IMG-LOGO

Բեռլինում Մեծ եղեռնին նվիրված միջոցառումներն սկսվեցին

10-05-2014
IMG 4Բեռլինում Հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշ-միջոցառումների շարքը մեկնարկել են տեղի հայկական դպրոցի սաները` Բեռլինի Կայսեր Վիլհելմի անվան Հիշատակի եկեղեցու մատուռում «Կոչե՛մ ապրողաց» խորագրով: Խորհրդանշական է այն, որ միջոցառումը սկսվել է ՀՀ պետական հիմնով, որը կատարել է 5-ամյա Հասմիկը` ոտքի հանելով հանդիսատեսին: Ներկաների շարքում են եղել Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդ սրբազան Գարեգին արքեպիսկոպոս Բեկճեանը, Գերմանիայում ԼՂՀ ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը, Բեռլինի մշակութային միության ատենապետ Վարդգես Ալյանակը, Բեռլինի եկեղեցական և մշակութային միության վարչության անդամները և տեղի հայ բնակիչներ: «Փոքրիկի կատարմամբ հիմնը անսահման հուզիչ էր, բայց և ապրեցնող, հուսադրող և պայքար ներշնչող: Սա ապրողաց ձայնն էր՝ Եղեռնից մոտ մեկ դար հետո փոքրիկ «Մայր Հայաստանի» խորհրդանիշով,- պատմում է բեռլինաբնակ Սրբուհի Մարտիրոսյանը,- ավելացնելով,- վերջին 10 տարիներին արտերկրում ապրելով բազմիցս եմ մասնակցել ապրիլ 24-յան հիշատակի երեկոներին, սակայն այս անգամ Ցեղասպանության ցավը վերապրելու հետ միասին ներքին պայքարի ուժ ու հավատի նոր լիցք հաղորդեցին դպրոցի սաները՝ իրենց ասմունքով և երգով շաղախված հուզիչ ելույթներով»: Այնուհետև, բացման խոսք հնչեցնելով, դպրոցի հիմնադիր տնօրեն Միքայել Մինասյանը միջոցառման մեկնարկն է տվել՝ բեմ հրավիրելով դպրոցի 25 աշակերտ-աշակերտուհիներին: Երեխաների կատարմամբ հնչել են հատվածներ Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից, որոնք մեկընդմեջ ընդահատվելով իրենց տեղն են զիջել երգեցողության ուսուցիչ Արտակ Կիրակոսյանի խմբավարմամբ կատարումներին: Միջոցառման գրական-երաժշտական մասն ավարտելով՝ սաները կազմել են  կիսաշրջան, ուս-ուսի տված, բռունցքներն օդ են պարզել` միավորման և պայքարի կոչ անելով ներկաներին և ողջ հայությանը: Ելույթի իր խոսքն է ունեցել Բեռլինի Ազատ համալսարանի դասախոս դր. Ժիրայր Քոչարյանը՝ շեշտելով Ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին: Վերջում աղոթքով հոգեհանգստի տուրք է մատուցել Գերմանիայի թեմի առաջնորդ սրբազան Գարեգին արքեպիսկոպոս Բեկճեանը և միջոցառումը եզրափակել տերունական «Հայր մեր» աղոթքով: Նյութը ` http://hetq.am