IMG-LOGO

«Փաշինյանի պատասխանները լուսնից իջած էին…Հերիք է աչքակապություն անեն, որ չենք խոսում, չի նշանակում՝ չենք հասկանում».

06-03-2023
IMG

Գերմանիայի հայ համայնքի հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը, ինչպես հայտնի է, հնչեցին բավականին կոշտ գնահատականներ ու սուր հարցադրումներ: Մասնավորապես, «Եվրոպացի եւ հայ մասնագետների» ասոցիացիայի նախագահ Միքայել Մինասյանը հարցրեց. «2020-ի պատերազմի ընթացքում եւ դրանից հետո Գերմանիայից ներկրված իրեղեն նվիրատվության ամենամեծ չափաբաժինը կոորդինացրել է մեր ասոցիացիան եւ Հայաստան ներմուծումից հետո մենք ստանձնել ենք դրա ստացումը առողջապահության նախարարության կողմից եւ բաժանումը ՀՀ տարածքում: Խնդիրը նրանում է, որ ներգործելուց հետո 6-8 ամիս է անցել ու այն պահին, երբ այդ բեռների կարիքը հրատապ զգացվում էր թե՛ սահմանամերձ գոտում, էլ չխոսենք Արցախի մասին, որտեղ անմիջապես պետք էր, ինչո՞ւմ էր խնդիրը եւ ինչո՞ւ այդքան երկար տեւեց: Ինչո՞ւմ է պետության գործառույթը: Մենք սփյուռքի, գերմանահայերի գումարներով դա բաժանում ենք Հայաստանին, խնդիրը համակարգային է, մինչեւ հիմա էլ չի լուծված»:

 

Հետո նա տեղեկացրեց, որ իրենց ասոցիացիան նախաձեռնել է Հայաստանում վիրավոր եւ հաշմանդամ զինվորների կրթության ծրագիր, մեկ տարվա ընթացում տեղեկատվական տեխնոլոգիաներ են ուսուցանել, փորձել կրթել զինվորներին. «Զրոյից են սկսել, հասցրել արհեստական բանականության բարձրագույն մակարդակի: Սա յուրօրինակ պիլոտային ծրագիր էր, որը նույնիսկ այստեղ՝ Գերմանիայում չկա դեռ: Մենք ի զորու չէինք Հայաստանում այստեղից մասնակցել որեւէ տենդերի՝ գրանտներ ստանալու համար, դիմեցինք ԲՏԱ նախարարությանը, եկեղեցուն, տարբեր տեղեր: Առերես՝ այո, ամեն ինչ կանենք, բայց գրավոր դիմումներից հետո մինչ այսօր պատասխան չկա, ծրագիրը լուծարվեց: Ինչո՞ւ նման պարագայում պետության նախարարությունները չեն արձագանքում: Եվ երրորդ հարցը՝ դուք ասացիք ձեր ելույթում, որ Հայաստանում այսօր տնտեսական խնդիրներ չկան, ժողովրդավարական խնդիրներ չկան եւ Հայաստանն ունի աննախադեպ զարգացում: Թույլ տվեք առարկել՝ ուղիղ 6 ամիս առաջ մենք Հոնկոնգից ներդրողներ բերեցինք Հայաստան, որպեսզի գինու, կոնյակի էքսպորտի համար, զբոսաշրջության համար ներդրում կատարեն եւ աշխատեն, բացեցինք կազմակերպություն Հայաստանում, 6 ամիս է՝ չենք կարողանում բանկերում հաշիվ բացենք: Եվ սա համակարգային է: Ձեզ էլ ենք գրել մենք նամակ, դիմել ենք ԿԲ-ին, փաստաբան ենք վերցրել: Փաստաբանն ասում է՝ նման բավականին կուտակված պրոբլեմ կա Հայաստանում: Սա արդյոք ժողովրդավարության կամ համակարգային խնդիր չի՞»:

Փաշինյանը պատասխանեց. «Հայաստանում հաշիվ բացելը տեւում է րոպեներ, ընդ որում՝ օնլայն, ուրեմն դա կապված է տվյալ մարդու սանկցիաների հետ: Այն մարդիկ, որոնք ուզում են հաշիվ բացեն, պրոբլեմներ ունեն»: Մինասյանը ծիծաղեց՝ ասելով, որ անձամբ ինքն է ուզել բացել, ի՞նչ պրոբլեմի մասին է խոսքը:

Բարեգործության հետ կապված, Փաշինյանն արձագանքեց, որ շատ բարեգործական անվանված ծրագրերի արդյունքում առաջանում են հարկային պարտավորություններ ու մարդիկ զարմանում են. «Խնդիրն այն է, որ ՀՀ-ում ծրագրերը բարեգործական հաստատելու համար կան ընթացակարգեր ու դա նրա համար է, որ ուրիշները դրա անվան տակ ուրիշ բան չանեն»: Ինչ վերաբերում է զինվորների ծրագրին, նա ասաց, որ զինվորների վերապատրաստման պետական ծրագիր էլ կա, բայց նրա նշած կոնկրետ խնդրից տեղյակ չէ:

Հանդիպումից հետո Aravot.am-ը Միքայել Մինասյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ տպավորություն ստացավ Փաշինյանի պատասխաններից, գոհացրե՞ց պատասխանը եւ քանի որ Փաշինյանը խոստացել էր հանդիպումից հետո փորձել հաշիվ բացել, արե՞ց դա: Նա պատասխանեց. «Բացարձակապես: Հանդիպումից հետո ինքը շտապում էր ուրիշ հանդիպման եւ իր ամբողջ թիմով գնաց անմիջապես: Իսկ իր պատասխանները լուսնից իջած պատասխաններ էին ինձ համար: Ասում է՝ այդ բոլոր պրոբլեմները կլուծվեն, եթե թվայնացնենք, բայց չենք կարողանում թվայնացնել, որովհետեւ ID քարտերի հետ պրոբլեմներ ունենք: Ինձ հետաքրքրո՞ւմ է, ա՛յ ցավդ տանեմ, դա քո խնդիրն է, քո պետության խնդիրն է: Ես ուզում եմ մի բան ներդնել այդ պետության մեջ, որովհետեւ այնտեղ ես ծնվել ու մեծացել եմ: Բա պետության անելիքը ո՞րն է: Վարչապետն ասում է՝ կադր չկա: Ուրեմն պետք է ստեղծեիք մեխանիզմներ, որ կադրը գար: Ո՞նց եղավ, որ լինելով ՀԿ, ընդ որում Գերմանիայից, ռեսուրսների սղությամբ 1 տարվա ընթացքում կարողացանք 4 ակադեմիական տարվա ամբողջ կուրսը խտացնել ու հաջողության հասնել, տղերքին էլ տեղավորել աշխատանքի, իսկ դուք հսկայական պետության միջոցները ձեռքներիդ չե՞ք կարողանում այդ հարցերը համակարգել: Ես ի՞նչ տպավորություն պիտի ստանամ: Ես հարցի լուծում եմ ուզում: Ինձ ասում է՝ սանկցիաների տակ ես, ես՝ ո՜ւր, սանկցիան՝ ուր: 6 ամիս է՝ չեմ կարողանում եվրոյի հաշիվ բացել Հայաստանում, դրամի հաշիվն էլ 3 օր առաջ եմ բացել, բայց դրամի հաշվով ես ի՞նչ գործարք կարող եմ անել դրսի հետ: Մեռա նախարարություններին դիմում գրելով: Վերջում էլ կանչեցին մի հատ էլ ձեռագիր դիմումը տվեցի, ընդամենը 2 ամիս  անց ինչ պարամետրերով որ ուսումնամեթոդական պլանն իրենց տվել էի, իրենք հայտարարեցին նույն պարամետրերով տենդեր նախարարության կողմից, մեզ էլ չպատասխանեցին»: Ինչ վերաբերում է բարեգործական ծրագրերի հետ կապված Փաշինյանի բացատրությանը, Միքայել Մինասյանն ասաց. «Հերիք է աչքակապություն անեն: Որ չենք խոսում, չի նշանակում՝ չենք հասկանում: Ո՞վ է տեսել մարդը Հոնկոնգից 250 հազար դոլար ուզենա ինվեստիցիա անի ու ասեն՝ գնա 6 ամիս սպասի, ո՞ր մի գործարարը կսպասի 6 ամիս»: Միքայել Մինասյանի խոսքով՝ Գերմանիայում սովորել են մտածել համակարգային ու ավելի ակնհայտ է իրենց համար, որ Հայաստանում համակարգային լուրջ խնդիրներ կան. «Փաշինյանն ասում է՝ 10 հազարից ավելի օրենք կա, ո՞վ պիտի փոխի: Ե՞ս պիտի փոխեմ, ՔՊ-ական ինչքա՞ն դեպուտատ ունեք, ո՞վ պիտի փոխի: Կամ ասում է՝ մի նախադասությունը ջնջում ես, 3 ես գրում, ավելի է վատանում օրենքը: Այ քեզ բա՜ն: Այ հորդ Աստծուն մեռնեմ, օրենքը պիտի մասնագետը գրի, ուսումնասիրի, ոչ թե ուրիշ լեզվից թարգմանի ու դնի: Բնական է, որ դա չի աշխատի: Պարզ ու հասարակ բան է պետք մտցնել օրենքի մեջ, որ այսպես կոչված ընդունված բարեգործական բեռները հանձնվեն տիրոջը առավելագույնը 40 օրվա ընթացքում ու վերջ: Դրանից այն կողմ պետության չինովնիկն իրավունք չունի դա պահելու: Փաշինյանն ասում է՝ ես բարեգործությանը կողմ չեմ, կուտեն, կլափեն, դրանից հետո ի՞նչ է լինելու: Բայց բարեգործության վրա ամբողջ աշխարհն է նստած: Ես չեմ ասում միայն բարեգործությամբ պետք է զբաղվել, բայց պետք է հավասարակշռություն լինի, բիզնեսն իր տեղն ունի, բարեգործությունը՝ իր: Ի՞նչ է նշանակում դեմ եմ բարեգործությանը, այսինքն, մի՞ արեք բարեգործություն: Բարեգործությունը լափ տալով հո չի՞»: Պարոն Մինասյանն ասաց, որ սպասում ու ակնկալում էր, որ կլսի պատասխան, թե պետական բյուրոկրատիան որտեղ է ու ինչն է խոչընդոտում խնդիրների լուծմանը. «Ես գիտեմ խնդիրը որտեղ է: Նախարարությունը ուզում է ինքը ծրագրեր իրականացնի, մտնում է անհատի հետ մրցակցության մեջ ու փոխանակ անհատին աջակցելու, հովանավորելու, մի բան էլ խանգարում է: Այստեղ է թաղված ձկան գլուխը: Նրանք լուծում են պաշտոնի բարձրացման հարցը, իրենց աշխատավարձի հարցը: Իսկ պե՞տք է, որ նախարարությունը ինքը պրոյեկտ անի, թե՞ պետք է աջակցի ծրագրերի իրականացմանը»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2023/03/06/1327212/

© 1998 - 2023 Առավոտ – Լուրեր Հայաստանից


Տեսադարան