված է խոսքի, հոգևորականության և մշակութային ավանդույթի նշանակությանը՝ որպես հույսի, հավատքի և մարդկային կապի աղբյուրների, քանի որ մարտահրավերների ժամանակ հենց մշակույթն ու արվեստն են օգնության հասնում մարդու հոգու և մտքի ներդաշնակ գործունեությանը։
Գեղանկարչական ցուցահանդեսը «Նարինե Զոլյան – Արչի Գալենց․ Մարգարեություններ» խորագրի ներքո հանդիսատեսին է ներկայանում գերմանաբնակ երկու հայ արվեստագետների մի քանի տասնյակ աշխատանքներով։


«Այսօրվա քաոսային իրավիճակն ու կորուստներով լի այս ժամանակահատվածը հաշվի առնելով ցանկանում ենք մեր արվեստագետների ստեղծագործությունների միջոցով կապ ստեղծել ներկա իրականության հետ՝ այն ավելի պատկերավոր ձեզ մատուցելու»,- ելույթի իր խոսքում նշեց մշակութային օրերի կազմակերպիչ, ՀԵՄԱ ՀԿ նախագահ պարոն Միքայել Մինասյանը։ Նա ավելացրեց, որ պատերազմը մահով անգամ չի վերջանում, և ընդհանրապես, ինչպե՞ս կարելի է այդ խելագարությանը վերջ դնել․ «Այս մտքերի, այս հարցերի պատասխաններն այսօր մեր արվեստագետներն են ուզում իրենց գործերով մեզ ցուցադրել»,- ասաց նա։
Գեղանկարչուհի տիկին Նարինե Զոլյանը, որ սերում է մտավորականների ընտանիքից, իր խոսքում պատմեց, որ սկսել է նկարել դեռ ինը տարեկանից։ Այն ժամանակ հրապուրվել է Վան Գոգի արվեստով։ Ստեղծագործական կյանքի ողջ տարիներին ակտիվ գործել է և ցայսօր արարում է։ Ունեցել է հարյուրից ավելի ցուցահանդեսներ՝ թե՛ անհատական, թե՛ խմբային։ Գերմանահայկական մշակութային օրերին մասնակցելը նրան նոր մոտիվացիա է տվել․ այս ցուցահանդեսը պատմում է Հայաստանի և Արցախի ճակատագրի մասին։
«Սա գենետիկ ինֆորմացիա է։ Այս ամենը ես շատ եմ կարևորում։ Պատերազմներին կարծեք վերջ չկա, ամբողջ աշխարհում նույն խնդիրն է, և դրանք մեր հոգևոր ողջ հավասարակշռությունը խախտում են։ Մենք բոլորս անդադար պայքարի մեջ ենք։ Այն, ինչ այստեղ ներկայացրել եմ, ուզում եմ դիտողի ուշադրությունը մի կարևոր բանի վրա սևեռել, որ պատմությունը հիշենք, իմանանք և պատմությունից դասեր քաղենք։ Ես ցանկանում եմ, որ երեխաները երջանիկ կյանքով ապրեն, ծնողներ չկորցնեն, իսկ ծնողները՝ երեխաներ»,- իր խոսքն այսպես ամփոփեց տիկին Զոլյանը։

Ցուցահանդեսի մասնակից մյուս արվեստագետը՝ բեռլինաբնակ պարոն Արչի Գալենցն (Կալենց, նույնպես սերում է մտավորականների ընտանիքից), իր խոսքում շնորհակալություն հայտնելով բոլոր կազմակերպիչներին և հովանավորներին տրված հնարավորության համար, բացատրեց, թե ինչու է այս թեմայի շուրջ ցուցադրվելու համար առաջարկել տիկին Զոլյանի մասնակցությունը։ «Մենք Եվրոպայում, այդ թվում նաև Գերմանիայում բազմաթիվ տաղանդավոր և անվանի արվեստագետներ ունենք։ Նարինե Զոլյանը նրանցից տարբերվում է մի յուրօրինակ հատկությամբ․ այս գեղանկարչուհու արվեստում մի արտահայտիչ վառվող կրակ կա, որը խոսում է տվյալ ժամանակի ամենասուր խնդիրների մասին։ Այս տարին Հայաստանի համար որոշիչ է՝ պիտի երկրի նոր ղեկավար ընտրենք։ Ճիշտ կողմնորոշվելու համար անհրաժեշտ է, որ մեր գլխով անցածին հայացք նետենք և այն վերարժևորենք»,- նշեց պարոն Գալենցը։
Բեռլինում գերմանահայկական մշակութային օրերն արդեն 11-րդ անգամ անցկացվում են Բեռլինի Լիխտենբերգ թաղամասի թաղապետ պարոն Մարտին Շեֆերի և պատգամավորական տան անդամ, դր․, պրոֆ․ Մարտին Պետցոլդի հովանավորությամբ։ Միջոցառումներին օժանդակում է Կարլսհորստ մշակույթի տունը։ Մշակութային ծրագիրը կազմակերպում է ՀԵՄԱ ՀԿ («Հայ և եվրոպացի մասնագետների ասոցիացիա» հասարակական կազմակերպություն) նախագահ պարոն Միքայել Մինասյանը։


«Մեզ համար կարևոր էր՝ մի տեղ ստեղծել, որ մարդիկ կարողանային միասին բանավիճել, քննարկել, իրար հետ մշակույթներով շփվել։ Եվ դա արդեն 11 տարի է հաջողվում է։ Հայկական արվեստը ցուցադրելու այս հնարավորություններն ինձ սրտանց ուրախացնում են։ Տեղի են ունենում մեծ և փոքր ծրագրեր երեխաների և արվեստագետների մասնակցությամբ»,- իր ելույթում նշեց պարոն Պետցոլդն՝ անդրադառնալով հայկական հյուրընկալությանը և ցուցահանդեսի հուզիչ թեմային։ Նա կարևորեց այն, որ այցելուներից յուրաքանչյուրն այստեղից մի բան քաղի․ «Այստեղ նորից ինձ համար նորանոր բաներ եմ բացահայտում։ Եվ կարծում եմ, որ այս ցուցահանդեսից հետո մարդկանց այս յուրահատուկ հայկական թեմատիկան կմտահոգի։ Աստվածաշունչը լավ ուսումնասիրել եմ, և այնտեղ գրված է՝ ամենամութ պահը լուսաբացից առաջ է։ Ուրեմն պիտի մեր վստահությունը չկորցնենք, որ Հայաստանում այդ լուսաբացն է մեզ սպասվում։ Դա է ինձ հուշում մասնավորապես հայկական պատրաստակամությունը։ Սա շատ օրինակելի վարք է՝ մեկը մյուսի համար մշտապես տեղում է, երբ օգնության կարիքը կա։ Ես որպես հայկական արմատներով գերմանացի միշտ ոգևորվել եմ հայկական այդ ջերմությունից ու մարդկանց պատրաստակամությունից՝ Հայաստանում ամենուր, ամեն բնակավայրում։ Դրանով մեծահասակները նոր սերնդի համար լավ օրինակ են ծառայում»,- համոզված է պարոն Պետցոլդը։
«Արչի Գալենց-Նարինե Զոլյան․ Մարգարեություններ» ցուցահանդեսը, որն այցելուների համար կգործի մինչև մայիսի 31-ը, հրավիրում է նրանց դիտելու հայ ազգի հուզական կյանքի ներկան ու ոչ վաղ անցյալից դրվագներ, որ լի են սոցիալական ցնցումներով, վայրիվերումներով, սև ու սպիտակի համատեղությամբ՝ ԽՍՀՄ-ի փլուզում, Հայաստանի Հանրապետության հռչակում, Արցախյան երկու պատերազմները, բռնի տեղահանությունը, ազգային կերպարի աղավաղումը, ինքնության ձևավորման ուղիների դիտավորությամբ կորուստը և այլն։ Արվեստագետներն իրենց բազմաժանր գործերով արտահայտում են սեփական հոգու ցավը, մրմուռը, զայրույթն ու զգաստացնող, արթնացնող կոչը։
««Ինչպիսին էլ որ լինի հայերի ճակատագիրը, (իսկ այն շատ տխուր է), ինչ էլ նրանց սպասվի ապագայում, նրանց երկիրը միշտ էլ կմնա ամենահետաքրքիր երկրներից մեկն ամբողջ աշխարհում», Ջորջ Բայրոն»։
«Այն ժողովուրդը, որը չի ուզում մեռնել, երբեք չի մեռնի, նրա երակներում քիչ մնացած, բայց թանկագին արյունը վաղը հերոսներ կծնի։ Նվաղում է Հայաստանը, բայց նա կվերածնվի», Անատոլ Ֆրանս»։
«Եթե ինձ հարցնեին, թե երկիր մոլորակի վրա ամենից շատ որտեղ կարելի է հանդիպել հրաշքների, ես նախ և առաջ Հայաստանի անունը կտայի։ Ակամա ապշում ես աշխարհի այս փոքրիկ անկյունում տեսնելով այնպիսի հուշարձաններ ու այնպիսի մարդկանց, որոնք կարող էին լինել ամբողջ աշխարհի հարստությունն ու զարդը․․․ », Ռոքուել Քենթ»»։
Այս և շատ այլ անվանի մարդկանց՝ Հայաստանի և հայ ժողովրդի մասին հայտնած կարծիքներն ու տպավորությունները տեղ են գտել Նարինե Զոլյանի պատկերաշարում։ Նա այս ցուցահանդեսի համար առանձնացրել է առավել բնորոշները, որոնք ցույց են տալիս հայի էությունը։ Ինչպես արվեստագետն է բացատրում, գիրքը ամեն օր չէ, որ կբացեն, բայց, երբ այս կարևոր խոսուն նախադասությունները ցուցադրվում են, ինֆորմացիան տեղ է հասնում։

«Մեր ընտանիքում հայկական թեման, նրա հետ գործուն աշխատելը կարծես՝ հարատև է․ մեծ պապիկից անցել է ծնողներիս, հետո՝ ինձ։ Դեռ 108 տարի առաջ իմ նախապապը՝ Գևորգ Մելիք Կարագյոզյանն էր եկել Բեռլին՝ հայկական ազգային խորհրդի պատվիրակության կազմում Անդրկովկասում տիրող քաոսը փրկելու համար, հարցեր քննարկելու։ Ռայխստագի ներկայացուցիչների հետ հանդիպում են, խոսում։ Գերմանացիները միայն բլա-բլա արեցին և ոչինչ չարեցին, սա ինձ համար մի յուրօրինակ նյութ է։ Մայրս էլ իր ամբողջ կյանքը Արցախին նվիրեց, ֆանտաստիկ աշխատանք է տարել։ Նա անալիտիկ էր, հիանալի գիտեր, թե ինչ է լինելու Արցախի հետ, և դրա համար էլ իրեն ներկայացուցչությունից հեռացրին, բայց նա անձնվիրաբար մինչև վերջին շունչն աշխատեց Արցախի համար։ Հիմա էլ ես եմ նույն պայքարի մեջ»,- մեզ հետ զրույցում պատմեց տիկին Զոլյանը։
«Նարինեն ապրում է, տառապում է, նրա ցավն այնքան շոշափելի է նկարներում, որ անմիջապես է փոխանցվում ու նաև նա շատ տպավորիչ է ներկայացրել ամեն մանրամասնություն։ Անկեղծ ասած, երկու նկարիչների այս ամբողջական ցուցադրությունը միասին շատ տպավորիչ ու հուզիչ է»,- մեզ հետ զրույցում նշեց այցելուներից տիկին Հասմիկ Մելքոնյանը։
Պարոն Գալենցը նույնպես, ինչպես մեզ հավաստիացրեց, այս ցուցահանդեսի համար իր ստեղծագործություններից ընտրել է ամենաէմոցիոնալ գործերը՝ սկսնակ ժամանակներից, շատերը դեռ չցուցադրված, մինչ այսօր՝ մինչև արհեստական բանականություն, որի հետ ՀՀ այսօրվա իշխանությունը մեծ հույսեր է կապում։ Նրա կողմից՝ ԱԲ-ով ստացված լուսանկարը, որ կոչվում է «Երևանի մղձավանջը», ցուցադրում է մեր մայրաքաղաքը Արարատի փոխարեն Արագած լեռով, մզկիթով, եկեղեցին առանց խաչի և այլն։ Սա լուրջ խորհելու տեղիք է տալիս, թե այդ ԱԲ-ն ինչի՞ վրա է հիմնվում, որտեղի՞ց է սնվում որևէ բան ստեղծելիս։ Ուրեմն, մեր հարևաններն ինչքան ներդրում են արել այնտեղ, որ մեզ կարող է պատկեր առաջարկել «քաղաք Երևան» անվան ներքո, որ ոչ մի կապ չունի Երևանի հետ։ Այս վտանգավոր իրողության հետ հարկավոր է հաշվի նստել։

«Այնքան հուզական է այս ամենը, որ ռացիոնալ աշխատելն էլ է անհնար թվում, որ եթե բարձր չգոռաս, չզգուշացնես, հետո ամենայն հավանականությամբ կփոշմանես»,- մեզ հետ զրույցում նշեց պարոն Գալենցն ու ավելացրեց․ «Մեզ տրված հնարավորությունը ես միշտ փորձել եմ մաքսիմալ նպատակային օգտագործել։ Օրինակ՝ 2015-ին մեր ցուցահանդեսն անշուշտ Ցեղասպանության թեմայով էր, բայց ոչ որպես հետադարձ հայացք, այլ ցույց տվեցինք մի ազգ, որն ունի զարգանալու ցանկություն և հնարավորություն։ Այստեղ արդեն շատ հայ արվեստագետներ են ցուցադրվել՝ աշխարհի տարբեր երկրներից և Հայաստանից։ Այս տարի հաշվի առնելով մեր երկրի ներկա իրավիճակը, որ ինչի շեմին ենք կանգնած, անհանգստությունը, որ կա մեր մեջ, նաև ֆինանսական ճգնաժամն այստեղ, որ հնարավոր չէր շատ ծավալվել, ստացանք այս խոսուն պատկերը։ Այստեղ խոսքը միայն նկարագրելու մասին չէր, բողոքելու կամ տեսեք՝ ինչ տաղանդավոր ենք, այլ՝ արվեստով կիսվելը։ Այդ մարգարեությունից է գալիս միտքը՝ կերպարվեստի բուն նպատակը։ Այս պարագայում Նարինեն դիպուկ արվեստագետ է»։
Պարոն Գալենցն, ով նկարչությունը համարում է կերպարվեստի թագուհին, իր պատկերաշարով ուզում է դիտողին ցույց տալ, թե ինչն է իր համար այժմեական խնդիր, ինչն է այս պահին ցավեցնողն ու անհանգստացնողը։ Վառ օրինակ է ասենք նրա «Ցավի մեջ․ սև սիրտ» կտավը կամ «Հիվանդանոցում»-ը։

«Ցավոք, նորից թեման ակտիվացավ՝ պատրաստ լինել պատերազմի, սերունդ կրթել այդ նպատակով։ Ամբողջ աշխարհում է, իհարկե, նույն խնդիրը, բայց մենք մեր փորձը չպիտի կապենք կոնկրետ ժամանակի հետ ու ծալենք կողքի դնենք, այլ վերածենք փորձառության, դասի։ Սա իմ ակտիվ ներդրումն է երկրի համար մի բան փոխելու գործում»,- մեզ հետ զրույցում հավելեց պարոն Գալենցը։
Միջոցառմանն իրենց երաժշտական կատարումներով հանդես եկան երիտասարդ երգիչներ Դանիլո Միչիչը և Միլուտին Մարիանովիչը՝ ներկայացնելով սերբական հոգևոր երգեր։
Գերմանահայկական մշակութային օրերը կշարունակվեն ամբողջ ամսվա ընթացքում՝ մայիսի 9-ին Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի ցուցադրությամբ, 22-ին դր․ Վազրիք Բազիլի «Երբ խոսքը խոսում է, իսկ լռությունը պատասխանում» թեմայով դասախոսությամբ, իսկ 30-ին «Հոգու կանչ» համերգային ծրագրով հանդես կգան Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի սաները։
Գայանե Առաքելյան
Բեռլին

Հղումն՝ այստեղ․ https://orer.eu/hy/2026/05/06/berlin-narine-zolian-archi-galents-2026/
