«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը և կուսակցության Արցախի ներկայացուցիչ Արթուր Հայրապետյանն այս օրերին ծանոթության նպատակով շրջայց են կատարում Եվրոպայի մի շարք հայկական գաղթօջախներում։ Գերմանիայի Քյոլն քաղաքից հետո՝ փետրվարի 9–ին, նրանք այցելեցին Բեռլին եւ հանդիպեցին բեռլինահայությանը ՝ «Եվրոպացի և հայ մասնագետների ասոցիացիա» ՀԿ–ի նախագահ Միքայել Մինասյանի կողմից հյուրընկալվելով Պաուլ Գերհարդ ավետարանական եկեղեցուն կից սրահում։
Հանդիպմանը ներկա էին բազմաթիվ բեռլինաբնակ հայեր, այդ թվում Գերմանիայում Արցախի նախկին մշտական ներկայացուցիչ պարոն Հարություն Գրիգորյանը և Գերմանահայոց կենտրոնական խորհրդի նախագահ պարոն Յոնաթան Շպանգենբերգը։
Հանդիպման շարժառիթը մեր երկրում տիրող ներկա իրավիճակն ու սպառնացող մարտահրավերներն էին, իսկ նպատակը մեկը՝ «Միասին կերտել հայկական պետությունը»։
Ողջունելով ներկաներին պարոն Սուրեն Պետրոսյանը մասնավորոպես շեշտեց, որ այն ճգնաժամը, որի առաջ մենք այժմ կանգնած ենք, շատ ավելի խորքային է, քան մեզանից յուրաքանչյուրը կարող է պատկերացնել․ «Ճգնաժամը, որում այժմ հայտնվել ենք, միայն քաղաքական չէ, միայն՝ սոցիալական կամ միայն՝ տնտեսական։ Սա այլևս ինքնության խորքային ճգնաժամ է։ Մենք դուրս ենք գալիս մեր առանցքից։ Սա անընդունելի է։ Մենք այստեղ ենք առաջին հերթին ձեզ հետ ծանոթանալու համար, նաև ձեզ տեղեկացնելու մեր կուսակցության ներկայիս մոտեցումն ու տեսլականը, որում առանցքային տեղ ու դեր ունի Սփյուռքը՝ այն ինստիտուցիոնալ դեր ունի հայկակակ պետականաշինության ձևավորման մեջ։ Ցավոք, Սփյուռքը 30 տարի դիտարկվել է որպես դրամապանակ՝ ասել են՝ փողը տվեք մենք կանենք։ Մեղմ ասած՝ դա ազգային անվտանգության խնդիր է»։
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախաձեռնությամբ 2021–ին Արցախում մի շարք սոցիալական տեսահոլովակներ են նկարահանվել, որոնցում մասնավորապես ընդգծվում է միասնական լինելու, համախմբված պայքարելու, հայրենաճանաչության և հայրենատիրության գաղափարները։ Հանդիպման մասնակիցները ևս դիտեցին այդ տեսանյութերը։
«Մենք որոշեցինք այս նկարահանումներն անել, երբ 44 օրյա պատերազմից հետո շշուկներ էին տարածում, որ եթե Արցախ գնաք, ձեզ գերի կվերցնեն և այլն»,– պատմում է պարոն Պետրոսյանն ու հավաստիացնում, որ սրանով սկսվում է ձևավորվել մի գիտակցություն, որ մենք հարմարվում ենք պարտվածի ու ստորացածի կարգավիճակի հետ, դառնում ենք համոզված, որ այլ կերպ լինել չի էլ կարող․ «Ո՛չ, կարող է, պայքարելու ձևն է պետք որոնել։ Մեր հասարակությանն այժմ կերակրում են մի մտքով, որ մեզանից այլևս ոչինչ կախված չէ, միևնույնն է՝ մենք այլևս բան չենք կարող փոխել, պետք է եղածի հետ համակերպվենք։ Բերում են նախ պարզ հիմնավորումներ, որ 80 մլն այս կողմն է, մի քանիսն՝ այն, մեր միակ անելիքը լռելն է, հանձնվելը։ Այս մոտեցումները իրականության հետ աղերսներ անգամ չունեն։ Հուսով եմ՝ դուք էլ եք գիտակցում»։
Բանախոսի համոզմամբ, այս քաղաքական օրակարգի սկիզբը դրվել է դեռ 90-ականներին ու այսօր արդեն հասել է իր գագաթնակետին։ Նրա կարծիքով սա կոչվում է քաղաքակրթական հանցագործություն, որի հետևանքով այժմ մենք այնպիսի իրավիճակում ենք հայտնվել, որ այդ հինը գոյություն չունի (Պետրոսյանի գնահատմամբ՝ ներկայիս մեր պետությունը պետություն կոչվելու բոլոր հնարավոր պատկերացումներից դուրս է), իսկ նորը դեռ չի ձևավորվել։ Մեր միակ խնդիրն այժմ նորի ձևավորումն է։ Այդ նորի մեջ կարևոր հանգամանք է, որ հայ լինելը պետք է դառնա անվտանգ և շահավետ։
«Շատ ենք մտածել այս ուղղությամբ և ձևակերպեցինք այսպես, որ գնում ենք դեպի հայկական պետություն։ Միայն ձևով դա ունեցել ենք, բայց բովանդակությամբ՝ ոչ։ Մենք առաջնորդվում ենք հետևյալ կարգախոսով՝ արա՛ անհրաժեշտը, հետո՝ հնարավորը ու կտեսնես, թե ինչպես է ստացվում անհնարինը»,– նշեց պարոն Պետրոսյանը՝ ավելացնելով․ «Մենք ասում ենք՝ այս պահին անհրաժեշտ է իշխանափոխություն, հնարավորը հայկական պետության ստեղծումն է, թվացյալ անհնարինը՝ Հայաստան–Արցախ միացյալ, ուժեղ պետությունը, որտեղ Սփյուռքը լիարժեքորեն կմասնակցի պետականաշինությանը։ Գիտելիքը միակն բանն է աշխարհում, որ չունի էժան փոխարինիչ։ Հետևաբար, մեր նպատակներից է նաև ճշտել՝ արդյոք Սփյուռքում պատրաստ են այս գործընթացին ներգրավվել, որովհետև մեզ համար ամենակարևորը մարդկային ռեսուրսն է»։
Միջոցառման բանախոսներից հոլանդահայ պարոն Հայկ Ասլանյանը, ով հանդիսանում է «Հանուն Արցախի» հոլանդահայկական նախաձեռնության խորհրդի անդամ, նշեց, որ ինքը սիրով է միացել այս շրջայցին և համոզված է, որ սա միակ միջոցառումը չէ։ Նման հանդիպումներ պարբերաբար կլինեն, որ միասնական արդյունքի հասնենք։
Միջացառման երկրորդ հատվածում ՀԵՄԱ ՀԿ նախագահ պարոն Միքայել Մինասյանը հանդիսատեսին ներկայացրեց իր հեղինակած «Մանիֆեստ» գիրքը։ Այն տեսություն է Հայաստան–Սփյուռք ենթակառույցների համակցման վերաբերյալ, որի վրա հեղինակն սկսել է աշխատել 2000 թվականից։ Նրա խոսքերով նյութը լրամշակելու և վերահրատարակելու առիթ է հանդիսացել Սփյուռք–Հայաստան կապը, որը զրուցակցիս կարծիքով համակարգված չէ, հետևաբար ընդհանուր արդյունավետությունը ցածր է։
«Տարբեր կառույցների մեկ նորմատիվային դաշտում ներկայանալու անհրաժեշտություն տեսա։ Դրա համար պետք է ստեղծել այդ համալիր կառույցը, ինչը նշանակում է Սփյուռքում եղած կառույցները մեկ համահայկական դաշինքի ներքո բերել։ Ընդ որում այս կառույցը պետք է լինի ինքնածախսածածկվող։ Անպայման համահայկական բանկ պետք է բացվի։ Օրինակ՝ անհատի համար շատ պարզեցված հարթակ կունենանք։ Բազմալեզու կայքի միջոցով կգրանցվեն, ունեցած մտքերը, առաջարկները կփոխանակեն, կկազմենք ծրագիր, կստեղծվեն աշխատատեղեր և այսպես շարունակ։ Իսկ ամենակարևորը, որ սփյուռքահայերը, մասնակցություն ունենալով ՀՀ քաղաքական որոշումերին, լծակ կունենան վերահսկելու իրենց կապիտալը ներսում՝ բնականաբար ընտրված ձայնի իրավունքով։ Հիմա, թե այս ծրագիրը ինչպես կամ ինչքանով կյանքի կկոչվի, ապագան ցույց կտա։ Ես «Մանիֆեստը» կներկայացնեմ եվրոպական հնարավոր բոլոր գաղթօջախներում։ Այս փուլում մեր հյուրերի հետ միասին»,– մեզ հետ զրույցում նշեց պարոն Միքայել Մինասյանը։
Գրքի խմբագիր տիկին Սեդա Վարդազարյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ․ «Այսօրվա իրավիճակը վախկոտության, ստրկամիտ լինելու հետևանք է։ Այն մեզ պարտադրում է գոյատևման պայքարում ոտքի կանգնել, անցնելիք ճանապարհն անշուշտ տատասկոտ է լինելու, բայց մենք դրանից չպետք է վախենանք»։
«Հայկական պետության հայեցակարգը, որ անընդհատ հարստացվում է մեր կողմից, հիմա էլ դա է արվում, եկել ենք հայրենիքից դուրս ապրող մեր հայրենակիցներին լսելու, որ մեր որոշումները կայացնելիս հաշվի առնենք։ Չէ որ, մենք բացարձակ ճշմարտության կրողը չենք։ Հետևաբար, արդյունք ունենալու համար, զարգացումը պիտի ճիշտ կառուցենք, կան անհրաժեշտ քայլեր, որ պետք է արվեն։ Գլխավորապես հարկավոր է նպատակը հստակեցնել և ռեսուրսները գեներացնել, իսկ մնացածն իրականում տեխնիկական խնդիր է»,– մեզ հետ զրույցում նշեց պարոն Սուրեն Պետրոսյանը։
Ինչպես մեզ հայտնեցին, նրանք առաջիկա օրերին կշարունակեն իրենց հանդիպումները հայկական համայնքների հետ եվրոպական ևս մի քանի երկրներում, մասնավորոպես՝ Հոլանդիայում, Բելգիայում և Ֆրանսիայում։
Գայանե Առաքելյան
Սկզբնաղբյուրը տե՜ս այստեղ․ https://orer.eu/hy/2024/02/15/handipum-berlinum-suren-petrosyan-mikayel-minasyan-2024/?fbclid=IwAR2EXRrNgLuxW2ZZxg4hC4S0MR5L5fmTXVG12Lc7yy2dDtXDwINO8SExAto