IMG-LOGO

Հայկական դպրոցների համակարգված ցանց Գերմանիայում

10-05-2014
IMG 5Բեռլինի հայկական կիրակնօրյա դպրոցը հիմնադրվել է 2010 թվականի հոկտեմբերին: Ուներ մեկ ուսուցիչ և շուրջ երկու տասնյակ աշակերտ: Սկզբնական շրջանում դասերն անցկացվել են շաբաթական երկու անգամ` հինգշաբթի և կիրակի օրերին: Այժմ` միայն կիրակի, իսկ աշակերտների թիվն աճել է: Բեռլինում ոչ պաշտոնական տվյալներով ապրում է շուրջ յոթ հարյուր հայ ընտանիք:   «Բեռլինում հայությունը ցրված է, դժվար է հավաքել, հիմնականում արևելյան Բեռլինի հայերն են,- պատմում է դպրոցի հիմնդիր տնօրեն Միքայել Մինասյանը:- Վերջին ժամանակներում դիտվում էր քանակի նվազման ու փակվելու միտում, քանի որ մոնատոն հայոց լեզվի և գրականության դասեր էին: Հետաքրքրությունը նվազել էր, մի քանի այլ միջոցառումներ մտածեցինք, նախ սերտիֆիկավորման համար մենք դիմեցինք Հալլեի համալսարանի պրոֆեսոր տիկին Արմենուհի Դրոստ Աբգարյանին, նաև ՀՀ սփյուռքի նախարարին, որ կրթության և գիտության նախարարության միջոցով սփյուռքում էլ սերտիֆիկավորեն, որ կազմակերպված ձևով դիպլոմ տանք: Նախարարը խոստացավ հարցը քննարկել Ա. Աշոտյանի հետ»:   Ի վերջո որոշվել է բացի հայոց լեզու և գրականություն առարկաներից ներառել նաև երգեցողության, հայոց պատմության և կրոնի  դասեր: Օպերային մենակատար Արտակ Կիրակոսյանը, ով այժմ արդեն Բեռլինում է բնակվում, հանդիսության ժամանակ օգնել է դպրոցին, որ երգչախումբ կազմեն: Մեկուկես ամսվա արդյունքն այնքան ակներև է եղել, որ վերածվել է մշտականի, իսկ մնացած առարկաների համար բավականին երկար են մասնագետներ փնտրել:   «Այսօր կայանալու է առաջին պատմության դասը, և այն դասավանդելու է դոկտոր Ժիրայր Քոչարյանը: Հետո հավանաբար կհրավիրենք նաև տիկին Հասմիկ Մելքոնյանին, մինչև Հայաստանից օգնություն կստանանք»,- ասում է Մ. Մինասյանը:   Յուրաքանչյուր աշակերտ ամսական մուծում է տասնհինգ եվրո: Այդ գումարը բավականացնում է միայն կոմունալ ծախսերի համար: Գրականությամբ և գրենական պիտույքներով ՀՀ սփյուռքի նախարարությունը դեսպանության միջոցով ապահովում է: Ոսուցիչները դժգոհում են հաճախակի բացակայություններից: Բացակայությունները, որ. դպրոցի տնօրենի համոզմամբ. հետաքրքրության կորստից է, փորձում են նվազագույնի հասցնել` նոր ծրագրերով համալրելով դասընթացը:   Մ. Մինասյանն ասում է, որ  ցանկանում են դպրոցների համակարգված ցանց ստեղծել ամբողջ Գերմանիայով մեկ:   «Սա շատ կարևոր հանգամանք է, որպեսզի նման դպրոցների կյանքերը կարճ չլինեն: Այժմ մենք տիկին Արմենուհու հետ քննարկում ենք այս հարցը: Նոր կազմակերպություն պիտի բացենք` «Եվրոպացի հայ մասնագետների ասոցիացիա» ՀԿ, կան հստակ ծրագրեր ու գործող անձինք, որ հայապահպանությունը շարունակվի»,- ասում է Միքայել Մինասյանը:   http://hetq.am/arm/news/21236/haykakan-dprocneri-hamakargvats-canc-germaniayum.html