IMG-LOGO

Ո'չ պատմության կրկնությանը. գերմանացի եկեղեցականները ցնցված են դեպքերի նկարագրություններից

10-05-2014
IMG 8Բեռլինում շարունակվում են Հայոց ցեղասպանության դատապարտման եւ զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները: Ապրիլի 30-ին տեղի Լիշտենբերգ շրջանի „Փրկչի“ եկեղեցում տեղի է ունեցել հուշ-երեկո, որին ներկա են եղել Գերմանիայում ՀՀ դեսպանատան դիվանագիտական անձնակազմի ներկայացուցիչ պարոն Դավիթ Գրիգորյանը, Գերմանիայում ԼՂՀ ներկայացուցիչ պարոն Հարություն Գրիգորյանը, քահանա Տեր Գնել Գաբրիելյանը եւ բազմաթիվ գերմանահայեր եւ օտարազգի հյուրեր: Երեկոն իր ողջույնի խոսքով սկսել է Հայ եւ եվրոպացի մասնագետների ասոցիացիա /ՀԵՄԱ/ հ/կ նախագահ պարոն Միքայել Մինասյանը, ապա տերունական աղոթքով եւ ցեղասպանությունը դատապարտող „Մի' սպանիր“ աստվածաշնչային մեկնությամբ ներկաներին է դիմել Բեռլինի եւ հյուսիս-արեւելյան Գերմանիայի թեմի պատասխանատու հոգեւորական Քահանա Տեր Գնել Գաբրիելյանը: Հուշ-երեկոյին մասնակցելու իր նախնական բանավոր ցանկությունն էր հայտնել նաեւ Գերմանիայում ՀՀ դեսպան պարոն Վահան Հովհաննիսյանը, ով սակայն հույժ կարեւոր հանդիպում ունենալու պատճառով չի կարողացել անձամբ ներկա գտնվել միջոցառմանը: Նրա փոխարեն ներկաներին իր ուղերձն է հղել ՀՀ դեսպանատան դիվանագիտական ներկայացուցիչ պարոն Դ. Գրիգորյանը: Վերջինս մասնավորապես անդրադարձել է ցեղասպանության կանխարգելման կարեւորությանն ու Թուրքիայի ներկայիս ժխտողական քաղաքականության հետեւանքներին` շեշտելով, որ ցեղասպանության ճանաչումն անխուսափելի է եւ կարեւոր հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործում: Իսկ ԼՂՀ ներկայացուցիչ պարոն Հարություն Գրիգորյանն իր խոսքում ընգծել է հայկական ներկա երկու հանրապետությունների միասնական նպատակասլացությունը հայոց ցեղասպանության համատեղ պահանջատիրական իրավունքների արտահայտման գործում: Նա շեշտել է Արցախի անկախության կարգավիճակի ճանաչումը համաշխարհային հանրության կողմից` որպես համընդհանուր հայկական հարցի բաղկացուցիչ մաս: Բեռլինի Պաուլ Գերհարդի անվան ավետարանչական եկեղեցու ներկայացուցիչները եւ այլ հյուրեր, որոնց համար թարգմանվել են բոլոր ելույթները, հայտնել են, որ ցնցված են եղեռնական միջադեպերի նկարագրություններից եւ պահանջում են այն դատապարտել: Երեկոյի ավարտին իրենց ասմունքով երգեցողությամբ եւ պատմական իրադարձությունների գեղարվեստական ներկայացմամբ հանդես են եկել ՀԵՄԱ հ/կ երեխաներն ու պատանիները` ամենավերջում մարտական տրամադրությամբ կատարելով „Գետաշեն“ երգը:   Նյութը` http://henaran.am/41347.html