Բեռլինի Կարլսհորստ մշակույթի տանը մայիսի 3–ի երեկոյան հանդիսավորությամբ բացվեցին ավանդական, արդեն իններորդ գերմանահայկական մշակութային օրերը։ Միջոցառումների շարքը, որը մշտապես միտված է խորացնել երկու ժողովուրդների միջև կապը, այս տարի կրում է «Ճշմարտությունների կենտրոնում» խորագիրը եւ մեկնարկեց գեղանկարների ցուցահանդեսով։ Գերմանացի արվեստասերները պատիվ ունեն այս անգամ մեկ ամիս շարունակ դիտել և վայելել հայ վաստակավոր գեղանկարիչ Հրանտ Թադևոսյանի արվեստը։
Բացման արարողությանը ներկա էին Գերմանահայոց կենտրոնական խորհրդի նախագահ Յոնաթան Շպանգենբերգը, Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, Բեռլինի Լիխտենբերգ թաղամասի քաղաքապետի ներկայացուցիչ և խորհրդական տիկին դր․ Կատրին Գոկշը, բազմաթիվ հայ և գերմանացի մտավորականներ, արվեստագետներ և արվեստասերներ։
Միջոցառման կազմակերպիչ, ՀԵՄԱ ՀԿ նախագահ պարոն Միքայել Մինասյանը ողջունելով ներկաներին՝ նախ շնորահակալություն հայտնեց գլխավոր հովանավորներին՝ Լիխտենբերգի թաղապետարանին՝ ի դեմս թաղապետ Մարտին Շեֆերի և Բեռլինի պատգամավորական տան անդամ դր․, պրոֆ․ Մարտին Պետցոլդի (մայրը՝ Ալինա Մարտիրոսյան) նաև մշտական գործընկերներ՝ Կարլսհորստ մշակույթի տան ողջ անձնակազմին․ «Սույն ցուցահանդեսով ուզում ենք այսօրվա գորշ իրականությանը հակադրել գունազարդ այս նկարների պայծառությունը»։
Տիկին Գոկշն իր ելույթի սկզբում նախ փոխանցեց Լիխտենբերգի թաղամասի քաղաքապետ պարոն Մարտին Շեֆերի ողջույնի և շնորհավորանքի խոսքը։ Նշեց, որ ինքը շատ ուրախ է այսօր այտեղ լինելու համար․ «Արդեն իններորդ անգամն է տեղի ունենում այս միջոցառումների շարքը, և մենք հասցրել ենք բավականին մտերմանալ, ընկերներ դառնալ։ Մենք բոլորս սրտանց ենք այս մշակութային օրերը կազմակերպում և մասնակցում։ Գեղեցիկ կոնտրաստով նկարները, որոնք ես այստեղ տեսնում եմ, ինձ հուզում են, հմայում, տեսնում եմ, թե ինչքան ապրումներ կան մեջը, ինչպես է կյանքին գույն տրված․․․ և արդեն անհամբերությամբ սպասում եմ տասներորդ՝ հոբելյանական, մշակույթի օրերին և գիտեմ, որ բացառիկ են լինելու, թեև բոլոր տարիներին են բացառիկ եղել»։
Իսկ ՀՀ դեսպան պարոն Ենգիբարյանն իր խոսքում շնորհակալություն հայտնելով բոլոր հովանավորներին և կազմակերպիչներին՝ շեշտեց, որ հայ–գերմանական մշակութային համագործակցությունը մեզ համար շատ կարևոր է․ «Կարող եմ հստակորեն փաստել, որ մենք մշակույթ արտահանող երկիր ենք, ինչի համար շատ ուրախ եմ։ Այս փաստն արձանագրելը շատ մեծ պատիվ է մեզ համար։ Յուրաքանչյուր շաբաթ Գերմանիայով մեկ տարատեսակ հայկական մշակութային միջոցառումներ են կազմակերպվում՝ երեկ Լայպցիգում էր, այսօր Բեռլինում։ Անդադար այսպես շարունակ»։
Գերմանահայոց կենտրոնական խորհրդի նախագահ պարոն Շպանգենբերգը նույնպես կարևորեց այս մշակութային օրերը․ «Մենք՝ հայերս, հենց մեր ստեղծարարությամբ և մշակույթով ենք գոյատևել։ Այս շատ դժվարին օրերում էլ ինչպես օրինակ՝ այս գեղանկարները, երաժշտությունը, այնպես էլ մեր պոեզիան, մեր գրականությունը մշտապես աճում և տարածվում են։ Եվ այս սրահը հրաշալի վայր է այն կիսելու, փոխանցելու համար։ Հարկավոր է ավելի ինտենսիվ դարձնել, որ հնարավոր լինի այդ հարուստ մշակութային համագործակցությունը։ Անձամբ իմ կողմից խորին շնորհակալություն բոլոր կազմակերպիչներին այս իննամյա գերազանց աշխատանքի համար և վստահ եմ, որ այսօրվանից մեկնարկած Բեռլին–Երևան ուղիղ չվերթները մեծապես օգնելու են այս գործին»։
Բեռլինաբնակ վաստակաշատ գեղանկարիչ Արչի Կալենցը նշեց, որ իր համար մեծ պատիվ է խոսել մաեստրո Հրանտ Թադևոսյանի մասին․ «Այս ցուցահանդեսն ինձ համար մեծ բացահայտում է։ Արվեստագետն այստեղ ցույց է տալիս, որ իր սեփական ոճն ու դպրոցն ունի, նաև բնության հետ իր ուրույն հարաբերությունը, որը յուրովի է արտահայտում։ Հայտնի ճշմարտություն է, որ հայկական գեղանկարչությունն առանձնացող տեսակ է աշխարհում և վաղուց է որպես այդպիսին ճանաչելի դարձել։ Եվ ահա այդ արվեստը ներկայացնողներից է մեր այսօրվա հյուրը, ում գեղանկարները վարպետորեն արված գործեր են։ Ներկայացված կտավների գերակշիռ մասը հենց բնության գրկում են արված»։
Միջոցառման ընթացքում մի շարք երաժշտական կատարումներով հանդես եկավ դերասան, երգիչ և երգահան Ստեփան Գանտրալյանը։
Գեղանկարչության վարպետ Թաթոսը (Հրանտ Թադևոսյան) ստեղծագործական իր հարուստ ժառանգությունը, որը կազմում է գեղանկարչության բոլոր ժանրերը ներկայացնող շուրջ 6․000 կտավ և օր օրի ավելանում է, հասցրել է աշխարհի բազմաթիվ երկրներում ներկայացնել և ճանաչելի դարձնել հայկական կոչվող արվեստը։ Չնայած իր պատկառելի տարիքին՝ նույն սիրով է զբաղվում իր առաքելությամբ, նաև գալիք սերնդին փոխանցելով իր գաղտնիքներն ու սերը դեպի նկարչությունը։
«Այստեղ լինելով ես հարստացա ևս մեկ հրաշալի քաղաքով։ Ցանկությունս այս պահին մեկն է, որ աշխարհը խաղաղ լինի, մարդիկ կարողանան այդ իրավիճակում մշակույթներ իրար ցուցադրել։ Ինչու չէ, գերմանացիներն էլ գան մեզ մոտ իրենց գործերով ու մեր երկրին ու մշակույթին ծանոթանան։ Ես մեր տեսակի համար եմ պայքարում։ Չեմ կարող բոքսում կռվել կամ այլ բնագավառում, ես էլ այստեղ եմ կռիվ տալիս, որ բղավեմ՝ այստեղ մշակույթ կա, ոչ թե պատահական մարդիկ են ապրում, որ ուտեն, քնեն, առավոտ արթնանան ու նույնը, այլ անում ենք մի բան, որ մարդկությանը հիացմունք է պատճառում ու պիտանի է։ Ու իմ արևոտ երկիրը նույն պայծառ լույսով եմ ներկայացնում»,– մեզ հետ զրույցում նշեց վարպետ Թաթոսը։
«Շատ կուզեի, որ այս դպրոցի մի քանի սերունդ միասին ցուցադրվեր, որ ավելի ընդհանրական պատկերացումներ ստանար այստեղի արվեստասեր հասարակությունը, թե այն որտեղ է սկիզբ առել ու դեպի ուր է գնում։ Բայց նույնիսկ այս մեկ հեղինակն էլ՝ տեսնում ենք, թե ինչ խանդավառություն է առաջացել, որովհետև հասարակության մեջ կարոտ կա դեպի մաքուր գեղանկարչությունը։ Որպեսզի կարողանանք մեր մաքուր գեղանկարչությունը այսուհետ միշտ ցուցադրել, պիտի այս թմբիրից դուրս գանք, այ սա է մեր լրջագույն խնդիրներից մեկը»,– մեզ հետ զրույցում նշեց պարոն Կալենցը։
Կարլսհորստ մշակույթի տան ցուցասրահում Թաթոս գեղանկարչի մոտ երեք տասնյակ կտավներ են այժմ ցուցադրվում, բայց այցելուները արվեստագետի մեծաթիվ գործերի կարող են ծանոթանալ նաև թերթելով հաստափոր, եռալեզու ալբոմը, որը հրատարակվել է անցյալ տարի՝ նրա ծննդյան 85 ամյակի առիթով։
Այս տարվա մշակութային օրերի շրջանակում մայիսի 11–ին դասախոսությամբ հանդես կգա հրապարակախոս, ճառագիր հայազգի դր․ Վազրիկ Բազիլը։ Մայիսի 18–ին տեղի կունենա «Կոմիտաս» քառյակ համերգը, իսկ հունիսի 1–ին՝ թատերական ներկայացմամբ ելույթ կունենան ՀԵՄԱ ՀԿ կիրակնօրյա հայկական դպրոցի սաները։
Գայանե Առաքելյան
Բեռլին
Սկզբնաղբյուրն՝ այստեղ․
https://orer.eu/hy/2024/05/04/berlin-april-2024-mshakuiti-orer/