IMG-LOGO

«Կոչեմ ապրողաց…»

10-05-2014
IMG 4 Ապրիլի 20-ին Գերմանիայում Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հուշ-միջոցառումների շարքը մեկնարկեցին Բեռլինի Հայկական դպրոցի սաները Բեռլինի Կայսեր Վիլհելմի անվան Հիշատակի եկեղեցու մատուռում «Կոչե’մ ապրողաց» խորագրով:   Վերջին 10 տարիներին արտերկրում ապրելով բազմիցս եմ մասնակցել ապրիլ 24-յան հիշատակի երեկոներին, սակայն այս անգամ ցեղասպանության ցավը վերապրելու հետ միասին ներքին պայքարի ուժ ու հավատի նոր լիցք հաղորդեցին դպրոցի սաներն՝ իրենց ասմունքով և երգով շաղախված հուզիչ ելույթներով: Խորհրդանշական էր այն, որ միջոցառումը սկսվեց ՀՀ պետական հիմնով: Հնգամյա Հասմիկն իր անթերի և զրնգուն ձայնով ոտքի էր հանել ներկաներ Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի Առաջնորդ Սրբազան Գարեգին Արքեպիսկոպոս Բեկճեանին, Գերմանիայում ԼՂՀ ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանին, Բեռլինի Մշակութային Միության ատենապետ Վարդգես Ալյանակին, Բեռլինի Եկեղեցական և Մշակութային Միության վարչության անդամներին, ծնողներին և ավելի քան 70 հանդիսատես հյուրերին՝ կատարելով նոր և վերածնված Հայաստանի հիմնը: Փոքրիկի կատարմամբ հիմնը անսահման հուզիչ էր, բայց և ապրեցնող, հուսադրող և պայքար ներշնչող: Սա ապրողաց ձայնն էր՝ եղեռնից մոտ մեկ դար հետո փոքրիկ «Մայր Հայաստանի» խորհրդանշով: Այնուհետև բացման խոսք հնչեցնելով՝ դպրոցի հիմնադիր և տնօրեն Միքայել Մինասյանը երեկոյի մեկնարկը տվեց՝ բեմ հրավիրելով դպրոցի 25 աշակերտ-աշակերտուհիներին: Երեխաների կատարմամբ սահուն կերպով իրար հաջորդում էին Սևակյան «Անլռելի Զանգակատուն» պոեմից հատվածներ: Այն մեջընդմեջ ընդահտվում էր՝ տեղը զիջելով երգեցողության ուսուցիչ բեռլինաբնակ Արտակ Կիրակոսյանի խմբավարմամբ կատարումներին: Վերջինիս շատ հուզիչ և հոգեկսկիծ կատարմամբ հանդիսատեսները ունկնդրեցին «Քելե լաո…» երգը: Եղեռնը բնութագրող Սևակյան անգերազանցելի խոսքին հաջորդեց ապրողաց կոչը «Սարդարապատ» երգի կատարմամբ: Երեկոյի գրական-երաժշտական մասն ավարտելով՝ սաները կազմեցին կիսաշրջան, ուս-ուսի տված, բռունցքներն օդ պարզած, միավորման և պայքարի կոչ արեցին ներկաներին և ողջ հայությանը: Դժվար չէր նկատել հայերենի ուսուցիչ և երեկոյի կազմակերպիչ Էդգար Զոհրաբյանի գոհունակ ժպիտը, ով համահեղինակն էր այս երեկոյի գրական մասի կազմակերպմանը: Ապա ելույթ ունեցավ Բեռլինի Ազատ համալսարանի դասախոս դր. Ժիրայր Քոչարյանը՝ շեշտելով ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտությունը: Վերջում իր աղոթքով հոգեհանգստի տուրք մատուցեց Գերմանիայի թեմի Առաջնորդ Սրբազան Գարեգին Արքեպիսկոպոս Բեկճեան և երեկոն եզրափակեցին համընդհանուր «Հայր մեր…» աղոթքով: Նյութը ` http://www.armversion.am