IMG-LOGO

Հին պատերազմի նոր բռնկումը. Հարցազրույց Արցախի թեմի առաջնորդ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ

03-10-2020
IMG

- Գերաշնո՛րհ սրբազան հայր, մենք այսօր զրուցում ենք Ձեզ հետ 2020 թ-ի սեպտեմբերի 30-ին, այսինքն՝ Արցախյան պատերազմի վերսկսման չորրորդ օրը։ Խնդրում ենք հակիրճ պատմեք Ձեր թեմի վերաբացման ու գործունեության մասին։

 

- Նախ ասեմ, որ 1921 թ.-ին, երբ Ստալինն անօրեն կերպով որոշեց Արցախը, ինչպես նաև Ուտիքի և Նախիջևանի պատմական մարզերը նվիրել Ադրբեջանի Հանրապետությանը, իննը տարի հետո մեր բոլոր հազարամյա վանքերն ու համայնքային եկեղեցիներն ադրբեջանցիները փակեցին։ Մենք հայտնվեցինք կրկնակի ճնշման տակ՝ մի կողմից խորհրդային աթեիստական երկրի, մյուս կողմից՝ ադրբեջանական ազգայնամոլ ղեկավարության հետապնդումները։ Բայց 1989 թ.-ին մենք ի վիճակի եղանք վերաբացել Արցախի թեմը, և մինչ օրս՝ այս 31 տարվա ընթացքում, կառուցել ու վերանորոգել ենք 90 վանք, եկեղեցի ու մատուռ։ Այժմ այստեղ հոգևոր դաս ունենք, որի շնորհիվ կամաց-կամաց վերականգնում ենք հոգևոր կյանքը։ Արդեն մոտ 100 գիրք ենք հրատարակել, հիմնել ենք քարոզչական կենտրոն և այլ համայնքային կառույցներ։

 

- Արդյոք կա՞ որևէ բացատրություն, թե ինչու՛ ներկայումս այս աստիճան սրվեց 1988-1994-ից հետո «սառեցված հակամարտություն» բնութագրվող իրավիճակը։

  

- Այժմ արդեն ո՛րերորդ անգամն են պատերազմ սկսել մեր դեմ։ Մանավանդ հիմա այն իրագործվում է շատ դաժան կերպով… Չափազանց դաժան պատերազմ. նրանք հարվածում են քաղաքացիական օբյեկտներին, և խաղաղ բնակչությունն է զոհվում։ Իհարկե պարզ է, որ Թուրքիան, այսինքն՝ Էրդողանն է հրահրել Ադրբեջանին։ Փաստորեն մենք այսօր Արցախում ադրբեջանա-թուրքական տանդեմի դեմ ենք կռիվ տալիս։

 

- Ինչպե՞ս է ներկա պահիս իրադրությունը Հայաստանում։

 

- Ցավոք մեկ թուրքական ՆԱՏՕ-ի F-16 ինքնաթիռ բավական խորքից՝ Ադրբեջանի տարածքից, խոցել է մեր հայկական ռազմական օդանավը՝ Հայաստանի տարածքի վրա։ Ապա իրենք նույնիսկ անօդաչու սարքով մտել են Հայաստանի Հանրապետության տարածք՝ Վարդենիս քաղաքին մերձակա երկաթգծի շրջակայքը և մեկ քաղաքացիական ավտոբուս են խփել: Այնտեղ մենք կորուստներ ունենք։ Այդպիսին է մեր իրավիճակն այսօր։

 

- Իսկ ինչպե՞ս են Ձեր թեմի հավատացյալներն ու հոգևորականաց դասն այդ վիճակին դիմանում։

 

- Ես մեր բոլոր հավատացյալներին խնդրել եմ, որ անընդհատ՝ 24 ժամ շարունակ հերթապահեն ու անդադար աղոթք անեն։ Բոլոր եկեղեցիներում էլ ժամերգություններ, աղոթք ենք անում, Սուրբ Պատարագը մատուցվում է ամեն տեղ և բոլոր համայնքներում։

 

- Փաստորեն Արցախում եկեղեցական կյանքը շարունակվում է իր բնականոն հունով։


- Իհարկե։ Եվ այդպես է եղել նաև անցյալ 31 տարիների ընթացքում։

 

- Սրբազա՛ն հայր, իսկ ինչպիսի՞ն է մեր եկեղեցու դիրքորոշումն այս պատերազմի վերաբերյալ։

 

- Մեր եկեղեցին միշտ էլ դեմ է եղել որևէ պատերազմի։ Մենք միշտ կողմնակից ենք եղել խաղաղ կերպով՝ կլոր սեղանի շուրջ այս հարցի հանգուցալուծմանը։ Սբ․ Էջմիածնի Հայրապետները միշտ էլ սա են ասել Արցախյան խնդրի վերաբերյալ։ Ի միջի այլոց նշեմ, որ մեր բոլոր հանդիպումների ժամանակ նույնն բանն է պնդում նաև Ադրբեջանի մահմեդականների առաջնորդ Շեյխ-ուլ-իսլամ Փաշազադեն։ Ուստի մենք շեշտում ենք. սա կրոնական պատերազմ չէ, սա ուղղակի մարդու տարրական իրավունքների համար մղվող պայքար է։ Բնականաբար ինք էլ, մենք էլ կողմնակից ենք, որ այս հարցը խաղաղ կերպով լուծվի։

 

- Իսկ իրականում ի՞նչ պատկեր եք այժմ տեսնում։

 

- Շեյխ-ուլ-իսլամը քաղաքական իշխանություն չունի, և հետևաբար, ի՞նչ իրական պատկեր կարող ենք ունենալ։ Չեմ կարծում, որ նա, որպես կրոնապետ, ցանկանում է, որ իր հոտի երիտասարդները զոհվեն: Բնավ չեմ կարծում։ Ընդհակառակը ես վստահ եմ, որ Շեյխ-ուլ-իսլամն էլ չի կամենում դա, քանզի սրտի խորքում նա ևս խաղաղության կողմնակից է։ Սակայն պատերազմ սկսելու հարցը որոշում է քաղաքական էլիտան ՝ Իլհամ Ալիևի գլխավորությամբ․․․

 

- Ներկայումս մեդիայում ու համացանցում շատ է խոսվում Օսմանյան կայսրության օրոք մշակված պանթուրքիզմի գաղափարախոսության և Թուրքիայի՝ դեպի Միջին Ասիա և Արևելք նվաճողական ծրագրերի մասին։ Դուք ի՞նչ կարծիքի եք այս մասին։
 

- Այո՛, դա հենց Էրդողանի ծրագիրն է։ Անշուշտ նա ցանկանում է իրագործել օսմանյան շրջանի այդ երազանքը՝ սկսած Միջերկրյան ծովի արևելքից,  Լիբիայից, Իրաքից ու Սիրիայից  մինչև Հարավային Կովկաս, ապա ընդհուպ Միջին Ասիա և վերջապես ույգուրական ու չինական սահման։ Եվ Էրդողանը ամենևին էլ դա չի թաքցնում։

 

- Այս գաղափարը հայկական շրջանակներում հաճախ բնութագրվում է որպես «նեոօսմանական արշավանք»։ Ադրբեջանը կիսու՞մ է արդյոք այս տրամադրությունը, և գործնականում ինչպիսի՞ քայլեր է կատարում այս ուղղությամբ։

 

- Ես կարծում եմ, որ վերջերս նրանք միասին հենց այդ իսկ պատճառով էին զորավարժություններ անում։  Թուրքիան արդեն ռազմական բազաներ  ու զորամիավորումներ է տեղադրում Բաքվի մոտ և Նախիջևանում։ Փաստացի, դա հենց այդ ծրագիրն է։

 

- Իսկ ի՞նչ կկամենայիք փոխանցել այս պահին Ձեր այս տողերն ընթերցողներին։

 

- Առաջին հերթին կխնդրեի, որ աղոթք անեն՝ խաղաղությունը օր առաջ վերականգնելու համար։ Իսկ եթե այլ կերպ ինչ-որ բարոյական, քաղաքական առումով կարող են ձայն բարձրացնել, պահանջել, որ պատերազմին վերջ տան, անչափ շնորհակալ կլինեմ։



- Շատ շնորհակալություն, Սրբազա՛ն Հայր։

 

Հարցազրույցը պատրաստեց Հարություն Գ․ Հարությունյանը՝ Հայ Առաքելական Եկեղեցու Վայոց Ձորի Թեմի և «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի անկախ փորձագիտական խորհրդատու, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի այցելող դասախոս:

 

* Հարցազրույցի գերմաներեն թարգմանությունը տպագրվել է առաջին անգամ 1․10․2020 «Nachrichten Östliche Kirchen» և ապա նաև «Reformiert» շվեյցարական առցանց ամսագրերում՝ Արցախյան պատերազմի վերսկսման վերաբերյալ հոդվածներիս հետ մեկտեղ։