IMG-LOGO

Սփյուռքի արձագանքը՝ Հայաստանի ներքաղաքական վիճակին. պետք է սկսել երկխոսություն

01-03-2021
IMG

01.03.2021

 

Սփյուռքում ուշադրությամբ հետևում են վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Իտալիայի հայերի միության նախագահ Պայքար Սվազլեանը «Հայերն այսօրի» հետ զրույցում նշեց, որ մտահոգված են՝ տեսնելով, որ պատերազմից հետո ներքին պայքարներ են սկսել հայրենիքում։ 

«Մենք համամիտ ենք, որ երկխոսություն սկսի, որովհետև ժողովրդավար գաղափարներին հետևելը չի նշանակում, որ երկրում անկարգություններ պետք է լինեն։ Հետևաբար, պետք է երկխոսության սահմաններում մնա ամեն ինչ, ոչ թե եղբայրասպան ներքին պատերազմի տանի։ Մեր ժողովուրդը բոլորովին կարիք չունի այսպիսի դժբախտության», - ասաց Սվազլեանը։

Ըստ Իտալիայի հայերի միության նախագահի՝ պետք է մտածել պատերազմի հետքերը վերացնելու և պետականության ամրացման մասին, և խուսափել բոլոր այն քայլերից, որոնք վտանգ են հանդիսանում ազգային անվտանգության համար։ 

Նիդերլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանն էլ ասաց, որ նիդերլանդահայ համայնքը պետականության և լեգիտիմ իշխանության կողմնակիցն է, և ընդունելի չեն համարում պատերազմից հետո իրականացվող սպառնալիքներն ու փողոցային պայքարը։

«Ներկայումս ամենաճիշտը միասնական խորհրդակցություններ սկսելն է և գտնել լուծումներ, որոնք օգտակար կլինեն Հայաստանի համար։ Ցավոք սրտի ընդդիմությունը լուծումներ չի առաջարկում, բացի ելույթներ ունենալուց և լոզունգներ ստեղծելուց։ Վարչապետի առաջարկն այն մասին, որ քաղաքական ուժերը պետք է կոնսուլտացիաներ սկսեն, ինձ թվում է՝ լավ ֆորմատ է, եթե ընդունվի և դադարեցնեն անհնազանդության ակցիաները։ Եվ եթե արտահերթ ընտրություններ պետք է տեղի ունենան, ապա դա պետք է լինի խաղաղության պայմաններում, առանց դրա հնարավոր չէ։ Առհասարակ ընդունելի չէ ամեն օր ակցիաներ անել կամ վրաններով փակել ինչ-որ փողոց», - ասաց Մաթո Հախվերդյանը։

Հախվերդյանի խոսքով՝ պետք է դադարեցնել ցույցերը, փոխել մոտեցումը, համերաշխություն ձևավորել և սատարել պետությանը. «Երկրի անվտանգությունից է կախված ներքին կայունությունը։ Պետք է խելամիտ լինել, Սահմանադրության օրենքների շրջանակում գործել, արկածախնդրությունը երբեք մեզ լավ տեղ չի տարել և հիմա էլ չի տանի»։ 

Բեռլինում Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիայի ՀԿ նախագահ Միքայել Մինասյանն էլ այն կարծիքին է, որ այս իրավիճակում կարևոր է հրատապ քաղաքական լուծումներ գտնելը։ Ըստ Մինասյանի՝ անհրաժեշտ է շուտափույթ կարիքավոր ընտանիքներին հասցնել Հայաստան ուղարկված մարդասիրական բեռները, ամրացնել պետությունը և բանակը։

 

Սկզբնաղբյուրը՝ հետևյալ հղումում․ 

http://hayernaysor.am/hy/posts/453/2021-03-01/?fbclid=IwAR2jwKP24Ehx8ZavtgNe6c1xzjCMJKNCRviDPKLvrC-rOrD6AzLYiVP23mQ